Կուրբան Սայիդ
Երկար ժամանակ «Ալին և Նինոն» վեպը առաջին անգամ հրատարակվել է Վիեննայում 1937թ.: Հեղինակի ինքնությունը, որն իր համար ընտրել էր Կուրբան Սայիդ մականունը, հակասակն կարծիքների տեղիք էր տալիս: Հրատարկչական պայմանագիրը ստորագրել էր Կոմսուհի Էլֆրիդա Էհրենֆելսը, բայց անհավատալի էր, որ առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիների Բաքուն նկարագրող վեպը, որում մահմեդական մշակույթի այնքան մանրամասն ծանոթության հետքը կար, գրված լիներ նրա կողմից:
Վերջին շրջանի ուսումնասիրությունները հաստատել են, որ գիրքը գրել է Կոմսուհու ընկեր` գրող Լև Նյուսինբաումը, որ ադրբեջանական հրեա էր և ռուսական հեղափոխության օրերին փախել էր Բեռլին: «Ալին և Նինոն» մինչև այժմ հրարտարակվել է ընդհանուր 11 միլիոն օրինակ, թարգմանվել է 27 լեզուներով:
Անգլերենից թարգմանեց Նունե Աբրահամյանը
Մերը խառը խումբ էր` քառասուն աշակերտներով նստած էինք աշխարհագրության դասի Բաքվի Կայսերական Ռուսական Հումանիտար Բարձրագույն Քոլեջում` երեսուն մահմեդական, չորս հայ, երկու լեհ, երեք աղանդավոր և մեկ ռուս:
Մինչև այժմ մենք շատ առիթ չէինք ունեցել մտածելու մեր քաղաքի արտասովոր աշխարհագրական դիրքի մասին, բայց հիմա պրոֆեսոր Սանինը մեզ հետ այդ հարցն էր քննարկում իրեն հատուկ միօրինակ ու անտարբեր եղանակով. «Եվրոպայի բնական սահմաններն անցնում են հյուսիսում Բևեռային ծովով, արևմուտքում Ատլանտյան Օվկիանոսով, Հարավում` Միջերկրական ծովով: Եվրոպայի արևելյան սահմանն անցնում է Ռուսական Կայսրությունով` Ուրալյան լեռներով, Կասպից ծովով և Անդրկովկասով: Որոշ գիտնականների կարծիքով Կովկասյան լեռների հարավային մասը պատկանում է Ասիային, մինչդեռ ուրիշները կարծում են, որ նկատի առնելով Անդրկովկասի մշակութային էվոլյուցիան, այս տարածքը պիտի դիտարկվի որպես Եվրոպայի մաս: Ամեն դեպքում, զավակներս, պետք է ասեմ, որ նաև ձեզանից է կախված, թե արդյո՞ք մեր քաղաքը մաս կկազմի առաջավոր Եվրոպային, թե՞ հետադիմական Ասիային»:
Պրոֆեսորի շուրթերին կիսաինքնագոհ ժպիտ հայտնվեց:
Որոշ ժամանակ մենք լուռ նստած էինք` ճնշված իմաստնության այս զանգվածի ներքո և պատասխանատվության այս բեռի, որ հանկարծակի դրել էին մեր ուսերին:
Այդ ժամանակ Մեհմեդ Հայդարը, որ հետևի շարքում էր նստած, ձեռքը բարձրացրեց և ասաց.
-Ներողություն պարոն, լավ կլիներ մենք մնայինք Ասիայում:
Ծիծաղ պայթեց: Մեհմեդ Հայդարը երկրորդ տարին էր սովորում երրորդ դասարանում: Եվ թվաց. որ նա կարող էր մի տարի էլ սովորել նույն դասարանում, եթե Բաքուն մնար Ասիայում: Նախարարական դեկրետով Ռուսաստանի ասիական մասի բնիկներին թույլ էր տրվում ցանկացած դասարանը կրկնել անթիվ անգամներ:
Պրոֆեսոր Սանինը, որ Ռուսական Բարձրագույն դպրոցի ուսուցչի ոսկեզօծ համազգեստ էր կրում, հոնքերը կիտեց.
-Այսպես, Մեհմեդ Հայդար, դու ուզում ես ասիացի մնալ: Կարո՞ղ ես որևէ կերպ պատճառաբանել որոշումդ:
Մեհմեդ Հայդարը քայլ արեց դեպի առաջ, բայց ոչինչ չասաց: Նրա բերանը բաց էր, հոնքերը կնճռոտված, աչքերի մեջ դատարկություն էր: Ու մինչ չորս հայերը, երկու լեհերը, երեք աղանդավորներն ու մեկ ռուսը մեծ ոգևորություն էին ապրում նրա հիմարությունից, ես ձեռք բարձրացրի ու ասացի.
-Պարոն, ես էլ եմ ուզում մնալ Ասիայում:
Ալի Խան Շիրվանշիր: Դո՞ւ էլ: Շատ լավ, առա՛ջ արի:
Պրոֆեսոր Սանինն իր ստորին ծնոտը կախ գցեց և անիծեծ իր բախտը, որն իրեն նետել էր Կասպից ծովի այս ափը: Հետո կոկորդը մաքրեց և ճոռոմ տեսքով ասաց.
-Գոնե դու կարո՞ղ ես որևէ բացատրություն տալ:
-Այո, ես ավելի շատ սիրում եմ Ասիան:
-Սիրում ես, իրո՞ք: Իսկ դու եղե՞լ ես իսկապես հետամնաց երկրներում: Օրինակ` Թեհրանում:
-Այո, անցյալ ամռանը:
-Ահա: Եվ այնտեղ տեսե՞լ ես եվրոպական մշակույթի ձեռքբերումներից որևէ բան, օրինակ` ավտոմեքենա:
-Այո, շատ մեծ մեքենաներ: Դրանցով երեսուն կամ ավելի մարդ կարելի է տեղափոխել: Դրանք քաղաքի միջով չեն անցնում, այլ երկրի մի կետից մյուսն են գնում:
-Դրանք ավտոբուս են կոչվում, և օգտագործվում են սոսկ այն պատճառով, որ այնտեղ երկաթուղի չկա: Դա հետամնացության նշան է: Նստի՛ր, Շիրվանշիր:
Ես գիտեի, որ երեսուն ասիացիները հիմա ուրախանում էին հոգու խորքում, դա երևաց ինձ նայելու նրանց եղանակից: Պրոֆեսոր Սանինը ջղային լռություն էր պահպանում: Նրա գործը իր աշակերտներից լավ եվրոպացի սարքելն էր: Հանկարծ նա հարցրեց.
-Լավ, ձեզանից որևէ մեկը երբևէ Բեռլինում եղե՞լ է օրինակ:
Այդ օրը հաստատ Սանինի բախտը չէր բերում: Աղանդավոր Մակարովը ձեռքը բարձրացրեց և ասաց , որ ինքը եղել էր Բեռլինում շատ փոքր տարիքում: Նա շատ վառ հիշում էր բորբոսնած ու ուրվականներով լիքը Մետրոն, աղմկոտ երկաթգիծը և խոզապուխտով սենդվիչը, որ մայրն իր համար պատրաստել էր: Մենք երեսուն մահմեդականներով խորապես վրդովված էինք: Սայիդ Մուստաֆան նույնիսկ թույլտվություն խնդրեց դասարանից դուրս գալու, որովհետև խոզապուխտ բառից վատ էր զգացել: Սա Բաքվի ու նրա աշխարահագրական դիրքի մասին մեր վիճաբանության ավարտն էր:
Զանգը հնչեց: Թեթևացած` պրոֆեսոր Սանինը դուրս եկավ դասարանից: Քառասունս էլ դուրս վազեցինք: Մեծ դասամիջոցն էր, և երեք հնարավոր բան կար անելու. վազել դեպի բակ ու կռիվ սկսել կողքի դպրոցի աշակերտների հետ, որովհետև նրանց համազգեստի կոկարդներն ու կոճակները ոսկեզօծ էին, այնինչ մենք ստիպված էինք բավարարվել արծաթյա կոճակներով: Կարելի էր նաև իրար մեջ բարձրաձայն խոսել թաթարերեն, որովհետև ռուսները դա չէին հասկանում, և խստորեն արգելված էր: Բայց կարելի էր նաև փողոցն արագ անցնել և սողոսկել Սուրբ Թագուհի Թամարի անվան աղջիկների լիցեյ: Ես հենց դա որոշեցի անել: Աղջիկները զբոսնում էին այգում, զուսպ կապտագույն համազգեստներ և ճերմակ գոգնոցներ հագած: Հորաքրոջս աղջիկը` Աիշեն ինձ ձեռքով արեց: Նա քայլում էր ձեռք-ձեռքի տված Նինո Կիպիանիի հետ, և Նինո Կիպիանին աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն էր:
—
Մաթեմատիկայի գրավոր քննությունը լավ անցավ: Մենք երջանիկ զբոսնում էինք Նիկոլայի փողոցով, արդեն զգալով ազատության շունչը: Հաջորդ օրվա քննությունը ռուսերեն գրավորից էր: Թեմաները սովորության համաձայն գալիս էին Թիֆլիսից, կնքված փաթեթների մեջ: Տնօրենը կնիքը բացեց և հանդիսավոր կարդաց.« Տուրգենևի կանացի կերպարները որպես ռուս կնոջ մարմնավորում»: Քանի որ ես գնահատում էի ռուս կանանց, այդ քննությունը հաղթահարված էր: Ֆիզիկայի գրավորն ավելի դժվար էր: Բայց երբ գիտելիքը պակասություն էր անում, ծածկաթերթիկից արտագրելու արվեստն էր օգնում: Ուրեմն ֆիզիկայի հարցերն էլ լուծված էին, և հանձնաժողովը հանցավորներին մի օրվա հանգիստ տվեց: Հետո եկավ բանավորի ժամանակը: Այդտեղ արդեն պիտի հույսդ քեզ վրա դնեիր: Պիտի բարդ պատասխաններ տայիր պարզ հարցերին: Առաջինը կրոնի քննությունն էր: Մեր կրոնի դասատուն` մոլլան, որ սովորաբար հանգիստ նստում էր հետևում, այդ օրը հնկարծակի առջևում նստեց, երկար թափվող զգեստը հագին: Նա լավ էր վարվում իր աշակերտների հետ: Ինձ հարցրեց միայն հավատի հոդվածը և ինձ շատ լավ գնահատական դրեց այն բանից հետո, երբ ես խելոք տղայի պես կրկնեցի հավատի հայտարարության շիական տարբերակը. «Ուրիշ Աստված չկա Ալլահից բացի և Մուհամեդը նրա Մարգարեն է, իսկ Ալին նրա տեղակալը»: Այս վերջին հատվածը հատկապես կարևոր էր, քանի որ միակ բանն է, որը բարեպաշտ շիիթներին տարբերում է սուննիական հավատի մոլորյալ եղբայրներից, չնայած նույնիսկ նրանցից Ալլահը լրիվ չի վերցրել իր շնորհը: Մոլլան մեզ այսպես էր սովորեցրել, քանի որ նա լիբերալ հայացքների տեր մարդ էր:
Դրա փոխարեն մեր պատմության դասատուն բոլորովին լիբերալ չէր: Ես քաշեցի իմ հարցը. այնքան էլ լավ բան չէր ընկել: Ուսուցիչը կարդաց.«Մադաթովի հաղթանակը Շամխորում»: Ուսուցիչը ևս իրեն լավ չէր զգում. Շամխորի ճակատամարտում ռուսները դավաճանաբար սպանել էին հանրահայտ Իբրահիմ Խան Շիրվանշիրին` իմ նախապապին, որը մի օր Հասան Կուլի խանին օգնել էր կտրելու իշխան Զիզանաշվիլու գլուխը:
-Շիրվանշիր, դու իրավունք ունես մի ուրիշ հարց քաշելու:
Ուսուցչի տոնը մեղմ էր: Ես կասկածամտորեն նայեցի ապակե տարային, որի մեջ թղթի կտորներ կային, ու որոնց վրա հարցեր էին գրված բոլորի համար` վիճակախաղի նման: Ամեն աշակերտ իրավունք ուներ մի անգամ փոխելու իր հարցը, բայց կորցնում էր բարձր թվանշան ստանալու հնարավորությունը: Բայց ես չուզեցի բախտս փորձել: Նախապապիս մահվան մասին գոնե ամեն ինչ գիտեի: Իսկ ապակե ամանում այնպիսի խորհրդավոր հարցեր կային Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմի կամ Ամերիկայում քաղաքացիական պատերազմի պատճառների մասին: Ո՞վ էր ճանաչում դրանց: Ես գլխի շարժումով հրաժարվեցի: Եվ խոսեցի` այնքան քաղաքավարի, որքան որ կարող էի, Պարսկաստանի Աբբաս Միրզա իշխանի մասին, որը Թավրիզից դուրս եկավ քառասուն հազարանոց բանակով, որպեսզի ռուսներին դուրս քշի Ադրբեջանից: Եվ թե ինչպես ցարի հայ գեներալ Մադաթովը Շամխորում ընդառաջ եկավ նրան հինգ հազարանոց զորքով և կրակեց պարսիկների վրա, որոնք մինչ այդ երբեք չէին լսել հրացանի մասին, թե ինչպես Աբբաս Միրզա իշխանը իր ձիուց ցած ընկավ և սողաց դեպի խրամատը, թե ինչպես ամբողջ բանակը փախուստի դիմեց և Իբրահիմ Խան Շիրվանշիրը գերի վերցվեց և սպանվեց, երբ փորձում էր գետով փախչել մի խումբ ասպետների հետ:
-Հաղթանակը ոչ այնքան ռուսական զորախմբերի քաջության արդյունք էր, որքան Մադաթովի հրացանների տեխնիկական գերազանցության: Հաղթանակի հետևանքը Թուրքմենչայի հաշտության պայմանագիրն էր, որով պարսիկները համաձայնում էին տուրք վճարել, որի չափազանց բարձր գինը հինգ գավառ ավիրեց»:
Այսպես պատասխանելով ես միանգամից ի չիք դարձրեցի «քննությունը հանձնել է պատվով» գնահատականը:
Ես պիտի պատասխանած լինեի. «Հաղթանակը ռուսների մեծ քաջության արդյունքն էր, որի շնորհիվ փախուստի մատնեցին իրենցից ութ անգամ ավելի ուժեղ թշնամուն: Հաղթանակի արդյունքը Թուրքմենչայի հաշտության դաշնագիրն էր, որի շնորհիվ Պարսկաստանին հաջողվեց կապ հաստատել արևմտյան մշակույթի հետ և արևմտյան շուկաների»:
Բայց ես դեմ չեմ. նախնիներիս պատիվը ինձ համար այնքան արժի, որքան տարբերությունը «հանձնած»-ի և «պատվով հանձնած»-ի միջև:
—
Ես տուն գնացի: Հորեղբորս ներքինին, որ իմաստուն, մողեսի չորացած դեմք ուներ, քթի տակ ծիծաղեց. «Վրացի կանայք գեղեցիկ են, խան: Բայց չի կարելի նրանց այդքան բացահայտորեն համբուրել` հասարակական այգում, որտեղով այդքան մարդ է անցնում»: Ես քաշեցի նրա գունատ ականջը: Կարող է ուզածին չափ հանդուգն լինել: Նա չեզոք մարդ է, ոչ տղամարդ, ոչ կին: Ես գնացի հորս հետ խոսելու.
-Դու ինձ երեք ցանկություն հայտնելու հնարավորություն տվեցիր: Ես արդեն մի ցանկություն ունեմ. ուզում եմ այս ամառն անցկացնել Ղարաբաղում, մենակ»: Հայրս երկար նայեց ինձ, հետո գլխով նշան արեց` ժպիտը դեմքին:
—
Իսկապես զվարճալի էր տեսնել, թե այս ժողովուրդն ինչ հրաշալի ստեր կարող էր խոսել: Այնպիսի պատմություն չկար, որ չկարողանային հորինել իրենց երկիրը փառաբանելու համար: Հենց միայն երեկ, մի գիրուկ հայ փորձեց համոզել, որ Շուշիի քրիստոնեական եկեղեցին հինգ հազար տարեկան է:
-Էդպիսի անհավանական բաներ մի ասա,- ասացի նրան: Քրիստոնեական հավատը դեռ երկու հազար տարեկան էլ չկա: Անհնարին էր քրիստոնեական եկեղեցի կառուցել այն ժամանակ, երբ քրիստոնեությունը դեռ հորինված չէր:
Գիրուկը շատ վիրավորված էր և կշտամբանքով նետեց.
-Դու անկասկած կրթված մարդ ես: Բայց թույլ տուր ասեմ քեզ` ավագության իրավունքով. քրիստոնեական հավատը գուցե երկու հազար տարեկան է ուրիշ երկրներում: Բայց մեզ` Ղարաբաղի ժողովրդին Փրկիչն իր լույսը ցույց է տվել ուրիշներից երեք հազար տարի առաջ: Այդպես է:
Հինգ րոպե հետո այդ նույն մարդը եկավ ինձ ասելու, առանց աչքն իսկ թարթելու, որ Ֆրանսիական Գեներալ Մյուրատը Շուշիի հայ է եղել: Երեխա ժամանակ նա Ֆրանսիա է գնացել Ղարաբաղի անունը հայտնի դարձնելու համար:
—
Շուշին տարօրինակ քաղաք է: Այն լեռներում է, հինգ հազար մետր բարձրության վրա, շրջապատված անտառներով ու գետերով: Հայերը և մահմեդականներն այնտեղ խաղաղ ապրում են միասին: Հարյուրամյակաների ընթացքում այն կամուրջ է եղել կովկասյան երկրների, Պարսկաստանի և Թուրքիայի միջև: Տեղի ազնվականները` հայ նախարարներն ու մելիքները, մահմեդական բեկերն ու աղալարները տներ ունեն քաղաքը շրջապատող բլուրների և դաշտերի վրա: Հաճախ, մանկամիտ ու հավակնոտ ներշնչանքով նրանց ցեխոտ հյուղակները պալատներ են կոչվել: Այս ժողովուրդը երբեք չի հոգնում իրենց դռան աստիճանների վրա նստելուց, ծխամորճ ծխելուց և մեկը մյուսին պատմելուց, թե քանի քանի անգամ ռուսական կայսրությունը և հենց ցարն ինքը փրկվել են Ղարաբաղի գեներալների շնորհիվ, և թե նրանց ինչպիսի սարսափելի ճակատագիր բաժին կընկներ, եթե նրանց բախտը վստահվեր ուրիշ մեկին:
—
Արդեն հինգ օր էր, ինչ ժամանել էի Շուշի և սպասում էի Նինոյին: Բոլոր նրանք, ում հանդիպում էի այդ օրերին, ինձ պատմում էին, որ աշխարհի բոլոր հարուստ, քաջ և որևէ առումով հայտնի մարդիկ ծագում են Շուշիից:
—
Այդ ժամանակ նրանք ինձ պատմեցին Ղարաբաղի ձիու պատմությունը, Այս երկրում ամեն ինչ գեղեցիկ էր,-ասացին,- բայց ամենագեղեցիկ բանը Ղարաբաղի ձին էր, այն հայտնի նժույգը, որի համար Աղա Մուհամմեդը` Պարսից շահը պատրաստ էր իր ողջ հարեմը նվիրել .բարեկամներս չգիտեին, որ Աղա Մուհամմեդը ներքինի էր: Այս ձին, -ասացին,- գրեթե սուրբ էր: Հարյուրավոր տարիներ իմաստուն մարդիկ մտորել էին, համեմատել, մինչև ծնվել էր բուծման այս հրաշքը` աշխարհի լավագույն ձին` Ղարաբաղի հայտնի ազնվական շիկակարմիր նժույգը:
Այսքան բարձր գնահատականներ լսելով, հետաքրքրությունս շարժվեց և խնդրեցի, որ ինձ թույլ տան` տեսնեմ այս հիասքանչ ձիերից գոնե մեկին: Ուղեկիցս խղճահարությամբ վրաս նայեց. Ավելի հեշտ է Սուլթանի հարեմ սողոսկել քան Ղարաբաղի ձիերի ախոռ: Ամբողջ քաղաքում ընդամենը տասներկու իսկական շիկակարմիր նժույգ կա: Դրանց տեսնելը ձիագողության է հավասար: Միայն երբ պատերազմ է բռնկվում, տերը, հեծնում է իր շիկակարմիր հրաշքը:
Ստիպված էի բավարարվել այս առասպելական ձիու մասին հեքիաթներով:
—
Ես օպերան գերադասում եմ թատրոնից: Օպերայի պատմությունները համեմատաբար պարզ են, և դրանց մեծամասնությունն էլ հիմնականում հայտնի բաներ են: Ես դեմ չեմ երաժշտությանը, եթե այն շատ բարձր չի: Այնինչ թատրոնում երբեմն մեծ ջանքեր պիտի գործադրեմ հետևելու բեմի ողջ անցուդարձին: Երբ մթի մեջ փակում եմ աչքերս, հարևաններս կարծում են, թե հոգիս սուզված է երաժշտական օվկիանոսի կախարդանքի մեջ: Այս անգամ աչքերս բաց էին, Նինոն առաջ էր թեքվել և իր նուրբ պրոֆիլի հետևից ես տեսա առաջին շարքն ու մեջտեղում նստած գեր մարդուն ոչխարի աչքերով և փիլիսոփայական ճակատով` իմ հին ընկեր Մելիք Նախարարյանն էր: Նրա գլուխը շարունակ շարժվում էր երաժշտության ռիթմին համահունչ` Նինոյի ձախ աչքի և քթի արանքում:
-Նայիր, Նախարարյանն այնտեղ է,- շշնջացի ես:
-Բեմին նայիր, բարբարոս,- շշնջաց Նինոն ի պատասխան, բայց արագ հայացք նետեց գեր հային: Նա շրջվեց և բարեկամաբար գլխով արեց:
Ընդմիջման ժամանակ ես նրան հանդիպեցի բուֆետում, որտեղ Նինոյի համար շոկոլադ էի առնում: Նա եկավ նստեց մեր օթյակում` գեր, խելացի և մի քիչ ճաղատ:
-Քանի՞ տարեկան ես,- հարցրեցի:
-Երեսուն,-պատասխանեց:
Նինոն գլուխը բարձրացրեց.
-Երեսուն, ուրեմն քեզ այսուհետ չենք տեսնի քաղաքում, ենթադրում եմ:
-Ինչու՞, իշխանուհի:
-Քո տարիքային խումբն արդեն զորակոչվել է :
Նա բարձրաձայն ծիծաղեց, ու այդ ընթացքում աչքերը մի քիչ դուրս ընկան, ու ստամոքսը ցնցվեց.
-Դժբախտաբար, Իշխանուհի, չեմ կարող պատերազմ գնալ: Բժիշկս երիկամի անբուժելի էմֆիեմա է հայտնաբերել , ստիպված եմ մնալ այստեղ:
Հիվանդության անունը շատ էկզոտիկ հնչեց և ինձ ստիպեց մտածել ստամոքսի ցավի մասին: Նինոն աչքերը չռեց:
-Շա՞տ վտանգավոր հիվանդություն է,- հարցրեց կարեկցական տոնով:
-Նայած: Իր գործն իմացող բժշկի օգնությամբ ամեն հիվանդություն էլ կարող է վտանգավոր դառնալ:
Նինոն զարմացած ու զզվանքով նայեց նրան: Մելիք Նախարարյանը Ղարաբաղի ամենաազնվական ընտանիքից էր: Նրա հայրը գեներալ էր, ինքն էլ ցլի պես ուժեղ էր, առողջ` որքան որ հնարավոր էր, և չամուսնացած: Երբ դուրս էր գալիս մեր օթյակից, խնդրեցի ընթրել մեզ հետ: Նա քաղաքավարի շնորհակալություն հայտնեց և ընդունեց առաջարկս: Վարագույրը բարձրացավ, և Նինոն գլուխը դրեց ուսիս: Չայկովսկու հայտնի վալսի ընթացքում աչքերը բարձրացրեց դեպի ինձ ու շշնջաց.
-Նախարարյանի հետ համեմատած դու համարյա հերոս ես: Դու գոնե երիկամի հիվանդություն չես ձևացնում:
-Հայերն ավելի մեծ երևակայություն ունեն, քան մահմեդականները, փորձեցի արդարացնել Նախարարյանին:
Նինոյի գլուխը շարունակում էր ուսիս մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ հերոս տենոր Լենսկին քայլեց դեպի Օնեգինի հրացանը և սպանվեց. ասես դա պլանավորված լիներ: Հեշտ, նրբագեղ և կատարյալ հաղթանակ էր, ու մենք ստիպված էինք հիանալ դրանով: Նախարարյանը մուտքի մոտ սպասում էր: Նրա մեքենան շատ նրբագեղ և եվրոպական տեսք ուներ Շիրվանշիրների երկու ձիանոց կառքի կողքին: Սլացանք մեր քաղաքի մութ ծառուղիներով, անցանք մեր երկուսի դպրոցների կողքով: Գիշերով այդ հաստատությունները մի քիչ ավելի բարեկամական տեսք ունեին: Կանգ առանք Սիթիկլաբի մարմարյա աստիճանների մոտ: Վտանգավոր էր: Բայց երբ ուղեկիցներից մեկը կոչվում է Շիրվանշիր, իսկ մյուսը` Նախարարյան, իշխանուհի Կիպիանին չպիտի մտահոգվի Սուրբ Թամար թագուհու անվան Լիցեյի կանոնների և վարվելակարգի մասին:
Լայն տեռասը վառ լուսավորված էր սպիտակ լամպերով: Նստեցինք այն սեղանի մոտ, որ նայում էր նահանգապետի մութ այգուն, մեղմորեն առկայծող ծովին և Նարջին կղզու փարոսին: Նինոն և Նախարարյանը շամպայն էին խմում: Բայց աշխարհում ոչինչ, նույնիսկ Նինոյի աչքերը ինձ չէին ստիպի հրապարակայնորեն ալկոհոլ օգտագործել, և ես սովորությանս համաձայն կում էի անում իմ նարնջի հյութից: Երբ պարողների վեցհոգանոց խումբը մեզ ի վերջո հանգիստ թողեց, Նախարարյանը լուրջ և մտահոգ տոնով ասաց.
-Ահա մենք` կովկասյան երեք ամենամեծ ժողովուրդների ներկայացուցիչներս` վրացի, մահմեդական և հայ, որ ծնվել ենք նույն երկնքի տակ, նույն հողին, որ տարբեր ենք, բայց նաև նույնը, ինչպես Աստվածային երրորդությունը: Եվրոպացի ենք, բայց նաև Ասիացի, որ վերցնում ենք Արևելքից ու Արևմուտքից ու տալիս ենք երկուսին էլ:
-Ես միշտ կարծել եմ,- ասաց Նինոն,- որ պատերազմելը կովկասյան գիծ է: Բայց ահա իմ առջև նստած են երկու կովկասցի, որոնցից ոչ մեկը չի ուզում պատերազմ գնալ:
Նախարարյանը ներողամիտ հայացքով նայեց նրան.
-Մենք երկուսս էլ ուզում ենք պատերազմել, իշխանուհի, բայց ո՛չ մեկս մյուսիս դեմ: Մեր և ռուսների միջև բարձր պարիսպ կա: Այս պարիսպը Կովկասն է: Եթե ռուսները հաղթեն, մեր երկիրն ամբողջությամբ կռուսացվի: Մենք կկորցնենք մեր եկեղեցիները, մեր լեզուն, մեր ինքությունը, կդառնանք եվրո-ասիական ապօրինածիններ, փոխանակ այս երկու աշխարհների միջև կամրջի դեր կատարենք: Ով ցարի համար կռվում է, կռվում է Կովկասի դեմ:
Նինոյի շուրթերը արտաբերեցին այն, ինչ դպրոցում սովորեցրել էին իրեն.
-Պարսիկները և թուրքերը պատառ-պատառ էին անում մեր երկիրը: Շահը ավերեց արևելքը, իսկ Սուլթանը` արևմուտքը: Քանի՜ վրացի աղջիկներ գերեվարվեցին և ընդմիշտ փակվեցին հարեմներում: Ռուսները նույնիսկ սեփական կամքով չեկան: Մենք նրանց խնդրեցինք, որ գան: Գեորգի տասներկուերորդը կամավոր հրաժարվեց հօգուտ ցարի: «Մեր կայսրության արդեն անսահման տիրույթներն ընդլայնելու համար չէ, որ մեր հովանավորության տակ առանք Վրաստանի թագավորությունը»… չգիտե՞ք այս բառերը:
Անկասկած գիտեինք: Ութ տարի շարունակ դպրոցում այս բառերը համառորեն մեր գլուխն էին լցրել: Այս մանիֆեստը հարյուր տարի առաջ Ալեքսանդր առաջինը գրել է մեզ համար: Թիֆլիսում այն կարելի էր տեսնել բրոնզե հուշատախտակի վրա: «Մեր կայսրության արդեն անսահման տիրույթներն ընդլայնելու համար չէ, որ մեր հովանավորության տակ առանք…» Նինոն այնքան էլ սխալ չէր: Արևելքի հարեմները լիքն էին գերեվարված քրիստոնյա կանանցով, կովկասի փողոցները լիքն էին քրիստոնյաների դիակներով: Ես իհարկե կարող էի պատասխանել.«Ես մահմեդական եմ, դու քրիստոնյա ես, դու մեզ տրվել ես Աստծո կողմից որպես օրինական ավար»: Բայց ես լռեցի սպասելով Նախարարյանի պատասխանին:
-Այո, տեսնո՞ւմ ես, իշխանուհի, ով մտածում է քաղաքականության թեմաներով, պետք է երբեմն անարդարացի լինի, երբեմն անիրավացի նույնիսկ: Ես ընդունում եմ, որ ռուսները խաղաղություն են բերել այս երկիր: Բայց մենք` կովկասցիներս այժմ կարող ենք այդ խաղաղությունը պահել առանց նրանց: Նրանք ասում են իբր մեզ պաշտպանում են մեկիս մյուսիցս, որ դրա համար են ռուսական զորքերն այստեղ, ռուսական քաղաքացիական ծառայողներն ու կառավարիչները: Բայց իշխանուհի, հարցրու ինքդ քեզ. պետք ունե՞ս պաշտպանվելու ինձանից: Ես պե՞տք է պաշտպանվեմ Ալի Խանից: Այսօր բոլորս խաղաղ նստած չէի՞նք Փեշապուրի ջրհորի մոտ : Անկասկած անցել են այն ժամանակները, երբ կովկասի ժողովուրդները պիտի Պարսկաստանին նայեն որպես թշնամու: Թշնամին հյուսիսում է և այդ թշնամին փորձում է մեզ համոզել, որ մենք երեխաներ ենք, ու մեկիս մյուսիցս պաշտպանելու անհրաժեշտություն կա: Բայց մենք այլևս երեխաներ չենք, մենք հասունացել ենք համարյա նույն ժամանակում:
-Դրա համա՞ր է, որ պատերազմ չեք գնում,- հարցրեց Նինոն:
Նախարարյանը չափից դուրս շատ շամպայն էր խմել:
-Միայն դրա համար չէ: Ես ալարկոտ եմ և սիրում եմ հարմարավետությունը: Իսկ ռուսների դեմ քեն ունեմ, որովհետև նրանք բռնագրավել են հայկական եկեղեցու ունեցվածքը, հետո էլ` այստեղ ավելի լավ է, քան խրամատներում: Իմ ընտանիքը չափից շատ բան է արել պատվի համար, ես հեդոնիստ եմ:
-Ես այլ կերպ եմ մտածում,-ասացի: Ես հեդոնիստ չեմ և սիրում եմ պատերազմը:
-Դու երիտասարդ ես, բարեկամս,- ասաց Նախարարյանը և նորից բարձրացրեց բաժակը: Նա շարունակեց խոսել էլի երկար ժամանակ, և հավանաբար շատ խելացի բաներ էր ասում: Երբ պատրաստվում էինք տուն գնալ, Նինոն համարյա համոզված էր նրա ասած ճշմարտացիության մեջ: Մենք գնացինք Նախարարյանի մեքենայով:
-Այս հիասքանչ քաղաքը, ասաց նա քշելու ընթացքում, Եվրոպայի դարպասը… Եթե Ռուսաստանն այդքան հետադիմական չլիներ, մենք արդեն եվրոպական երկիր դառած կլինեինք:
Ես ուրախ մտածեցի աշխարհագրության դասի երջանիկ օրերիս մասին և բարձրաձայն ծիծաղեցի: Երեկոն շատ լավ անցավ: Բարի գիշեր ասելու ժամանակ, ես համբուրեցի Նինոյի աչքերն ու ձեռքերը, մինչ Նախարարյանը նայում էր ծովին: Հետո մենք ուղղվեցինք դեպի Զիզանաշվիլու դարպաս… ավելի արագ, քան մեքենան կարող էր գնալ: Այս պարսպի հետևում Ասիան էր:
-Ամուսնանալո՞ւ ես Նինոյի հետ,-վերջին բանն էր, որ հարցրեց Նախարարյանը:
-Ինշալլահ, եթե Աստված կամենա:
-Դու ստիպված կլինես շատ դժվարություններ հաղթահարել, բարեկամս: Եթե օգնության կարիք ունենաս, ես քո տրամադրության տակ եմ: Ես լրիվ կողմ եմ մեր ժողովուրդների առաջին ընտանիքների իրար մեջ ամուսնությանը: Մենք պիտի իրար հետ լինենք:
Ես ջերմորեն սեղմեցի նրա ձեռքը: Այս ամենը ցույց էր տալիս, որ աշխարհում իսկապես պարկեշտ հայեր կային: Եվ այս միտքն իրոք որ վրդովեցուցիչ էր:
—
Հաջորդ օրերին ամբողջ գոյությունս պտտվում էր հեռախոսի սև տուփի շուրջը: Այս տգեղ գործիքն իր մեծ կեռ խոսափողով հանկարծ կարևորագույն նշանակություն էր ձեռք բերել: Ես ամեն օր նստում էի տանը և ինչ-որ անհասկանալի բան էի փնթփնթում, երբ հայրս ինձ հարցնւմ էր, թե ինչու եմ ուշացնում առաջարկություն անելը: Ժամանակ առ ժամանակ սև մարդակերը ազդանշան էր տալիս, ես բարձրացնում էի լսափողը և Նինոն ճակատամարտի վայրից հաղորդում էր. «Ալի դո՞ւ ես, լսիր. Նախարարյանը նստած է մամայի հետ, խոսում է նրա պապի` Իլիկո Ճավճավաձեի պոեմների մասին»:
Մի քիչ հետո էլի. «Ալի, լսո՞ւմ ես: Նախարարյանն ասում է, որ Ռուսթավելիի և Թամարի ժամանակաշրջանը մեծապես ազդվել է պարսկական մշակույթից»: Հետո էլի. «Ալի խան, Նախարարյանը պապայի հետ թեյ էր խմում ու ասաց` այս քաղաքի հմայքը ազգերի և ժողովուրդների միջև խորհրդավոր կապի մեջ է»: Կես ժամ հետո. «Նրանից իմաստնություն է ծորում, ինչպես կոկորդիլոսից արցունքներ: Նա ասաց, որ Խաղաղ Կովկասի ընթացքը կոփվում է Բաքվի զնդանում»: Ես ծիծաղեցի և վայր դրեցի լսափողը:
Եվ այսպես շարունակվում էր: Նախարարյանը ուտում էր, խմում էր, նստում էր Կիպիանիների հետ: Նրանց հետ էքսկուրսիաներ էր գնում, խորհուրդներ էր տալիս, երբեմն գործնական, երբեմն` միստիկ: Ես հետևում էի հայկական խորամանկության այս ցույցին. « Նախարարյանն ասում է, որ լուսինն առաջին դրամն էր: Ոսկի մետաղադրամները և նրանց ուժը ժողովրդի վրա կովկասցիների և իրանցիների լուսնի պաշտամունքի արդյունքն է: Ալի Խան, ես այլևս չեմ կարող տանել այս անհեթեթությունը: Արի այգի:
Մենք հանդիպեցինք հին ամրոցի պատի մոտ: Նա արագ-արագ ինձ պատմեց, թե ինչպես մայրն իրեն աղերսել էր կյանքը չվստահել վայրի մահմեդականին, թե ինչպես հայրը կատակով իրեն զգուշացրել էր, որ ես նրան հաստատ հարեմ կմտցնեմ, և թե ինչպես ինքը` փոքրիկ Նինոն ծիծաղել էր ու միաժամանակ զգուշացրել ծնողներին. «Սպասեք, կտեսնեք, որ ինձ կփախցնի: Ի՞նչ կանեք այդ ժամանակ»: Ես շոյեցի նրա մազերը: Ես ճանաչում էի իմ Նինոյին: Նա միշտ հասնում է իր ուզածին, եթե հաստատ գիտի, թե ինչ է ուզածը: «Այս պատերազմը մի քսան տարի կարող է շարունակվել,-բողոքեց նա,-դաժանություն չէ՞, որ ուզում են մեզ ստիպել, որ այդքան երկար սպասենք»:
-Ինձ այդքան շա՞տ ես սիրում, Նինո:
Նրա շուրթերը դողացին: «Մենք իրար ենք պատկանում: Ծնողներս այդ ամենը բարդացնում են: Բայց ես պիտի ծեր ու ծեծված լինեի այս քարի նման, որպեսզի ուզենայի զիջել: Եվ բացի այդ, իսկապես սիրում եմ քեզ: Սակայն վայ քեզ, եթե ինձ փախցնես»:
Հետո նա լուռ էր, որովհետև հնարավոր չէ համբուրվել և խոսել միաժամանակ: Նա գաղտագողի տուն վերադարձավ և հեռախոսը նորից զնգաց. «Ալի խան, Նախարարյանն ասում է, որ իր հորեղբոր տղան Թիֆլիսից հայտնել է, թե նահանգապետը խառն ամուսնությունների կողմնակից է: Նա կոչ է անում որ արևելքում արևմտյան մշակույթ ներմուծվի: Կարո՞ղ ես դա հասկանալ»: Ոչ, չէի կարող:
—
Նորից հեռախոսազանգ. «Դո՞ւ ես: Նրանք ժամեր է, ինչ զրուցում են քաղաքականությունից և տնտեսությունից: Նախարարյանն ասում է, որ նախանձում է մահմեդականներին, քանի որ նրանք ազատ են ներդրումներ անելու պարսկական կալվածքներում: Ով գիտի, թե ինչ կպատահի Ռուսաստանին: Իսկ եթե հանկարծ ամեն ինչ ջու՞րն ընկնի: Միայն մահմեդականները կարող են հող գնել Պարսկաստանում: Ինքը հաստատ գիտի, որ Գիլջանի կեսը Շիրվանշիր ընտանիքին է պատկանում: Անկասկած Ռուսաստանում սպասվելիք փոփոխությունների դեմ ամենալավ ապահովագրությունն ուրիշ երկրներում կալվածքներ գնելն է: Ծնողներս սարսափելի տպավորված են: Մաման ասում է, որ մահմեդականների մեջ էլ քաղաքակիրթ մարդիկ կան»:
Եվս երկու օր և հայկական ճակատամարտը հաղթանակով ավարտվեց:
Նինոն ծիծաղում և լաց էր լինում հեռախոսափողի մեջ.«Ծնողներս օրհնում են մեզ: Ամեն»:
—
Նախարարյանն իր մեքենայի մեջ ինձ էր սպասում, երբ տնից դուրս եկա: Նրա դուրս ընկած աչքերն ինձ նշան արեցին:
-Նախարարյան, գոռացի,- քեզ Դաղստանում մի գյո՞ւղ պիտի տամ, թե՞ Պարսկական շքանշան կամ էլ Էնզելիում նարնջի այգի:
Նա ուսս թփթփացրեց.
-Ոչ մեկը, ոչ մյուսը: Երջանիկ եմ, որ մեկի ճակատագիրը փոխել եմ: Ինձ դա հերիք է:
Ես երախտագիտությամբ նայեցի նրան: Մենք մեքենայով ուղղվեցինք քաղաքից դուրս, դեպի Բիբի-Էյբաթի ծովածոց, որտեղ սև հաստոցները տանջահար էին անում նավթով ողողված հողը: Նոբելի հաստատությունները միջամտում էին բնապատկերի գծագրությանը, ինչպես Նախարարյանը միջամտել էր իմ ճակատագրին: Ծովի մի ահագին մաս ափից հեռու էր քշվել: Նոր բացված հողն այլևս ծովի մաս չէր կազմում, բայց դեռևս ծովափ էլ չէր: Այնինչ գործարարությունից լավ գլուխ հանող մեկն արդեն փոքրիկ թեյարան էր կառուցել նոր ազատված հողի վրա, որքան հնարավոր է հեռու, և այդտեղ նստեցինք Քյաչտա թեյ խմելու, աշխարհի ամենալավ թեյը, ալկոհոլի նման թունդ: Անուշահոտ ըմպելիքից հարբած, Նախարարյանը ասում էր, որ թուրքերն ուզում են գրավել Ղարաբաղը, խոսում էր Փոքր Ասիայում հայերի ջարդերի մասին: Ես համարյա չէի լսում:
-Մի վախեցիր, ասացի,- եթե թուրքերը Բաքու գան, քեզ կթաքցնեմ իմ տանը:
-Չեմ վախենում,-ասաց Նախարարյանը:
—
Նինոն ինձ մոտ եկավ, իմաստության բեռի տակ հառաչելով, ձեռքերս շոշափեցին նրա ողորկ մաշկը, աչքերը խորունկ էին, լցված տարօրինակ վախով: Հորեղբորս աղջիկը` Աիշան ինձ ասել էր, որ լիցեյի ուսուցիչները, լուռ զսպվածությամբ, մեկը մյուսի հետևից «հանձնած» էին նշանակել ապագա տիկին Շիրվանշիրի քննական թերթիկում: Երբ ես ու Նինոն քայլում էինք փողոցով, նրա դպրոցական ընկերուհիները հայացքը չէին կտրում մեզանից, մինչև անհետանայինք տեսադաշտից: Մենք գնում էինք Սիթիկլաբ, թատրոն, պարահանդեսների, շատ հազվադեպ էինք մենակ լինում: Մեր ընկերները շրջապատում էին մեզ բարության բարձր ու ըմբռնող պատնեշի նման: Իլյաս Բեգը, Մեհմեդ Հայդարը, նույնիսկ բարեպաշտ Սայիդ Մուստաֆան ուղեկցում էին մեզ: Նրանք միշտ չէ, որ համաձայնում էին իրար հետ:
Երբ մի օր Նախարարյանը` հարուստ ու գեր, իր շամպայնը կում-կում խմելով խոսում էր Կովկասի ժողովուրդների փոխադարձ բարեկամության մասին, Մեհմեդ Հայդարի դեմքը մթագնեց, ու նա ասաց.
-Ես կարծում եմ, պարոն Նախարարյան, որ չարժե դրա համար անհանգստանալ: Պատերազմից հետո ամեն դեպքում շատ քիչ հայեր մնացած կլինեն:
-Բայց Նախարարյանը կլինի մնացած քչերից մեկը,- գոռաց Նինոն:
Նախարարյանը լուռ խմում էր իր շամպայնը: Խոսում էին, որ նա իր փողը տեղափոխում է Շվեդիա: Ինձ դա ամեն դեպքում չէր հետաքրքրում:
Երբ Մահմեդ Հայդարին խնդրեցի մի քիչ բարեկամաբար վարվել Նախարարյանի հետ, նա հոնքերը կիտեց ու ասաց.
-Ես տանել չեմ կարողանում հայերին, Աստված գիտե, թե ինչու:
—
Մի օր հայրս ասաց.
-Գիշերը մնա տանը, Ալի խան: Մարդիկ են գալու և կարևոր բաներից ենք խոսելու:
Նա մի քիչ տարօրինակ կերպով ասաց դա, մի կողմ նայելով: Ես հասկացա ու ասացի ձեռք առնելու պես.
-Դու ինձ չստիպեցի՞ր երդվել, որ քաղաքականությամբ չզբաղվեմ, հայրիկ:
-Սեփական ժողովրդի մասին մտածելը անպայմանորեն քաղաքականություն չի նշանակում: Տարբեր ժամանակներ կան: Երբ այդպիսի ժամանակ է գալիս, ամեն մեկի պարտքն է սեփական ժողովրդի մասի մտածելը:
Ես Նինոյի հետ պայմանավորվել էի այդ երեկո օպերա գնալ: Շալյապինը պիտի երգեր որպես հրավիրյալ երգիչ, և Նինոն վաղուց սպասում էր այս օրվան: Ես զանգահարեցի Իլյաս Բեգին.
-Իլյաս, այս գիշեր զբաղված եմ: Կարո՞ղ ես Նինոյին օպերա տանել, տոմսերն ունեմ:
Հաստատուն մի ձայն պատասխանեց.
-Ի՞նչ ես ասում: Գիտես, որ չեմ կարող ուզածս անել: Այս գիշեր ես ու Մեհմեդ Հայդարը հերթապահության ենք:
Զանգահարեցի Սայիդ Մուստաֆային.
-Կներես, բայց իսկապես չեմ կարող: Ժամադրություն ունեմ հայտնի մոլլա Հադշի Մադշուդի հետ: Նա Թեհրանից ընդամենը մի քանի օրով է եկել: Զանգեցի Նախարարյանին: Նրա ձայնը մի քիչ շփոթված էր.
-Իսկ ինչո՞ւ դու չես գնում, Ալի Խան:
-Մենք հյուրեր ունենք:
-Որպեսզի ծրագրեք, թե ինչպես եք կոտորելու բոլոր հայերի՞ն: Ես չպիտի գնայի թատրոն այս օրերին, երբ իմ ժողովուրդն արյունաքամ է լինում: Բայց քանի որ դու ես խնդրում և Շալյապինն էլ իսկապես հիասքանչ երգիչ է:
Վերջապես: Իսկական ընկերը նեղության մեջ է ճանաչվում: Ես Նինոյին տեղյակ պահեցի ու մնացի տանը:
—
Սայիդ Մուստաֆան ներս ընկավ սենյակ: Նրա չալման մի կողմի վրա էր թեքվել` փայլատակող ճակատն ի վար: Ընկավ բազկաթոռին և շնչասպառ էր լինում.
-Նախարարյանը Նինոյին փախցրել է: Կես ժամ առաջ: Նրանք Մարդակջանիի ճանապարհին են:
—
Մեհմեդ Հայդարը թռավ ոտքի: Աչքերը փոքրացել էին.
-Գնամ ձիերին թամբելու,-ու դուրս վազեց:
Արյունը բաբախում էր գլխիս մեջ, ականջներիս մեջ աղմուկ կար, ու անտեսանելի մի ձեռք կարծես փայտով հարվածում էր գլխիս:
Հեռվից լսվեց Իլյաս Բեգի ձայնը.
-Պատրաստ է, Ալի Խան, պատրաստ: Սպասիր մինչև բռնենք դրանց:
Նրա նեղ ճակատը կատարյալ գունատ էր: Մի գոտի կապեց մեջքիս. Կովկասյան ուղիղ դաշույն էր կախված վրայից:
-Ահա,-ասաց ու ձեռքիս մեջ ռևոլվեր դրեց ու նորից. -Պատրաստ է, Ալի Խան: Կատաղությունդ պահիր Մարդակջանիի ճանապարհի համար: Մեխանիկորեն զենքը դրեցի գրպանս: Սայիդ Մուստաֆայի ծաղկատար դեմքը մոտեցավ ինձ, տեսա, թե ինչպես էին հաստ շուրթերը շարժվում ու լսեցի կոտրատված բառեր.
-Ես տանից դուրս եկա իմաստուն մոլլա Հադշի Մադշուդին հանդիպելու: Այդ իմաստունի վրանը թատրոնի կողքին է: Տասնմեկին դուրս եկա մոտից: Մեղավոր այդ ներկայացումը հենց նոր ավարտվել էր: Տեսա, թե ինչպես Նինոն մեքենա նստեց Նախարարյանի հետ: Բայց մեքենան չէր շարժվում: Նախարարյանի դեմքի արտահայտությունն ինձ դուր չեկավ: Ավելի մոտ գնացի և լսեցի: «Չէ»,-ասում էր Նինոն,- ես նրան սիրում եմ»: «Ես քեզ ավելի շատ եմ սիրում»,- ասաց Նախարարյանը,- այս երկրում քարը քարը վրա չի մնալու: Ես քեզ կփրկեմ Ասիայի մագիլներից»: «Չէ, ասաց Նինոն,-ինձ տար տուն»: Նա մեքենան միացրեց: Ես թռա մեքենայի հետևը: Հասան Կիպիանիների տուն: Այլևս չկարողացա լսել, թե ինչ էին խոսում ողջ այդ ժամանակ: Տան մոտ մեքենան կանգ առավ: Նինոն լաց էր լինում: Հանկարծ Նախարարյանը գրկեց նրան ու համբուրեց: «Դու չպիտի այդ վայրենիների ձեռքն ընկնես»,- գոռաց և ինչ-որ բան շշնջաց: Ես միայն վերջը լսեցի. «…իմ տանը` Մարդակջանիում… Կամուսնանանք Մոսկվայում, այնտեղից կգնանք Շվեդիա»: Տեսա, որ Նինոն նրան մի կողմ հրեց: Այդ ժամանակ շարժիչը նորից միացավ. ես թռա ու ինչքան կարող էի արագ վազեցի այստեղ:
Նա նախադասությունը չավարտեց, կամ գուցե ես չլսեցի մինչև վերջ: Մահմեդ Հայդարը ներս խուժեց ու գոռաց. «Ձիերը պատրաստ են»: Մենք վազեցինք դեպի ձիանոց: Լուսինը փայլում էր ձիերի վրա, որ կանգնած էին` ոտքերը դոփելով ու մեղմորեն խրխնջում էին:
-Ահա,-ասաց Մահմեդ Հայդարը:
Ես նայեցի ձիուն ու ապշեցի.
Ղարաբաղի շիկակարմիր հրաշքը` հրամանատարի` Մելիքովի ձին էր, որից ողջ աշխարհում ընդամենը տասներկու հատ կար: Մեհմեդ Հեյդարի դեմքը մռայլ էր.
-Հրամանատարը կխելագարվի: Իրենից բացի ոչ ոք չի հեծել այս ձիուն: Նա քամու պես է վարգում: Չխնայես կենդանուն: Դրանց բռնելու ենք:
Ցատկեցի թամբին: Մտրակս հազիվ դիպավ հիասքանչ կենդանու կողին: Հսկա մի ոստյուն և ես արդեն զորանոցից դուրս էի եկել: Մենք սլացանք ծովի երկայնքով: Ատելությունից այրվելով` ես շարունակում էի հարվածել ձիուն: …Թվում էր որ լսում էի նրանց խոսակցության ամեն մի բառը: Հանկարծ կարողացա հետևել օտար մտքերի ընթացքին. Էնվերը կռվում է Փոքր Ասիայում: Ցարի գահը վտանգված է: Մեծ Դուքսը հայկական զորախմբեր ունի իր բանակում: Եթե ճակատը ճեղքվի, Օսմանյան բանակը կասպատակի Հայաստանը, Ղարաբաղը և Բաքուն: Նախարարյանը արդեն տեսնում է հետևանքները: Դրա համար էլ ոսկու ձուլակտորները, հայկական ծանր ոսկին ուղարկում է Շվեդիա: Սա Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ավարտն է: Թվում էր, որ նրանց տեսնում էի թատրոնի օթյակում. «Իշխանուհի, Արևելքի և Արմուտքի միջև կամուրջ չկա»: Նինոն չի պատասխանում, բայց լսում է:«Մենք պիտի իրար հետ լինենք, քանի որ Օսմանյան սուրը մեր գլխին է կախված: Մենք Եվրոպայի դեսպաններն ենք Ասիայում: Ես քեզ սիրում եմ , Իշխանուհի: Մենք իրար ենք պատկանում: Կյանքը պարզ ու հեշտ է Սթոքհոլմում: Այնտեղ Եվրոպան է, Արևմուտքը»: Ու ես նորից լսում եմ նրան, կարծես կանգնած լինեի այնտեղ. «Քարը քարի վրա չի մնալու այս երկրում»:
Եվ վերջը. «Դու ինքդ պիտի որոշես քո ճակատագիրը, Նինո: Պատերազմից հետո Լոնդոնում կապրենք: Ներկայացված կլինենք Արքունիքում: Եվրոպացին պիտի իր կյանքի տերը լինի: Ես Ալի Խանին շատ եմ հարգում: Բայց նա բարբարոս է, անապատի հավիտյան գերին»:
Ես մտրակեցի ձիուն: Վայրի մի ճիչ: Այսպես ոռնում է անապատի գայլը, երբ տեսնում է լուսնին, բարձր, ողբալի մի ճիչ: Ամբողջ գիշեր այդ աղաղակն է: Ես ավելի առաջ եմ թեքվում: Կոկորդս ցավում է: Ինչո՞ւ եմ գոռում Մարդակջանիի գիշերային արահետի վրա: Պիտի պահեմ կատաղությունս: Կտրող քամին հարվածում է դեմքիս: Դրանից են արցունքներս հոսում, ընդամենը: Ես չեմ գոռում, նույնիսկ այն ժամանակ, երբ հանկարծակի իմացել եմ, որ Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ չկա, նույնիսկ սիրո կամուրջը: Ժպտացող, լուսաշող վրացական աչքեր: Այո, ես անապատի գայլերից եմ, թուրքական գորշ գայլերից: Շատ լավ պլանավորել էին, չէ՞: «Մենք ամուսնանում ենք Մոսկվայում , այնտեղից գնում ենք Շվեդիա»: Հյուրանոց Սթոքհոլմում, տաքուկ ու մաքուր, ճերմակ սավաններով: Վիլլա Լոնդոնում: Վիլլա՞: Դեմքս դիպչում է շիկակարմիր կաշվին: Հանկարծ կծում եմ կենդանու վիզը: Բերանս լցվում է արյան աղի համով: Վիլլա՞: Նախարարյանը Մարդակջիում վիլլա ունի, ինչպես բոլոր հարուստ բաքվեցիները: Մարմարակերտ, օազիսի մրգատու ծառերով շրջապատված, ծովին մոտ: Մեքենան ինչքա՞ն արագ կարող է գնալ և որքա՞ն սրընթաց է Ղարաբաղի նժույգը: Ես գիտեմ վիլլան: Մահճակալը կարմիր փայտից է, կարմիր ու լայն: Սպիտակ սավաններ, ինչպես Սթոքհոլմի հյուրանոցում: Ողջ գիշեր փիլիսոփայությունից չեն խոսելու: Նա պիտի… անկասկած նա պիտի: Ես տեսնում եմ մահճակալը և վրացական աչքեր, տարփանքով ու վախով շղարշված: Ատամս խորը խրվում է ձիու մսի մեջ: Հիասքանչ կենդանին առաջ է սուրում: Առաջ: Առաջ: Կատաղությունդ պահիր մինչև բռնենք դրանց, Ալի Խան: Մարդակջանիի ճանապարհը նեղ է: Հանկարծ սկսում եմ բարձր ծիծաղել: Ինչ հրաշալի է, որ մենք Ասիայում ենք, վայրի, հետադիմական Ասիայում: Այստեղ արևմտյան մեքենաների համար ողորկ ճանապարհներ չկան, այլ քարքարոտ արահետներ Ղարաբաղի նժույգների համար: Այս ճանապարհների վրա մեքենան որքա՞ն արագ կարող է գնալ, ու որքա՞ն արագ կսլանա Ղարաբաղի նժույգը: Ճանապարհի եզրերից սեխերն ինձ են նայում, ասես դեմքեր ունենան: «Շատ վատ ճանապարհ է,-ասում են սեխերը,- անգլիական մեքենաների համար չեն: Միայն Ղարաբաղի նժույգ հեծնողների»:
—



(4.67 out of 5)
2 Comments
բա հետո ի նչ եղավ:
Հետաքրքիր է: Կցանկանայի կարդալ ամբողջը: