ՑԱՎԻ ԳՈՒՅՆԸ [en]


Ներկայացված է Ինքնագիր մրցանակին

Նաիրա Փիրումյան

ՑԱՎԻ ԳՈՒՅՆԸ

Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան պարոնայք:

Կան միայն հայեր, որ ապրում են երկրի վրա: Եւ Ամերիկա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա: Միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:

Վիլյամ Սարոյան

Ֆրեզնոյի  հարուստ,  կանաչների  մեջ  կորած  հայաշատ  թաղամասերից մեկում`  Եդեմում,  արդեն  կես  դար, իր  երկհարկանի  ու  գեղեցիկ  տանն  էր  ապրում  Արաքս  Բաբայանը:

Կինն  ապրել  ու  ապրում  էր  միայնակ…

Այդ   առավոտ,  հազիվ  բացելով   անքնությունից  ծանրացած  կոպերը. լուսադեմին   էր  միայն  կարողացել  աչք  փակել,  բերանի  մեջ  չորություն  զգալով`   ձեռքը  մեկնեց   և  վերցրեց  մահճակալի  մոտ,  փոքրիկ  սեղանին  դրված  բաժակը:  Բաժակը  դատարկ  էր:

-Լյուսի~,-  կանչեց  կինը:

-Դուք  արթնացե՞լ եք,  տիկին  Արաքս,- սենյակ  մտնելով  և  մոտենալով  պառկած  կնոջը,  հարցրեց  Լյուսին:

-Ծարավ  եմ,  ջուր  բեր,  աղջիկս:

-Հիմա:

-Գիշերը  լավ  չքնեցի,  հիմա  էլ  ինձ  վատ  եմ  զգում: Երեկ  դրսում  երկար  մնացի,  մրսեցի  հավանաբար:  Երբեմն մոռանում  եմ,  որ  արդեն  ծեր  եմ,  էլ  առաջվանը  չեմ.  մի  թեթև  քամի  ու  անկողնում  եմ,-  ջուրը  խմելով   և   բաժակը  մեկնելով  աղջկան, ասաց  կինն ու ավելացրեց,- ապրես: Իսկ  հիմա  տրորիր  խնդրում  եմ  ձեռքերս,  մատներս  այնքան  են  թմրել, որ չեմ զգում նրանց:

Աղջիկը  մի  կողմ  դնելով  ձեռքի  բաժակը, իր  ափի  մեջ առավ  ծերացած  ձեռքն ու  սկսեց  մերսել  նախ  մեկը,  հետո`  մյուսը: Երբեմն-  երբեմն  հայացքը  գցելով  կնոջ  դեմքին` նա շարունակում  էր մերսել  արդեն  չորացած,  ոսկրոտ  ձեռքերը` մատների  ծայրերից  մինչև  դաստակներն  ու  մտովի  խոսում. «Որքա~ն  մաշված  ու  ծերացած  են  նրանք: Տեսնես  ինչե՞ր  ունեն  իրենց  մեջ  պահած  այս  ափերը»:

Իսկ  երբ  ավարտեց  գործը,  կնոջ  ձեռքերը  զգուշությամբ  դրեց  վերմակի  տակ  և  մեղմորեն  հարցրեց.

-Հիմա  լա՞վ  եք  զգում  ձեզ:

-Համեմատաբար` այո: Ապրես: Ի՞նչ կանեի  առանց  քեզ,  իմ  հեզ  ու  բարի  աղջիկ,- հարցրեց  ծեր  կինը:

-Մեկ  ուրիշին  կգտնեիք,-  ծիծաղելով պատասխանեց  աղջիկը:

-Մեկ  ուրիշի՞ն,  չէ~: Քո  նմանին  չէի  գտնի: Եթե ջահել լինեի, հեշտ  կլիներ, բայց  առաջացած տարիքս, տեսածս  ու ապրածս  ինձ շատ են  փոխել…

-Ես  գոհ  եմ, որ  հենց  ձեզ  մոտ  եմ  աշխատում, ձեզ  նման  կնոջն  օգնում:

Ի՞նչ  է  տեսել  ու  ապրել, մտածեց  աղջիկը,  բայց  ոչինչ  չհարցրեց: Իսկ  Արաքսն ի պատասխան  նրա  բարձրաձայն խոսքի,  միայն  ժպտաց,  այլևս  ոչինչ  չասաց:  Որքա~ն  կյանք  կա  այս  աղջկա  մեջ,  որքան  ուրախություն…Ինքն  այս  տարիքում  տխուր  հիշողություններով  ու  դառնությամբ  էր  լցված  դեպ  աշխարհը…

Արաքսն ութսունին  մոտ  էր  ու  թեպետ  տարիները  սրբել  ու  տարել  էին  նրա  դեմքից  երիտասարդությունը,  միևնույնն  է,  նայելով  նրան,  կասեիր` անցյալում  գեղեցիկ  կին  է  եղել: Դիմագծերի  համաչափությունը,  աչքերի  մեջ  դեռևս  պահպանված  փայլը,  խոսում  էր  երիտասարդ  տարիների  նրա  հմայքի  ու  գեղեցկության  մասին:  Բայց  այդ  գեղեցկության  տակ  մի  անտեսանելի  թախիծ  էր  քողարկում: Դա  էր  պատճառը, որ  նա  իր  շրջապատին  արտաքուստ  թվում  էր  սառն  ու  անտարբեր: Հավանաբար դա  նրա  միայնակ  մնալու  պատճառներից  մեկն  էր…

-Այսօր  ինձ  չե՞ն  զանգել,- մի  փոքր  անց,  հարցրեց Արաքսը:

-Զանգել են:

-Իսկ Սուրե՞նը:

-Նա առավոտ վաղ զանգեց: Ասացի` դեռ  քնած  եք: Նա էլ  թե` երբ քույրս արթնանա  կասեք, որ  երեկոյան  կողմ  կհանդիպեմ:

-Սուրենը, սիրելի  եղբայրս…-ինքն  իրեն  մրմնջաց  Արաքսն  ու  փակեց աչքերը:

-Տիկին  Արաքս,  դուք ուտել  չե՞ք ուզում,- քիչ  անց, հարցրեց աղջիկը:

-Սուրճ  բեր  միայն:

-Մի՞գուցե  ուտեք, հետո` սուրճ:

-Ուտել  դեռ  չեմ  ուզում, ավելի  լավ  է  սուրճս  բեր,- ձայնը  մի  փոքր  բարձրացնելով, ասաց  կինը:

-Լավ,-պատասխանեց աղջիկն ու հեռացավ:

Երբ  եղբայրը  եկավ,  քույրը  համեմատաբար  լավ  էր  զգում  իրեն:  Նա անկողնուց  վեր  էր  կացել,  հագնվել,  հարդարվել.  սպասում  էր  եղբորը:

-Քույրս,  ի՞նչ  է  եղել  քեզ:  Գույնդ  փոխված  եմ տեսնում, – համբուրելով  քրոջ  այտը,  հարցրեց  Սուրենը:

-Բան չկա,  պարզապես  մի  փոքր  տկար  էի  ինձ  առավոտից  զգում:

- Չգիտեմ – չգիտեմ,  քեզ  լավ  նայիր:  Մեր  տարիքի  մարդիկ  շատ  շուտ  են հիվանդանում,  իսկ  դա  արդեն  վտանգավոր  է,- ասաց եղբայրն  ու  նստեց  քրոջ մոտ` բազմոցին:  Սկսեցին խոսել առօրյա  անցուդարձից,  եղանակից.

-Հաճելի եղանակներ  են  դրսում:  Դու  պետք  է  շատ  լինես  մաքուր  օդում:  Քայլիր  այգում`  ծառայող աղջկադ  հետ:  Տանն աշխատիր  քիչ  լինել,- խորհուրդ տվեց եղբայրը:  Հետո էլ թե`  իսկ  գո՞հ  ես  այդ  աղջկանից:

-Այո:  Հասկացող աղջիկ  է:  Մի  քանի  օր  է,  որ  աշխատում  է,  բայց  նույն  բանը  երկրորդ  անգամ  դեռ  չեմ  կրկնել:  Զարմանալի է,  որ  ամեն  ինչ  այդքան  արագ  է  ըմբռնում: Որտեղի՞ց  գտար  նրան,-  ժպտալով  հարցրեց  քույրը:

-Ընկերոջս  գրասենյակում  գրանցված,  ծառայություն  փնտրող  աղջիկների  ցանկում  եմ նրա  անունը գտել: Ասեմ  նաև, որ աղջիկը  սովորում  է,  ապագա  փաստաբան  է:  Ընկերս  ինքն  էլ  խորհուրդ  տվեց   նրան  վերցնել:  Ասաց,  որ  հարցազրույցի  ժամանակ  հասկացող  ու  բարի  անձ   է  թվացել: Իսկ  աղջիկը  քեզ ասել է՞,  որ  մորական կողմից  նրա  մեծ  մայրը  հայուհի  է,- հոնքերը  բարձրացնելով,  հարցրեց  Սուրենը:

-Ոչ,  չի  ասել: Մի օր  անպայման կասի,-ժպտաց  Արաքսն ու  կանչեց,-  Լյուսի~,  մեզ  սուրճ  ու  աղանդներ  բեր:

Եղբայրը  քրոջից  մեծ  էր  երկու տարով,  բայց  ամուր  կազմվածքը,  բարձր  հասակը  և  շարժումների  սահունությունը,  ցույց  չէին  տալիս  պատկառելի  տարիքը:  Հայացքը  թանձր  էր,  խիստ:  Կզակը  ամուր,  ոսկրոտ:  Դա  խոսում  էր  նրա  բնավորության  հաստատկամության  ու  խստության  մասին:

Առաջին  հայացքից  քույր  ու  եղբայր   նման  չէին  միմյանց:  Բայց  ուշադիր  նայելով,  կտեսնեիր  մի  յուրահատուկ  գիծ,  որ  հատուկ  է  միայն  Բաբայանների  ընտանիքին:  Ձախ  հոնքից  վերև, ասես  հատուկ  գծված  մի  գիծ  էր  բարձրանում  դեպի  ճակատը  և  կորչում  մազերի  արմատների  մեջ:  Որտեղ  էլ  նրանց   սերունդները  լինեն,  ապրեն,   գիծն  անփոփոխ  է: Այդ  գիծը  Բաբայաններինն  է:

-Իսկ  դու  ինչպե՞ս  ես,-  հարցրեց քույրը:

-Վատ  չեմ: Դեռ պինդ  եմ,- ծիծաղելով պատասխանեց  Սուրենը:

-Լավ  է,  ուրախ  եմ  քեզ  համար,  գոնե  դու  ամուր  եղիր,- ասաց քույրը:

-Դե  հասկանում  ես,  այժմ,  երբ  Վաղարշակն  է  գործի  գլուխ  անցել,  ես  հանգիստ  եմ: Պատկերացնո՞ւմ  ես,  այգեգործությամբ  եմ  սկսել  զբաղվել:

-Գովելի  է  շատ,- բռնելով  եղբոր  ամուր  ու  մեծ  ձեռքը, ժպիտով  ասաց  քույրը:

-Գիտե՞ս,  մեր  եղբայր  Ֆուադ -Գրիգորը  մեկ  ամիս  առաջ  Բիթլիսի կողմերն    էր  մեկնել  իր  առևտրային  գործերով: Խնդրել  էի,  երբ  գնաս`  ինձ   խաղողի  տնկիներ  բեր:  Բերեց:  Հիմա  էլ   ամբողջ  օրը  դրանցով  եմ  զբաղված:  Դու  չես  կարող  պատկերացնել,  թե  ի~նչ  յուրահատուկ  են  էդ  տնկիներն  ու  որքան  են  տարբեր  տեղի  տեսակներից.  ավելի  հաստ  են  ու  ճկուն,- ոգևորված  ասաց   Սուրենը:

-Այո՞:  Չգիտեի,  ոչինչ  չես ասել  տնկիներիդ  մասին  և  ոչ  էլ Գրիգորն  է  ինձ ասել, որ  Բիթլիս  է  մեկնելու: Հիմա  ինձ  ոչ  ոք  ոչինչ  չի  ասում: Է~հ,  ծերացել եմ,  դա  է  պատճառը:

-Այդպես  մի  ասա: Հիմա արդեն  իմացար,  չէ՞ քույրս,-  այդ  դիմելաձևը`  քույրս,  գալիս  է  փոքրուց,  Սուրենն  այն  երբեք  չփոխեց:

-Բիթլիսի  անունը  լսելով,  հուզվում  եմ:  Որքան  փոքր  էի,  երբ  հեռացանք,  բայց  մեկ  է, կուզեի,  գոնե  մե’կ  անգամ  մահից  առաջ  գնալ  հայրենի  քաղաքը,   մեր  ծնողների  ու  մեծ  հայրիկ -մայրիկի  ապրած  տունը  տեսնել:  Հալեպն ավելի  լավ  եմ  հիշում,  բայց  արի  տես,  Բիթլիսն  եմ  կարոտում,- ասաց Արաքսն  ու  աչքերը  լցրեց:  Մտքով`  հուշի  թևով,  թռավ  հեռու,  շատ  հեռու,  դեպի  մանկություն…

-Ի՞նչ  տուն, ինչե՞ր  ես  խոսում…-նախատող տոնով  հարցրեց  եղբայրը: Չէր ուզում քույրը  նեղսրտի:  Հուզվե՞լ  այնտեղ  թողած  ու  թաղած մանկության  համար:  Չէ~,  թույլ չի  տա…

-Գրիգորն ինձ  կտաներ,  եթե  առողջությունս  ներեր:  Թեպետ  հիմա  նեղսրտեցի,  որ  գնացել-եկել է  ու  ինձ  ոչինչ  չի  ասել,- ասաց Արաքսը:

Ամեն  անգամ  քույր  ու  եղբայր  իրար  տեսնելով,  խոսում  էին  հայրենիքի,  հայրական  տան  մասին: Ու  այդպես`  քանի~ տարի…

-Հասկացիր, տուն չկա’: Քրդեր են վաղուց այնտեղ  ապրում: Հայկական  ոչինչ  չի  մնացել այնտեղ: Հայերեն  միայն  հինավուրց  քարերն  են  իրար  հետ  խոսում: Օտարի  շունչն  է  այնտեղ: Ավերված  է  երկիրը:  Մեր  եղբոր  ասելով  Բիթլիսն  այժմ  արևելյան մի մեծ շուկա  է` անշուք  ու կեղտոտ  տեսքով: Իսկ  բերդը  սկսել  է  փլվել: Բաղնիքներից  էլ, ինչպես ինքն  է ասում, միայն  կամարաձև  սյուններն  են  մնացել,- ծանր հոգոց  հանելով,  տխուր  դեմքով, բացատրում էր  Սուրենը: Գրիգորը  շատ  էր  լսել  Բաղեշի  գեղեցկության  ու  ճարտարապետության  մասին:

-Միևնույնն  է, կուզեի  գնալ ու վերջին անգամ  տեսնել: Այն մե’ր հայրենիքն է:

Տիրեց  ճնշող  լռություն: Այն  խախտում էր միայն սուրճի բաժակի ձայնը, երբ  ամեն ումպից հետո դրվում էր ափսեի  մեջ:

-Հալեպից  հեռանալն  էլ  դժվար  էր,-կամաց  ասաց  Սուրենը:- Երբ  Ֆրեզնո էինք գալիս,  ինձ  թվում  էր  որոշ  ժամանակ  անց, նորից  կվերադառնանք  Հալեպ,  մայրիկի  մոտ: Այդ  էր  պատճառը,  որ  Հալեպը  միշտ  ինձ  համար  մնաց  մայրիկի  ծոցի  նման տաք ու թարմ:

-Մոտ օրերս ուզում եմ մեր մեծ հայրիկի ու մայրիկի գերեզման այցի գնալ: Երևի կիրակի էլ պատարագի լինեմ  Սուրբ  Երրորդություն  եկեղեցում:  Կուղեկցե՞ս  ինձ, – շեղվելով  ցավոտ  թեմայից,  հարցրեց  քույրը:

-Հետաքրքիր է, այժմյան եկեղեցին շա՞տ է տարբեր նախկինից,-անսպասելի հարցրեց Սուրենը:

-Դա ինչո՞ւ ես հարցնում,-խիստ զարմացած հարցրեց քույրը:

-Պարզապես ուզում եմ իմանալ,-ժպիտով պատասխանեց եղբայրը:-Ասում են, մինչ այրվելը, հին Սուրբ Երրորդությունն ավելի գեղեցիկ է եղել:

-Մի՞գուցե… Հիմա ոչ ոք չի հիշի հինը, որքան գիտեմ տասնչորս թվին է այրվել:

Քույր ու եղբայր հաճախ  էին  այցի  գնում  մորական  կողմից  մեծ  հայրիկի  ու  մայրիկի  գերեզմանը: Այդ  մարդիկ  թաղված  էին «Արարատ»  գերեզմանատանը:  Այնտեղ  գնալով  հարգում  էին  նաև  օվկանոսի  այն  կողմում անգերեզման  մնացած  հոր` Վաղարշակի  և  Հալեպում  թաղված  մոր` Սաթենիկի  ու  մեկ այլ  հարազատ  մարդու` ազգությամբ  արաբ,  Մուստաֆայի  սուրբ  հիշատակը:

-Իհարկե,  դու  միայն  օր  առաջ  ինձ  տեղյակ   պահիր,  ես  կգամ քեզ հետ,-համաձայնվեց  Սուրենը: Դեռ  փոքր  տարիքից  իրեն ավագ  զգալով,  մի  առանձնահատուկ  հոգատարություն  էր  տածում  դեպի  Արաքսը: Տարիները   չփոխեցին  ոչինչ  նրա  և  քրոջ  մեջ` սեր  ու հարգանք  միայն:  Նախանձելի  հարազատներ  էին,  մյուս  բաեկամներին,  շրջապատին  գեղեցիկ  օրինակ:

Մորական կողմից  նրանք  ունեին  երեք  եղբայր  և  երկու  քույր:  Ու  չնայած  հորից  տարբեր  էին,  բայց  շատ  սիրով  էին  ու  անշուշտ`  կապված:

- Մի  մեծ  ու  գեղեցիկ  ընտանիք  ենք,- ասում  էին  Սաթենիկ  Բաբայանի  բոլոր  յոթ  երեխաները,  երբ  հավաքվում  էին  իրենց  ընտանիքներով  Արաքսի  տանը`  այս  կամ  այն  տոնի առիթով: Այս երեխաներից  միայն  Արաքսը   չամուսնացավ,  իր  օջախը  չունեցավ, բայց  նրա  տունը  մյուսների համար դարձավ  հայրական տուն, հարազատ  բույն: Մի՞գուցե  դա  էր  պատճառը, որ  բոլորի  հարգանքն ու սերն  առանձնահատուկ  էր իրենց քրոջ հանդեպ:

-Մեր  քույրն  ու  մայրն  է մեր Արաքսը…-ասում  էին  նրանք:

-Արաքս,  անուշիկ  քույրս,  պետք  է  գնամ: Մի  քանի  օրից   նորից  քեզ  մոտ  կլինեմ,- ասաց  եղբայրն  ու  խոնարհվելով  դեպի  քույրը, հրաժեշտի  համբույր   թողեց  ճակատին: Ու հենց  այդ  պահին, սենյակի  անկյունում, փոքրիկ  սեղանին  դրված մի  հին  ու մաշված  տիկնիկ  նկատեց:

-Սա  ի՞նչ  տիկնիկ  է,-  անչափ  հետաքրքրված,  հարցրեց  եղբայրը:  Քույրը  միայն  տխուր  ժպտաց.

-Չե՞ս  հիշում…

-Մի՞թե  սա  այն  տիկնիկն է…- ու  այդ  պահին  ինչոր  բան  հեռվից,  ասես  հուշի  թեւով  եկավ   ու  նստեց  Սուրենի   գլխում:

-Այո:  Հայրիկի  նվիրած  տիկնիկն  է:  Մի  շաբաթ  առաջ  եմ  գտել,  հին  իրերի  մեջ:  Իսկ  ինձ  թվում  էր,  կորցրել եմ:   Երբ   նավով  գալիս  էինք  տիկնիկն  իմ  գրկին  էր:  Հիշեցի՞ր…

-Տեսա  ու  հիշեցի:  Հիշեցի,  ինչպես  տիկնիկը  ձեռքին  հայրիկը  ժպիտով  տուն  մտավ:  Հիշեցի  քո  ուրախությունը,  ճիչը…Այս  անշունչ  տիկնիկը  մեջս   միանգամից  մեր  հեռու  օրերի,  մեր  ընտանիքի  ուրախ  պատկերները  կենդանացրեց:  Բիթլիսը  եկավ  աչքիս  առաջ, մեր  տունը,  հայրիկն  ու մայրիկը,  – տխուր,  շփոթված,  ասաց  Սուրենը:

-Այո:  Իսկ  ես  որքան եմ ափսոսում, որ այդ  բոլորը շատ ու շատ աղոտ  եմ  հիշում…- ասաց  կինը: Նրա  ծերացած  այտերով  սկսեցին  հոսել  արցունքի  փոքրիկ  առվակներ: Հետո  սրբելով  աչքերը, Արաքսը  մոտեցավ  ու  վերցրեց  տիկնիկը,  սեղմեց  չորացած  կրծքին: Այն  իրոք  շատ  էր  մաշված,  նախկինում  ունեցած  նոր  ու  գեղեցիկ  ժանեկազարդ  հագուստները  պատռված  ու  գունաթափված  էին  այժմ: Տիկնիկի  գեղեցիկ,  մարմարե  դեմքն  ու  վերջույթները  մաշվել  էին  ժամանակների  մեջ:  Բայց  միեւնույնն  է, այն  սիրելի  էր ծեր կնոջը, քանի որ  հիմա  իր  ու  Սուրենի  մանկության  միակ  վկան  էր  իրենց   կորցրած  Բիթլիսից: Ու այն էլ` ինչպիսի~ մանկության…անչափ  փոքրիկ:

-Հիշիր,  բայց  մի  տխրիր  այդքան…Ես  գնում  եմ:  Իսկ  կիրակի  առավոտ  ինձ  սպասիր  ու  քեզ  էլ  լավ  նայիր,- արագ-արագ  ասաց  Սուրենն  ու  դուրս  եկավ  սենյակից:

Թվաց, ինչ որ մեկը  բռնել  էր  կոկորդից  ու  խեղդում  էր,  շունչը  կտրվում  էր: Նույն  սենյակում, հուշերի  հետ  չէր  կարող  այլևս  մնալ…Նրան  օդ  էր  պետք:

Բայց  արդեն ուշ  էր, հուշերը   թռել` եկել  էին…

Նա   Ֆրեզնո  էր  եկել  տաս  տարեկանում,  իր  ութամյա  քրոջ հետ:  Այստեղ  մեծ  հայրիկի  ու  մայրիկի  սիրո  ու  գուրգուրանքի  մեջ  մեծացան  իրենք: Անցավ  մանկությունը,  պատանեկությունը:  Բայց  վաղ  մանկության  տեսածն  ու  ապրածն  իրենց  սիրելի  Բիթլիսում` մնաց  երեխաների  հոգիներում,  չջնջվեց, այլ տարիների  հետ  ավելի ու ավելի  խտացավ ու տխուր կերպար ստացավ:

Այժմ էլ հաճախ,  առանց  դուռը  զարկելու,  հուշերը  ներ  էին  խուժում  Սուրենի  մաշված  ու  ծերացած  հոգին  ու  տակնուվրա  անում  ամեն  ինչ: Ի՞նչ  են  ուզում: Ի՞նչ  են  փնտրում  նրանք  իր  մեջ: Ե՞րբ  են  հանգիստ  թողնելու: Գոնե  մահից  առաջ,  այս  ծեր  տարիքում`  կարո՞ղ  է  մի  փոքր  ազատ  ապրել. հուշերից  հեռո~ւ, կտրվա~ծ…

-Սրտիս  մեջ  այնքան  չթափված արցունք  կա,-  հիշելով  մեծերից  մեկի խոսքերը,  կամաց  կրկնեց  Սուրենը,  հետո շարունակեց  ի’ր  միտքը,- հետո  էլ այդ նույն արցունքը կարծրացավ, քար  դարձավ: Իսկ  քա՞րը,  քարը  ճնշում  է հոգիս  ու  դեռ  որքա~ն կճնշի…

Արտաքուստ  կենսուրախ,  պինդ,  կոճղի  նման  ամուր  տղամարդը  կուչ  էր  եկել  փողոցում: Նայեց  քրոջ  տան  կողմը:  Միայն  թե քույրը   չնկատեր  իր  տեսքը.  մեղք  է Արաքսը: Հետո  անհանգստությունից  այնքան  հարցեր  կտա: Ո՞ր  մեկի  պատասխանը  ճիշտ  ասեր  ինքը: Ասեր, որ հուշերն անդադար հետապնդում են իրեն, որ  անգամ  գիշերը հանգիստ  քուն  չունի: Չէ~…

-Ա~խ,  այդ  տիկնիկը,  հոգուս  կեղևված,  արյունոտ  վերքը  փորփրեց  ու  բացեց: Հուշերի  մի  հսկայական կտավ  բացեց`  տարբեր  գույներով  ու  կերպարներով: Հայրիկս,  իմ  սիրելի  հայրիկը… – մտքով ավելի հեռուն թռչելով,  մրմնջաց  Սուրենը:  Միշտ  ուզում  էր  հորը  հիշել  ուրախ,  կենսախինդ  տեսքով,  ինչպես  իրականում  նա  կար,  բայց  հոգում  մեխվել  է  ընդմիշտ  վերջին  պահին  տեսածը.  թուրքերի  ուղեկցությամբ  գնում  էր  հայրը, անորոշությամբ  ու  տխրությամբ  լի  հայացքով`  ուղղված  տան  կողմը…Այդ  նույն  ժամանակ  իրենք պատուհանից  թաքուն  հետևում  էին  հորը…

Սուրենը   մտածեց  տուն  վերադառնալ,  բայց  տնեցիներին   չէր  ուզում  երևալ  այս  տեսքով: Թող իր ցավը միայն ինքը քաշի: Հետո դիմելով  իր ետևից  եկող վարորդին, ասաց.

-Մի փոքր քայլել եմ ուզում, իսկ  դու պարզապես քշիր իմ ետևից:

-Ա~խ  այդ  տիկնիկը… -նորից  մրմնջաց  նա:  Տիկնիկի  հետ  մեկ  այլ  հուշ եկավ  ու  թառեց  իր  հոգում…Վերհիշեց  մեծ  հորն ու նրա  պատմությունից  պատառիկներ, այն պատմությունից, որից ինքն արդեն վաղուց գիշեր թե ցերեկ լսում էր:

-Ձագս,  Բիթլիսն  ուրիշ  աշխարհ  էր  էս  մեծ  աշխարհի  մեջ:Նրա  հողի  նման  հող  չկա  ոչ  մի  տեղ: Այնքան  քաղցր,  որ  նրա  մեջ  աճած  մրգի  քաղցրությունից  շուրթերդ  կպչում  էին իրար, թվում էր  անուշ  շաքար ես  բերանդ առնում:  Ֆրեզնոյի  ջուրն  ու  միրգն  էլ  պակաս  քաղցր  չէ,  բայց  է’ն  համն  ու բույրը, որ  ուներ  Էրգրինը` չե’ս  գտնի  աշխարհի ոչ  մի տեղ:

Հիշիր  պատմությունս,  ձագս,  մի  մոռացիր  և  երբ  մեծանաս` դու էլ քո  ձագուկներին փոխանցիր:

Երբ  մեծ  հայրը` Հովսեփը,  պատմում  ու նկարագրում  էր Բիթլիսը, իրենք  արդեն  Ֆրեզնոյում  էին, մայրիկից  հեռու: Բիթլիսում  շատ  բան  տեսած և ապրած Հովսեփի  պատմածը  ժապավենի նման պտտվում  էր  փոքրիկ տղայի  գլխում:

-Ավելի  լավ  է, մի  տեղ նստեմ. ոտքերիս  հոգնություն եկավ,-  ինքն իրեն ասաց  նա  ու  իր  ետևից  եկող  վարորդին  ձեռքով  ցույց  տալով,  թե  ուր  է  գնում`  մտավ  բացօթյա  մի  սրճարան:  Եղանակը  հաճելի  էր:  Շուրջը   խաղացող  թեթև  քամին  տարուբերում  էր  նրա  ալեխառն  ու  խիտ   մազերը:  Սրճարանում  շատ մարդ  չկար:  Երիտասարդ  մի  զույգ  էր,  որ  քիթ-քթի  տված  զրուցում  էր  ու  մի  կին,  իր  փոքրիկի  հետ: Փոքրիկն  ուտում  էր,  իսկ  մայրը`  սիրառատ   հայացքով  նայում  էր  ու  հարցեր  տալիս:  Երեխան առանց  կտրվելու  ուտելիքից,  թշիկները  լցնելով,  գլխով   պատասխանում  էր  մորը:

Հիշեց   իր  մորը` Սաթենիկին…

Սուրենը  սառույցով  վիսկի  պատվիրեց  ու  ձեռքի  մեջ  պտտելով բաժակը` նայեց  փողոցով  քայլող  անցորդներին:

Նրանցից  ամեն  մեկն  ի’ր  պատմությունն  ունի:  Հետաքրքիր  է,  նրանց  էլ  է՞   իրենց  անցյալն  այսպես  պինդ  բռնել,  ինչպես  իրեն  իր  անցյալը:  Նրանցը  հավանաբար  գունավոր  է, որ հեռանալով  ավելի  է  հյութեղ  դառնում: Իսկ  իրենը  սև  է: Ինչո՞ւ  չեմ  կարող  ետ  բերել  անցյալում  ունեցածս  ու  սևի  հետ  գոնե  մի  փոքր  վառ  գույներ  խառնել:  Լավ,  իրենը  փոխեց,  իսկ  մյուսների՞նը,   այն  հազարավոր  երեխաներինը,  որոնք  ընդհանրապես մանկություն  չտեսան:

Իրենք  մեծ  հայրիկ  ու  մայրիկ  ունեին  հեռավոր  Ֆրեզնոյում, կարողացան  գալ  ու  ապրել: Լավ  կրթություն  ստանալ: Դրամ  աշխատել  և  մեծերի  ստեղծածը  կրկնապատկել  ու  եռապատկել:

-Բիթլիսի  վիլայեթը ,-շարունակում  էր  հիշել  մեծ  հոր  պատմությունը  Սուրենը,-  գտնվում  է Վանա  լճից  հարավ արևմուտք: Տավրոսյան  լեռնաշղթան  վիլայեթը  բաժանում  էր  երկու  մասի: Նրա  հարավային  մասով  հոսում  էր  Տիգրիս  գետի  մի  ճյուղը, իսկ  հյուսիսայինով` Եփրատի  մի  ճյուղը: Աշխարհագրական կազմությամբ  այն  մի  հետաքրքիր  պատկեր  էր  իր  հսկա  լեռնաշղթաներով,  խոր  ձորերով և  միմյանց  հաջորդող  դաշտավայրերով: Ինքը`  քաղաքը,  գտնվում  էր  մի  գեղեցիկ  ձորի  մեջ  ու  նրա  լանջերին: Գարնանն  ու  աշնանը  տեղացած  առատ  անձրևներից  ու ամռան  տաք  արևից, բերի  հողում  գցած ամենափոքրիկ  հատիկն  անգամ  չէր  կորչում,  ծլում  ու  բազմանում  էր: Ցորենի  արտերն  ու մրգառատ այգիները քաղաքի  զարդն էին:

-Ձագս,  ուզում  եմ  այս  բոլորը  լավ  հիշես:  Թող  պատմությունս  զուր  չանցնի…- շարունակում էր պատմությունը  մեծ  հայրիկը:-  Որքա~ն  շատ  էին  մեր  քաղաքում  եկեղեցիները,  գիտե՞ս:  Շուկայից  մի  նեղ ճանապարհ  էր  բարձրանում  դեպի  ձախ: Այդ  ճանապարհը  գնալով լայնանում  էր:  Դա  Յախսըզ  փողոցն  էր,  մեր  փողոցը,  բավականին  երկար  մի  փողոց:  Իսկ  թաղը  կոչվում  էր  Էրկիզան`  թաղված  հարուստ  բուսականության  մեջ,  զարդարված  պտղատու  ծառերով:  Հենց   փողոցի  վերջում  էր  գտնվում  Կարմրակ  Սուրբ  Նշան  եկեղեցին: Ես  ու մեծ  մայրիկդ  ավելի հաճախ  այնտեղ  էինք  գնում, աղոթում` հոգեկան  մխիթարություն  ու  հանգստություն  գտնում: Այդ  եկեղեցում  ենք  ախր  մենք  պսակվել:  Քեզ  ու  քրոջդ` Արաքսին  էլ  են  ծնողներդ  այնտեղ  կնքել…Չես  հիշի,  փոքր  ես  եղել:

-Ոչ,  հիշում  եմ:  Հիշում  եմ,  ինչպես  լողացրեց  տեր  Վահանը  մեզ,-  ինքն  իրեն  խոսեց  Սուրենը:

-  Իսկ  գիտե՞ս, թե  ինչպես է մնացել եկեղեցու  անունը` Կարմրակ  Սուրբ  Նշան,-շարունակում  էր  մեծ հայրը:- Դարեր  առաջ  է  եղել  դա: Նոր-նոր  պետք  է  եկեղեցու  քարերը  դրվեին: Մի  առավոտ  վարպետները  գործի  ժամանակ  նկատում  են  եկեղեցու  հիմքում  մի  փոքրիկ,  անօգնական, ամբողջությամբ  սպիտակ, բայց  ճակատին  սև  նշանով  գառնուկ: Այդ  անմեղ  արարածին  տեսնելով,  վարպետներից  մեկը   գոռում  է.

-Նշանը,  նշանը…

Ու  այդպես  էլ  մնում  է  եկեղեցու  անունը`  Նշան:  Իսկ  Կարմրակ  անունը  ստացել  է  կարմիր  սրբատաշ  քարերի  համար:

Բաղեշը  հին  է  իր  գոյությամբ  ու  պատմությամբ: Նրա  շուրջը  կարելի  էր  տեսնել անցյալի  բեկորներ`  վկաներ, միջնադարյան  ճարտարապետության  կոթողներ: Մի  ինքնակամ  փոքրիկ  աշխարհ  էր, բազում  ճանապարհների  խաչմերուկ: Ահա  այսպիսինն  էր  մեր  Բաղեշը,  ձագս…

Ինչ-որ  մեկն  ընդհատեց  Սուրենի  միտքը:  Մատուցողն  էր.

-Պարոն,  ձեզ  էլի  վիսկի  բերեմ:

-Ոչ,- կտրուկ ասաց  Սուրենը:  Նեղսրտեց,  որ  իրեն  կտրեցին  իր  թեկուզ  տխուր,  բայց  հարազատ  ու  հեռավոր  մտքերից:  Հետո  նայեց  ժամացույցին  ու  ասաց,- տուն  գնալուս  ժամն  է,  կանհանգստանան,  ուշացա:

-Հայրիկ,  ինչո՞ւ  ուշացար,-  դռների  մեջ  հորը  տեսնելով,  անհանգստացած  հարցրեց  Վաղարշակը,- զանգեցի,  հորաքույրն ասաց,  որ  վաղուց  ես  դուրս  եկել  իր  տնից: Հավանաբար անհանգիստ  է  հիմա:

Տղան  նման  էր  հորը,  բայց  ավելի  գեղեցիկ  ու  առնական:  Սև  աչքունք,  կարճ  ու  խնամքով  կտրած  մազեր  և  անշուշտ`  ճակատին  Բաբայաններին  հատուկ  գիծը: Այժմ  նա  է  կանգնած «Բաբայան  գորգ»  ընկերության  գլուխ:

-Զանգիր  հորաքրոջդ  և  ասա,  որ  արդեն  տանն  եմ, թող չմտահոգվի ուշանալուս համար,-  ասաց  Սուրենն  ու  գնաց  դեպի  իր  աշխատասենյակ,  որը  հիմա  ավելի  շատ տղային  է  ծառայում,  քան  իրեն: Դուռը  ծածկեց  ու  նստեց   բազկաթոռին: Սենյակը  մութ  էր:

Երբ  փոքր  էր,  վախենում  էր  ջրից  ու  մթությունից,  բայց  հայրիկը  սովորեցրեց  նրան  թե մեկին,  թե  մյուսին: Հայրը  հրաշալի  լողորդ  էր:

-Մթության մեջ,  ոչինչ  չկա: Այ,  լույսը  վառեմ  ինքդ  կհամոզվես:  Տես,  նույն  իրերն են, նույն  պատերն ու առաստաղը  և  վերջապես  մենք` ես  ու դու,-  ծիծաղելով  ասում  էր  հայրն ու  գրկում  տղային, հետո  վառում  լույսը,  անջատում  և  այդպես  մի  քանի  անգամ,  մինչև  տղան  կարողացավ  իր  միջից  հանել  այդ զգացումը:

- Իսկ  ջուրը  փոքրիկս,  պետք  է  սիրել…

Հետագայում   Հալեպում  վախը  նորից  զգացնել  էր  տալիս,  արթնանում  էր  սարսափած` ամենափոքրիկ  շարժից  ու աղմուկից: Գիշերները  քնում  էր  մորն  ամուր  փարված:

-Հայրիկ,  ի՞նչ  որ  բան է  եղել,- սենյակի դուռը  բացելով  և  հորը  մթության մեջ    անշարժ   նստած  տեսնելով,  հարցրեց  որդին:

Սուրենի  հուշերը  նորից  ընդհատվեցին…

-Չէ,  անհանգստանալու բան չկա: Պարզապես  մտքերս  են  խառը: Մի  փոքրիկ  իր, պարզապես  մաշված  տիկնիկ   այսօր  տեսա  հորաքրոջդ  տանն  ու  մեջս  ամեն  ինչ  տակնուվրա  եղավ: Վերքս  նորից  բացվեց…- նայելով տղային,  տխուր  ասաց  Սուրենը:- Ի~նչ  լավ  է,  որդիս,  որ  դու  և  քույրդ  հեռու  եք   իմ  ունեցած, հեռուներում  թողած  աշխարհից:

-Ա~խ  հայրիկ,  ինչո՞վ  օգնեմ  քեզ,  ի՞նչ  վերքի  մասին  ես  խոսում,-  հոր  տեսքից  ինքն էլ  տխրեց,  հետո  առանց  լույսը  վառելու, նստեց  գորգին, ուղիղ հոր  ծնկների  մոտ: Մթության  մեջ  հայր ու որդի ավելի  մոտ  էին:- Ուզում  եմ  խոսես,  պատմես: Դու  այնքան  քիչ  բան  ես  մեզ  պատմել քեզնից: Այնքան  քիչ  բան  գիտենք  մեր  անցյալից: Պատմիր,  պատմելով  կթեթևանաս,  իսկ  ես  կիմանամ  այն, ինչ  այդպես  տանջում  է  քեզ:

-Միշտ  ցանկացել  եմ  ձեզ  հեռու  պահել  այդ  ամենից:  Բայց  տեսնում  եմ,  սխալ  բան  եմ  արել: Մարդը  պետք  է  իր  պատմությունն  իմանա,  իր  ցեղը  ճանաչի: Մեր  ընտանիքի  պատմությունը  քեզ  կանեմ,  որդիս: Դա  կլինի  նաև  քո  հայ  ցեղի  պատմությունն այն  սարսափելի  ժամանակներում, -ասաց  Սուրենը:

Նա  լուռ  շոյեց  որդու  մազերը,  նայեց  նրան  ու  սկսեց  խոսել…

***

Բաղեշում  շատ  հայտնի  էր  Սուրեն  Բաբայանի  մեծ հոր` Հովսեփ  Գրիգորյանի,  փոքրիկ  գորգագործարանը: Դա  տասնիներորդ  դարի  վերջն  էր:  Հովսեփը  շարունակում  էր  իր  հոր  գործը: Նրա  գորգերը  շատ  լավ  վաճառվում  էին  Բաղեշից  դուրս`  Հալեպում  ու  Պարսկաստանում: Գաղտնիքը  կարմիր տորոն  ներկն  էր, որով  ներկում  էր  բրդյա   թելերը: Նրանք  էին  հենց  յուրահատուկ  գունային  խաղեր  ստեղծում  գործած պատկերների  մեջ,  էլ  ավելի  ընդգծում  ու  բարձրացնում  գորգի  արժեքը:  Ինչպես շատ ու շատ  վայրերում ստեղծված գորգեր, այստեղ  հյուսված  ամեն  մի  գորգ  եւս  մի  պատմություն  էր մարդկանց  կյանքի  ու  կենցաղի  մասին:

Իսկ  տորոնի  ստեղծման   գաղնիքը  պահվում  էր  շատ  խիստ  ու  փոխանցվում`  թոռից-  թոռ: Հովսեփին  դեռ  մեծ  հայրն  էր  բացել  գաղտնիքը`  ասելով.

-Մանչս,  իմացիր,  որտեղ  էլ  լինես,  որ  արևի  տակ  էլ  ապրես,  քո  մի  կտոր  հացն  է  սա: Այս  գաղտնիքը  եկել  է  իմ հորից: Դու  էլ քո  թոռներին  կփոխանցես:  Միայն  մեր  ճյուղին, հիշի’ր…

Թոռը  հավատարիմ  մնաց   մեծ  հայրիկի  խորհրդին:

Ամուսնանալով  հարևանի  գեղեցկատես  աղջկա`  Անթառամի  հետ, շատերի   նման  Միացյալ Նահանգներ տեղափոխվեց  նաև  Հովսեփը: Այդ  ժամանակ  բազում  հայեր  էին  սկսել  գաղթել: Երկրե- երկիր  անցնելով,  Հովսեփն  էլ  շատերի  նման  եկավ  ու  հանգրվանեց  Բիթլիսին  իր  բնությամբ  նման  Ֆրեզնոյում:  Հայերն  այստեղ  աճեցնում  էին  ծիրանի  ու  նշի  ծառեր, նաեւ  նռնենի,  ձիթենի  ու  ընկուզենի:  Ջուրն  էլ  շատ  նման  էր  հայրենիքի  ջրին: Հովսեփը  մեծ  երազներով  եկավ  այդ  օտար  երկիրը  և  չէր  էլ  պատկերացնում,  որ  իր  գործն  այստեղ`  Ֆրեզնոյում, կարող  է  կանգ  առնել: Զբաղվեց  միայն  թելեր  ներկելով  և  վաճառելով,  հույսով,  որ  կգա  ժամանակ  և  ինքն  այստեղ  ևս   կշարունակի  իր  գործը:

Երբ  ծնվեց  Հովսեփի  և  Անթառամի  դուստրը`  Սաթենիկը,  նրանց  ուրախությանը  չափ  չկար: Հովսեփն իհարկե  տղա  էր ուզում ունենալ,  սակայն  նորածին  փոքրիկին  առաջին  անգամ  տեսնելով սիրելի կնոջ գրկում`  մեղա-մեղա  Աստված` ասաց:

-Մանչ  էի  երազում, որ  իմ  ծուխը  ծխա, որ  իմ  գործը  հիշվի, որ  իմ  անունը  մնա…Բայց  Աստված  այսպես  կամեցավ,- ավելացրեց Հովսեփն ու լռեց:

Դա  հազար  ութ  հարյուր  իննսունչորս  թիվն  էր:

Սաթենիկին,  որն  իր  գեղեցկությամբ  մորն  էր  նման, տասնհինգ  տարեկանում  ամուսնացրին  Ֆրեզնոյում  ապրող  երիտասարդ  բաղեշցի  Վաղարշատ  Բաբայանի  հետ, որին  փոքր տարիքում Ֆրեզնո  էր  բերել  մորեղբայրը: Տղան սիրահարվեց  սևաչյա,  բարակիրան  աղջկան: Աղջիկն  էլ  սիրեց   տղային  և  իր  նորաստեղծ  ընտանիք  բերեց   մորից  ժառանգած  ու  սովորած  գեղեցիկ  շնորհները:  Լավ  ու համեղ  ձեռք  ուներ Սաթենիկը,  ինչը  միշտ  գովում  էր  համեղ  ուտեստների  սիրահար  ամուսինը.

-Սիրում  եմ  քո  եփած,  համն  ու  հոտը  միշտ  տեղը   ճաշերը:

Ֆրեզնոյում  բաղեշցի  հայերն  իրենց  փոքրիկ  Բաղեշն  ունեին: Նրանք  այստեղ բերեցին իրենց  սովորույթները, վարք  ու  բարքը, կենցաղը, մի  խոսքով հայրենիքի  ոգին: Բաղեշի  խոհանոցը  շատ  հարուստ  էր: Հիմնականում     ձավարով  ու ոչխարի  մսով բազմատեսակ  ճաշերն  էին: Սիրում  էին  նաև  թանի  մեջ  եփած  բրինձը,  որը  մատուցում  էին  նախօրոք  կարմիր  բիբարով  կարմրեցրած  յուղով:

Կանայք  թխում  էին   Բաղեշի  հայտնի  փախլավան, որն  անպայման  պետք  է  ունենար  30-40  շերտ: Այն  այնքան աշխատատար  գործ  էր,  որ  միանգամից  մի  քանի  կանայք  էին զբաղվում` բացում  ու  փռում  խմորի` թղթի  նման  նուրբ,  բարակ  շերտերը,  իսկ  արանքներում  ծեծած  ընկույզն  ու  դարչինն էր: Թխելուց  հետո  վրան  լցնում  են տաք  մեղր: Ու  ի~նչ  համ, ի~նչ  բույր  էր  ունենում  բերանի  մեջ  հալվող  խմորեղենը: Փախլավա  թխելը  դառնում  էր  տոն բոլորի  համար:

Ամեն  տան  խոհանոցում  իշխում  էին  էրգրի  ճաշերը:

Քանի  որ  կլիման  ու  հողը  շատ  բարենպաստ  էին  մրգատու  ծառերի  համար,  ապա  հայերը  գցեցին  այգիներ:  Հասնում  էր  տանձն  ու  թուզը,  խաղողն  ու  նուռը:

Հայրենակիցները  հաճախ  էին  հավաքվում  մի  գավաթ  սուրճի  շուրջ  իրենցից  որևէ  մեկի   տանն  ու  բացում  զրույցի  մեծ  կծիկը:  Իսկ  նրան  վերջ  չկար,  այն  գլորվում  էր  ու  գլորվում…Շատ  հարցերում  միատեղ  էին  մարդիկ.  հուշերի  մեջ  հայրենիքն  էր,  Բիթլիսն  ու  իրենց   տունը,   խեղդող  կարոտը …

Երիտասարդ  Վաղարշակը,  որն  ամեն  ինչ  ուներ  այդ  երկրում լավ  ու  գեղեցիկ  կյանքի  համար,  եկավ մի պահ, որ այլևս   չցանկացավ  ապրել  Ֆրեզնոյում: Սկսել  էր  հաճախ  հիշել  հայրենի  տունը,  կորցրած  ծնողներին: Նա  Բաղեշում  ոչ  ոք  չուներ: Թերևս  միայն  հեռավոր  բարեկամներ, որոնք  երևի  չէին  էլ  հիշում  իրեն:  Ու  չնայած  դրան,  Վաղարշակը  երազում  էր  տուն  վերադառնալ:

-Դժվար  կլինի  այնտեղ  նոր  կյանք  սկսելը,  բայց  միևնույն  է  չեմ  ուզում  այլևս  մնալ  այստեղ: Սա  իմը  չէ, օտար  է,  ուրեմն  նաև  մեր  երեխաներինը  լինել  չի  կարող: Հայրենիքի  հողի  վրա  քայլենք, նրա  հացն  ուտենք  ու  ջուրը  խմենք:  Այդ  դեպքում  միայն  մեր  իսկական  ուժը  կառնենք,-  կրկնում  էր  նա  հաճախ  կնոջը`  Սաթենիկին: Կինը  համամիտ  էր  ամուսնուն` որտեղ քո ցանկությունը,  այնտեղ էլ`  իմը:

Սակայն  կնոջ  ծնողները  կտրականապես  դեմ  էին  նրանց  որոշմանը.

-Ինչո՞ւ  եք  ուզում  թողնել  ու  գնալ: Դու  այնտեղ  ոչ  ոք  չունես.  մենակ  եք  լինելու: Մի  մոռացիր, որ  օտարացած  է  լինելու քեզ  միջավայրը, քաղաքը: Իսկ  աղջկաս  համար`  առավել  ևս, -ասում  էր  Հովսեփը:

-Այո, մոտ հարազատներ  չունեմ: Նրանց  մի  մասը  զոհվեց  Սուլթան  Համիդի  կոտորածների  ժամանակ, մյուս  մասը`  գաղթեց: Շատ  քչերը  կան  հիմա  այնտեղ:  Բայց  դեռևս  կլինեն  ծանոթներ,  ընկերներ,  տասերկու  տարեկան  էի,  երբ  հեռացանք  Բաղեշից: Մեկ է, ուզում եմ գնալ, հողն  էլ  հո  օտար  չէ՞,-  համոզված  ասում  էր  փեսան,  հետո  ավելացնում,- այժմ  Թուրքիան  Սահմանադրական  երկիր  է: Հին  կարգերը  փոխվում  են  կամաց-կամաց:  Բոլոր  ժողովուրդներն  էլ  հավասար  են,  անկախ  կրոնից  ու  ազգից:  Ես  ուզում  եմ  երեխաներս  այնտեղ մեծանան:  Այս  ամենը, որ  շրջապատում  է  մեզ այստեղ, միշտ  էլ օտար  է  եղել  ինձ  և  ես  չեմ  ուզում  այս  օտար  ափերում  մեծանան  իմ  փոքրիկները:

Այդ  ժամանակ  նա  արդեն  երջանիկ  հայր  էր.  հազար  ինը  հարյուր  տաս  թվին   ծնվեց   նրա  և   Սաթենիկի   անդրանիկ  որդին`  Սուրենը:  Իսկ  երկու  տարի  անց`  Արաքսը:

Հովսեփը,  որն  ամբողջ  կյանքում  տղա  էր  երազել,  փոքրիկ  Սուրենի  ծնվելն  Աստծո  պարգև  համարեց:Նա աշխարհի  ամենաերջանիկ  մեծ  հայրիկն էր.

-Ինձ`  էլ  մեռնել  չկա:

Նա  շարունակում  էր  իր  գործը`  թելեր  ներկելը,  գաղտնիքը  պահելով  ու  ոչ  մեկին  չբացելով: Բայց  տեսնելով, որ  աղջկա  ու  փեսայի  հայրենիք  մեկնելն  անխուսափելի  է  և  ոչինչ  չի  կարող  արգելք  լինել  նրանց, նա  փոխանցեց  Վաղարշակին այն` ինչ  պահում  էր  միայն  թոռան  համար, ասելով  հետևյալը.

-Որդիս,  Վաղարշակ,  ինչպես  տեսնում  եմ,  չեմ  կարող  համոզել, որ  ետ  կանգնես  քո  որոշումից: Մնում  է  համաձայնվել  քեզ  հետ, բարին  մաղթել  ու  բացել այն  գաղտնիքը, որը  մեր  ընտանիքում  թոռից-թոռ  է  անցնում: Սուրենս  փոքր  է,  նրան  իմ  ասածները  հասու  չեն  կարող  լինել: Ուրեմն  ասելիքս  քոնն  է հիմա: Ես  որդի  չունեցա, դու  դարձար  ինձ  և  որդի,  և  փեսա:  Սակայն  խոստացիր, որ  երբ  գա  ժամանակը, դու այն  կսովորցնես  որդուդ`  իմ  փոքրիկ  Սուրենին: Իսկ  այժմ  քո  առաջ  կբացեմ  տորոնի` կարմիր  ներկի  գաղտնիքը: Դու  ինքդ  ես  տեսնում,  թե  ինչպես  է  բարձրանում  գորգի  գինն  այդ  գույների  շնորհիվ: Հույսով  եմ,  այդ  գործը  միշտ  շահութաբեր  կլինի  քեզ: Այսուհետ  գաղտնիքը քոնն է:

-Շնորհակալ եմ  հայրիկ,  որ  ինձ  եք  վստահում ձեր ընտանիքի  պահածն  ու  շահածը: Ես  կանեմ  այնպես,  ինչպես  դուք  եք  ցանկանում,- զգացված  աներոջ  խոսքերից,  ասում է Վաղարշակը:

-Ափսոսում  եմ  մի  բանի  համար, որ  ինքս  չեմ  կարող ձագուկիս  սովորեցնել: Ինքս կբացեի այդ  հետաքրքիր աշխարհի  բազում դռները  նրա  համար:  Ավա~ղ, շատ  փոքր է…

Հովսեփը  մտածում  էր, որ  ինքն  արդեն  մեծ  է, որ  էլ երբեք չի տեսնի  թոռներին, աղջկան ու փեսային: Ու նրա  գլխում անընդհատ,  իրար  հերթ  չտալով,  բազում  տխուր  ու  խառը  մտքեր  էին  պտտվում  ու  խաչաձևվում…

-Ախր  ինչո՞ւ  են  այս  հանգիստ  կյանքը  թողնում  ու  գնում,- ասում  էր  նա  կնոջը` Անթառամին:

-Ա~խ,  ի՞նչ  իմանամ: Առանց  նրանց  ո՞նց  ենք ապրելու,-ամուսնու խոսքին  ավելանում էր կնոջ  արտասվաթոր խոսքն  ու անհանգստությունը:

***

Փոքրիկ  Սուրենի  ու  Արաքսիի  հետ   Վաղարշակն  ու  Սաթենիկը  հազար  ինը  հարյուր  տասերեքին  եկան  Բաղեշ:  Շատ  տպավորիչ  էր  նրանց  մուտքը  Հայրենիք:  Վաղարշակը  հուզվեց, չոքեց  ու համբուրեց  հողը,  քսեց  աչքերին:  Սաթենիկը,  որ  ծնվել  էր  օտար  ափերում,  հետևելով  ամուսնուն`  կրկնեց  այն,  ինչ  արեց  Վաղարշակը:

-Սա  է  մեր  հողն  ու տունը,  այստեղ ենք ապրելու:  Մենք  էլ  երբեք  ոչ  մի տեղ  չենք  մեկնի,- նայելով  կնոջը,  քնքուշ ժպիտով ասաց  նա:

Ֆրեզնոյում  իր  ապրած, աշխատած  տարիների  գումարը  բերելով  Բաղեշ,  Վաղարշակը մի  փոքրիկ  գորգագործարան  հիմնեց  ու սկսեց  աշխատել: Սկիզբը դժվար էր, բայց օգտագործելով  տորոնի  գաղտնիքը,  շատ  կարճ  ժամանակում  գործը  բավականին  թափ  ստացավ: Գորգերը  քիչ էին արտադրվում, բայց  լավ  էին  վաճառվում:

Վաղարշակը բոլոր  առումներով  երջանիկ  մարդ  էր  իրեն  համարում. լավ  ընտանիք, հայրենիքում  հաջողված  գործ: Էլ  ի՞նչ է պետք  իրեն:

Երիտասարդ  ամուսինները  հյուր  էին  գնում  իրենց  հեռավոր բարեկամներին,  հյուր  ընդունում:  Խնջույքների  ժամանակ  իրենց  երգով,  պարով   ու  հումորով  հիացնում  էին  բոլորին: Նրանց  մասին  սկսեցին  խոսել…Եղան  նաև մարդիկ,  որոնք  Վաղարշակին  ու  նրա  գեղեցիկ,  օտար  ափերում  ծնված,  մեծացած  կնոջն  անտարբեր  ընդունեցին:

-Դո՞ւ նրա հագած շորերը տեսար:

-Բա՞ խոսելը:

-Բայց արի տես` ասում են լավ ճաշեր է եփում, հյուրասեր է:

-Չեմ հավատում, գոռոզի մեկն է,-այս եւ նմանատիպ շատ ասեկոսներ սկսեցին պտտվել Սաթենիկի շուրջը:

-Ինչո՞ւ  են  մեր  հանդեպ  այսքան   սառը,-  հարցնում  էր  Սաթենիկն  ամուսնուն:

-Մենք  շատ  հեռու  ենք  եղել  նրանցից:  Նրանք  մեզ  չեն  ճանաչում,-  պատճառաբանում  էր   Վաղարշակը,- մի  նեղվի,  այդ  ամենը  ժամանակավոր  է:

«Այո,  ժամանակավոր  է  այդ  սառնությունը:  Կարևորը,  որ  հայրենիքում  ենք». -ինքն  իրեն  կրկնում  էր  Վաղարշակը:

Եթե  Վաղարշակը  հայկական  կենցաղից  շատ  բաներ  դեռ  հիշում  էր,  ապա  Սաթենիկի  համար  շատ  դժվար  էր  հին,  ավանդություններ  ունեցող  երկրում  ամեն  ինչ  զրոյից  սկսելը:  Ամուսինը   չէր  վհատվում: Նա  ամեն  կերպ  սատար  էր  լինում  կնոջը,  բացատրում,  հուշում  շատ  ու  շատ  հարցեր:

-Նեղվել  երբեք  պետք  չէ: Շուտով  ամեն  ինչ  սովորական  կդառնա  նաև  քեզ  համար,-  սիրալիր  ասում  էր  նա:  Սաթենիկին  այդ  խոսքերը  հավատ  էին  ներշնչում:

-Հուսով  եմ, որ  իրոք  այդպես  էլ  կլինի,-սիրտը լցված դեպի իր դրկից հարեւան-բարեկամները, ասում էր նա:

Եվ  կամաց-կամաց  սկսեց  դառնալ: Չէ  որ  վերջիվերջո  այն  երկրում  են,  որը նաև իրենցն է:

Վաղարշակը  ժամանակի  հետ  տեսնում  էր   իր  գործի  հաջողությունը,  ուրախանում  դրանով:  Այդ  ուրախությանը  գումարվեց  մանկության  ընկերոջ`  Մամիկոնի հետ  փողոցում  պատահական հանդիպումը:

-Ես  քեզ  հաճախ  էի  հիշում,  սակայն  թվում  էր,  մենք  էլ  երբեք  չենք  հանդիպի,- ջերմ  գրկախառնվելուց  հետո,  ընկերոջը  ոտից  գլուխ  չափելով,  ասաց  Մամիկոնը`  բարձրահասակ,  գանգուր  մազերով,  բեղ  մորուքով  մարդը:

-Իսկ  ես  վստահ  եմ  եղել,  որ  վաղ,  թե  ուշ  մենք  մի  օր  կհանդիպենք:  Հոգուս  մի  անկյունում  նստած  էր  այդ  հավատը,-  անչափ  ուրախացած, ավելացրեց Վաղարշակը:

-Դե  ուրեմն  կեցցե~  քո  հավատը,-  գոչեց  Մամիկոնը: Հին  ընկերները  նորից  գրկախառնվեցին: Նրանք  սկսեցին  խոսել,  պատմել  իրենց  մասին: Մամիկոնը  մի  շաբաթ  առաջ  էր  եկել Պոլսից:  Նա  ևս  որոշել  էր  մնալ  հայրենի  քաղաքում: Մամիկոնը բժիշկ էր:

Բաղեշում  կային  կանանց  և  տղամարդկանց  բաղնիքներ:  Քաղաքի  խոսք  ու զրույցը,  իհարկե  նաև  ասեկոսը`  այստեղ  էր: Կանանց  համար  բաղնիքները  միակ  ազատ  վայրն  էր  տղամարդու  աչքից  հեռու,  տղամարդուց  անկախ:

Իսկ  տղամարդկանց  համար  բաղնիքները  սրճարանների  շարունակությունը  լինեին  ասես,  նաև   ընկեր -բարեկամների  հավաքատեղի:   Զրուցում  էին  կյանքից,  քննարկում  ընկերական,  գործնական,  ընտանեկան  բազում  հարցեր:

Այստեղ  էին  սիրում  լինել  նաև   Վաղարշակ  Բաբայանն  ու  իր  ընկեր  Մամիկոնը:  Այստեղ  էլ  Մամիկոնն  ընկերոջը  ծանոթացրեց  Օսմանյան  բանակի  սպա`  ծնունդով  հալեպցի, բժիշկ  Մուստաֆայի  հետ: Մամիկոնը  Մուստաֆային  գիտեր  դեռ  Պոլսում  ուսանելու  տարիներից:  Նրանք   ուսանողական  ընկերներ էին:

-Վաղարշակ,  ուզում  եմ  քեզ  ծանոթացնել իմ  լավ  ըներոջ  հետ:  Իսկ  քեզ  Մուստաֆա,  հավաստիացնում  եմ,  որ  իմ  ընկեր  Վաղարշակը  հրաշալի  բարեկամ  կլինի  քեզ,  երբ  դուք  մտերմանաք: Վաղարշակ,  Մուստաֆան  նաև  հրաշալի  բժիշկ  է,  ի  տարբերություն  ինձ,  նա  շարունակեց  ուսումը   Լիոնում  և  խորացավ  ականբուժության  մեջ,-  դիմելով  ընկերներին,  միմյանց  ներկայացրեց    Մամիկոնը: Կարճ  ժամանակում  փոխադարձ հարգանք  ու վստահություն ստեղծվեց  այդ երկու տղամարդկանց  միջև. շուտով լավ  ընկերներ  դարձան:

Մուստաֆան   հաճախ   էր  հյուր  լինում  Բաբայանների  օջախում:

***

Եկավ   հազար  ինը  հարյուր   տասնչորս  թվի վերջը…

Ամեն  ինչ  կարծես  հանգիստ էր…Կարծես:

Վաղարշակը  շարունակում  էր  գործը,  բայց  արդյո՞ք  գործը  կար: Վերջին  ամիսներին  առևտուր  չկար, գորգերը  չէին  վաճառվում: Ոչ  մեկին  կենցաղը  գեղեցկացնելու հարցը  չէր  հուզում. երկրում տիրում էր  համընդհանուր   լարվածություն: Դրսում պատերազմ էր: Սկսվել  էր  զորահավաքը:

Իսկ երկրի ներսում շատ  տխուր,  երբեմն  էլ  հակասական  լուրեր  էին պտտվում` անգամ  այն,  որ  տեղահան  են  անում  հայերին…Օրեցօր  լուրերն  ավելի  սարսափելի  էին  դառնում:

Մի  օր  փողոցում Վաղարշակն  ու  Մուստաֆան հանդիպեցին ու զրուցելով   սկսեցին  քայլել  դեպի  շուկա:  Շրջապատի  եռուզեռն  ու  աշխուժությունը  կոտրված  էր:  Շատ  խանութներ,  արհեստանոցներ  փակ  էին: Ասես  թանձր  մառախուղ  էր  կախվել  շրջապատի  վրա:

- Մեր  գլխավերևում  սև  ամպեր  են  կուտակվում…Ի՞նչ  է  կատարվում   երկրում,  չեմ  հասկանում: Պարզվում  է,  որ  Երիտթուրքերը մեզ  պարզապես  մոլորեցրին իրենց  սին խոստումներով` եղբայրության  և   հավասարության  կոչերով: Թուրք  մամուլում  կարդացի  Օսմանյան  կառավարության  իբր  «բարյացակամ»  վերաբերմունքի  և   հայերի  «անշնորհակալության»  մասին,-  խիստ  մտահոգված  անհավատալի, սարսափելի  լուրերից,  ասաց  Վաղարշակը  Մուստաֆային:

Վաղուց  էր  նրանց  մեջ  հասունացել այս  զրույցը, բայց  խուսափում  էին,  ասես  դրանով  փորձում  պահպանել  իրար: Չէին շոշափում, գիտեին` ծակող ու  սաստիկ  ցավ  պատճառող էր զրույցը  միմյանց  համար  լինելու: Սակայն միևնույնն  է,  դա  անխուսափելի  էր ազգությամբ  տարբեր,  բայց  հավատարիմ  ընկերների  միջև:

Մուստաֆան այդ  ժամանակ  Բաղեշի  զինվորական  հիվանդանոցի  գլխավոր  բժիշկն  էր  և  ամեն  ինչ  շատ  ավելի  լավ  էր  տեսնում  ու  հասկանում:   Հիվանդանոց  էին  ներսուդուրս  անում  բարձրաստիճան  թուրքական  զինվորականներ  և  նա  զգում  էր,  որ  շատ  լուրջ  է  վիճակը: Իր  մտերիմ  սպաներից  մեկին  ավելի  հարցուփորձ  անելով, իմացավ, որ  այլ քաղաքներից  ու  գյուղերից  տեղահան  են արել  բազում  հայերի, իբր  զուտ տեղափոխության  համար, բայց  կես  ճանապարհին  կոտորել  են  նրանց:

-Ինքս  եմ  տեսել, ինչպես շեղեցին  ճանապարհից, շարեցին մի  կիսաքանդ տան պատի  տակ  ծեր  ու  մանուկ  և  կրակահերթ  բացեցին  նրանց  վրա,- հայտնել  էր  սպան:

-Բայց  ինչո՞ւ, ի՞նչ  իրավունքով,- զարմացած հարցրել  էր  բժիշկը:

-Ինձ  մի  հարցրու…-խուսափելով  պատասխանից,  ասել  էր  սպան: Ու  այժմ  Մուստաֆան  չգիտեր  ի՞նչ  ասեր  ընկերոջը: Պատմե՞ր  նրան  լսածը, թե  խնայեր իր  բարեկամին` լարված  ջղերն  էլ  ավելի  չլարելու  համար: Մուստաֆան  լռեց,  ընկերը`  շարունակեց.

-Ուրեմն  սո՞ւտ  էր  ամեն  ինչ: Իսկ  մենք  հավատացինք…Աղետալի  ճշմարտություն  է  այն,  որ  թուրքերի  հետ  հարաբերություններն  ավելի  են  վատթարանալու: Թուրք  մամուլը  ի՞նչ  է  գրել, տեսե՞լ  ես: Նրանք  օրեցօր  ավելի  հարձակողական  դիրք  են  գրավում  մեր`  հայերիս  դեմ: Իբր ռուսներին  ենք  միացել,  իրենց  թիկունքից  խփել ենք  ուզում:  Սրանք  բոլորը  պատճառներ  են  մեր  դեմ  ելնելու,  իրենց  ուզածն  անելու  համար: Միայն Աստված  գիտե,  թե  ինչեր  ունեն  իրենց  մեջ  պահած, ինչ  ծրագրեր` վաղօրոք  մշակած:

-Սպասիր,  քեզ  այդպես  մի  տանջիր,-  չիմանալով  ինչ  ասել  ընկերոջը,  փորձեց  հանգստացնել  Մուստաֆան: Նա  երբեք  չէր  տեսել Վաղարշակին  այդպես  բորբոքված: Կենսուրախ  ու  լավատես հայը,  կարճ  ժամանակում  փոխվել  էր,  դարձել  նյարդային, դարձել  բոց:- Մի՞գուցե  նրանք` հայերն ու թուրքերը,  դեռ  կգան  ճշմարիտ  երկխոսության: Չէ՞ որ  զգացվում  է, թե  որքան  լարված  է պահը,- ասաց  ու  ինքն  էլ  չհավատաց  իր  խոսքերին:

-Է~հ  Մուստաֆա, ի՞նչ  երկխոսություն, էն  էլ  ճշմարի՞տ…Գավառներից  նոր  ջարդերի  հոտ  է  գալիս… Ես  համոզված  եմ, որ այս  խմորը դեռ  շատ  ջուր  կտանի…Հիմա   երեխաներիս  մասին  եմ  մտածում: Ի՞նչ  կլինի  նրանց  հետ…Արդյո՞ք  այս  արհավիրքի  միջից  կկարողանանք  դուրս  գալ: Ես  չեմ  կարող մոռանալ, որ  մեր  ետևում  ջարդեր  ունենք: Դու  դա  իհարկե  չես  տեսել,  բայց լսել  ես  հավանաբար: Ես  տեսել  եմ, այն  ժամանակ  երեխա  էի:  Քեռիս  ինձ  փախցրեց  ու  հասցրեց  օտար  ափեր:  Միայն  ես  ու  նա  մնացինք  կենդանի  մեր  մեծ  գերդաստանից…Ախր,  ո՞ր  մեկը  հիշեմ:  Թվում  էր  ամեն  ինչ  մնաց  անցյալում,  բայց  չէ~…

Որքան դժվար է պահը: Բժիշկը մի պահ պատկերացրեց, որ այն ինչ կատարվում է հիմա, հայերի հետ` խառնաշփոթը, տեղահանությունը, անհասկանալի իրարանցումն ու սպանությունները, հնարավոր է ամեն ազգի հետ կատարվի: Ո՞վ է տերը իրավիճակի, ո՞վ է պատասխանատու…Ոչ ոք: Ինչ սարսափ: Ու ամենավատն այն է, երբ այս մարդիկ չգիտեն թե ո՞ր մեղքի համար, ո՞ր արածի կամ չարածի…Միայն մի պատասխան էր գալիս բժշկի գլուխը. արարող ու ստեղծող, հարուստ ու աղքատ, կիրթ ու անկիրթ, այս մարդիկ հայ են, որոնք իրենց արյան մեջ կրում են հազարամյակների իմաստությունն ու հուսով են, որը գոնե հիմա  դարերի վայր ու վերումներից հետո, կկարողանան մի փոքր ճկունություն հանդես բերել ու դեպի իրենց ձգել ժամանակի «սիրառատ երեսը»: Բայց հավանաբար զուր. զոռով ոչինչ չի լինում…

Օրերն  անցնում  էին,  երկնքի  սևն  էլ  ավելի  էր  խտանում…Բիթլիսը,  որ  մի  աշխույժ   ու  աղմկոտ  քաղաք  էր,  իսկ  շուկան  ու  նրա  շրջակայքը` միշտ  եռուզեռի  մեջ  ու  մարդաշատ, դարձել  էր  լռության,  սարսափի  ու  սպասումների  կծիկ…

Ու   մի  օր  հանկարծ  կրակոցներ  լսվեցին  քաղաքում:  Մարդիկ  փակեցին  իրենց  դեռևս  բաց,  աշխատող  խանութները,   սրճարանները,  արհեստանոցները  և  ահով   ու  վախով  իրենց   տները  գնացին  ու  ամուր  փակեցին դռները:

Վաղարշակն  իր   արհեստավորներին  տուն  ուղարկեց,  ինքն  էլ  արդեն  տուն  էր  շտապում,  երբ  մի  քանի  զինվորներ  շրջապատեցին  նրան:

-Այս  ո՞ւր,  գյավուր,- գոչեց  նրանցից  մեկը:  Վաղարշակը  ետ  նայեց  ու  տեսավ  իր  ետևում  կանգնած  չորս  հրացանավորի:

-Տուն,-  հնարավորինս  հանգիստ  ասաց  նա:

-Տո՞ւն,- ծիծաղեցին  նրանք,- եկ  գնանք,  մենք  քեզ  կտանենք:

Հայը  հասկացավ.  ուրեմն  հերթն  իրեն  էլ  հասավ.  Մամիկոնին  և    ընկերներից  մի  քանիսին  արդեն  տարել  են:  Տեր  Աստված,  բա՞  երեխաներս:  Տեսնես  տանն են,  թե՞… Ո՞նց  իմանա, որ  տանն  են, որ  ողջ  ու  առողջ  են:

Սիրտը  կծկվեց:  Մի  սուր  ցավ  զգաց:

-Ո՞ւր  եք  ուզում  ինձ  տանել,- իբր  չլսելով  «տուն»  բառը,  հարցրեց Վաղարշակը,  երանի  տանս  մոտով  անցնեմ  ու  համոզվեմ,  որ  երեխաներիս   բան  չի  եղել: Բայց ինչպե՞ս:

-Քեզ  տուն  ենք տանում:

-Լավ,- ներքուստ  լարված,  արտաքուստ հանգիստ`  համաձայնվեց  հայը:  Նրանք  իրոք  քայլերն  ուղղեցին  տան կողմը:  Որքան մոտենում էին,  այնքան  ավելի  արագ  էր  բաբախում  Վաղարշակի  սիրտը:

Ահա  և  տունը: Պատուհանները  փակ  են:  Մի՞թե   տանը  մարդ  չկա: Մի՞թե  նրանց  արդեն…Բայց  չէ,  սպասի’ր,  կարծես  շարժվեց  վարագույրը:  Ինչ-որ  մեկը  նայեց   իր  կողմը:  Ախ,  Աստված իմ,  Սաթենիկն  է:  Նրա  մուգ  կանաչ շորի  կտորը  մի  պահ  թրթռաց  վարագույրի  ետևից…Նա  է,  իր  Սաթենիկը…Ուրեմն  երեխաներն  էլ  են  տանը:  Ամեն ինչ  լավ  է.  ողջ  են… Հաջորդ պահին  իրեն  թվաց,  թե  երկու  փոքրիկ  գլուխ   երևաց  վարագույրի  ետևից,  բայց  շուտ  անհետացան:  Չհասկացավ,  երազ  էր  դա,  թե`  վարկյաններ  տևած  իրականություն…

***

-Տիկին  Արաքս,  գիտեք,  իմ  երակներում  ևս  հայի  արյուն  է  հոսում,-  մի  օր  այգում,  հին ու փարթամ ծառերի տակով  զբոսնելիս,  ասաց  Լյուսին Արաքսին,- մայրիկիս  մեծ  մայրը,  ինչպես  մայրս  է  նրան  դիմում,  հայուհի  է:

-Այո՞:  Շատ  լավ  է,- նայելով  աղջկան,  ասաց  Արաքսը:  Նա  ցույց  չտվեց ,  որ  ինքն  արդեն  տեղյակ  է: Համոզված  էր,  որ  աղջիկն  ինքը  մի  օր  կխոսի  այդ  մասին: Խոսեց:

-  Իննսուն  տարեկան  կին  է,  բայց  շատ  աշխույժ,-  ծիծաղելով  ասաց  աղջիկը:-  Երբ  իմացավ, որ  հայ  կնոջ  մոտ  եմ  աշխատում,  ուրախացավ: Նա  ինձ  բազում  խորհուրդներ  է  տալիս  ամեն  անգամ,  երբ  հանդիպում  ենք`  խելոք  եղիր,  լսիր,  կրկնել  մի  տուր  մարդկանց  իրենց  խոսքը:  Նա  ասում  է,  իսկ  ես  ծիծաղում  եմ…

-Իսկ  ինչո՞ւ  ես  ծիծաղում,  դու  իրոք  այդպես  էլ  վարվում  ես:  Դու  շատ  ուշիմ  աղջիկ  ես,-  ասաց  աղջկա  թևը  մտած  կինը:

-Լյուսի,  մի  օր  տատիկիդ  իմ  տուն  հյուր  բեր,-  անսպասելի  ասաց  Արաքսը:

-Չգիտեմ:  Արդյո՞ք  նա կհամաձայնվի:  Շատ տնակյաց  է  դարձել:

-Ասա,  որ  հրավիրում  եմ  սուրճի  ու  զրույցի:  Ուզում  եմ  տեսնել  իմ  հայրենակցուհուն:  Այդպես  էլ  հաղորդիր:

-Լավ,- նայելով  կնոջը,  ասաց  երիտասարդ  աղջիկը:

Անցան  օրեր:  Պայմանավորված  օրը  Լյուսին  եկավ  իր  մոր`  մեծ  մայրիկի,  տկն. Լուսիա  Յայլայանի  հետ:  Փոքրամարմին,  ճերմակած  մազերով,  ժպտերես  ու  կոկիկ  հագնված  ծեր  կինն  Արաքսի   հյուրն  էր:

-Բարև  ձեզ,  տիկին,-  սիրալիր  ասաց  կինը:

-Բարև  ձեզ,  շնորհակալ եմ,  որ  ընդունեցիք  հրավերս,- պատասխանեց  Արաքսը:

-Իսկ  ես  շնորհակալ  եմ  ձեր  հրավերքի  համար: Անկեղծ  լինեմ  և  ասեմ,  որ  սա  մեծ  անակնկալ  էր  ինձ  համար: Երբ  Լյուսին  ասաց`  շատ  զարմացա: Տնից  հազվադեպ  եմ  վերջին  ժամանակներս  դուրս  ելնում,  դե  հասկանում եք,  փոքր  չեմ,  իննսուն  եմ  արդեն,  այնուամենայնիվ,  ցանկացա  ձեր  հրավերն  ընդունել,- ասաց  տկն.  Լուսիան:

Ու  այս  երկու  կանայք  սկսեցին  զրուցել:  Զրույցի  առանցքն  անշուշտ  Լյուսին   էր,  նրա  բնավորությունը,  ապագա  մասնագիտությունը,  հեռանկարները:

-Նա  է  իմ  բաժին  ծոռնուհին,  իմ  անունն է  կրում:  Ուզում  եմ, որ  նրա  երակներում  ավելի  շատ`  հայկական  արյունը  խաղա:  Մենք  շատ  ենք  զրուցում,  ես  նրան  շատ  բան  եմ  պատմում  իմ  կորցրած  հայրենիքից,  իմ  Բիթլիսից,-   ասաց կինը:

-Բիթլի՞ս:  Դուք  Բիթլիսի  ծնունդ  եք,-  խիստ  զարմացած  ու  հուզված,   հարցրեց  Արաքսը:

-Այո, – տեսնելով  տանտիկնոջ  հուզմունքը,  պատասխանեց  հյուրը: – Մի՞թե  դուք  ևս…

-Արմատներս  են   գալիս  Բիթլիսից:  Մենք  քիչ  ապրեցինք  այնտեղ,  երկու  տարի,  բայց  միևնույնն է,  ես  ինձ  բիթլիսցի  եմ  համարում:

-Ամա~ն…- մատները  խաչելով  ու  կրծքին  դնելով,  ասաց  տկն.  Լյուսիան:- Այստեղ  շատ  են  բիթլիսցիները,  ջարդից  առաջ  և   հետո  շատերը  եկան: Երբ  նոր  էի  եկել,  շատ  համախմբված  էինք:  Հաճախ  էինք  հանդիպում  Սուրբ  Երրորդության  բակում:  Ես  առաքելական  եմ:  Մեկ  ուրիշ  տեղ  էլ  ունեինք  հավաքատեղի,  բայց  այս  անգամ  տխուր  առիթներով,  «Արարատ»  գերեզմանատանը,  երբ  ծանոթ-բարեկամներից  որևէ  մեկն  էր  մահանում…Ես  ջարդից  հետո  եմ  եկել:  Իմ  ընտանիքից  միայն  ես  կարողացա  փրկվել:  Այստեղ  էլ`  Ֆրեզնոյում, հինգ տարի  անց  հանդիպեցի  ապագա  ամուսնուս:  Նա  հայ  չէր,  բայց  բարի  սրտի  տեր  մարդ  էր: Նրա  հետ  ես  երբեք  չկորցրի  ինձ,  չմոռացա,  որ  հայ  եմ:

-Ձեր  ընտանիքից  միայն  դո՞ւք  եք  փրկվել:

-Այո,  միայն  ես,  էն  էլ  հրաշքով:  Ինձ  ու  իմ  նման  շատ  աղջիկների   Բիթլիսում  մի  արաբ  բժիշկ  փրկեց:

-Արաբ  բժի՞շկ,  իսկ  ի՞նչ  էր  նրա  անունը,  հիշո՞ւմ  եք,- հարցրեց   Արաքսը:

-Այո,  արաբ  էր  այդ  բժիշկը,  իսկ  անունն  ընդմիշտ  մեխվել  է  ուղեղիս  մեջ:  Մենք  բոլորս  նրան  դոկտոր  Մուստաֆա  էինք  կոչում:

-Ախ,  դե  իհարկե~,  միայն  նա` հայ չլինելով,  կարող  էր  այդ  դժնդակ  ժամանակներում  այդպես  վարվել  հայ  երեխաների  հետ  և  ոչ  միայն  երեխաների,- աչքերը  փայլեցնելով,  ասաց  Արաքսը:  Նա  այնքան հուզվեց Մուստաֆայի  անունը  լսելով, որ  գունատ  դեմքը սկսեց շառագունել, հետո մի կերպ ավելացրեց,- հարգել տիկին Լյուսիա, եթե խնդրեմ, կարող եք պատմել այն,  ինչ  գիտեք  Մուստաֆայի  մասին:  Մի  զարմացեք,  որ  նման  բան  եմ խնդրում,  հետո  ինքս ձեզ կբացատրեմ ու  կպատմեմ  իմ  պատմությունը:

-Զարմանալու  ոչինչ  չեմ տեսնում:  Ես  սիրով  կպատմեմ, եթե  իմ պատմությունը ձեզ համար այդքան արժեք ունի,- համաձայնվեց  հյուրը,-  բայց  վախենում  եմ  շատ  բաներ  հիշողությունիցս  թռած  լինեն:

-Պատմեք  այն,  ինչ  կարող  եք,-  խնդրեց  Արաքսը: «Որքան  եմ  ափսոսում,  որ  մերոնցից  ոչ  ոք  չի  կարող  հիմա  լսել  այս  կնոջ  պատմությունը».  մտածեց  նա:  -Բայց  մինչ  ձեր  պատմությանն  անցնելը  եկեք   սուրճի  սեղանին  մոտենանք:

-Սովորում  էի  գիշերօթիկ  Մաունտ Հոլիոք  իգական վարժարանում:  Դա  ամերիկյան  վարժարան  էր:  Կային  էլի  դպրոցներ,  թե  իգական,  թե  արական:  Բայց  հայրս  ցանկացավ,  որ  ես  այս  վարժարանում  ուսում  առնեմ: Նա  ինքը  փաստաբան  էր,  սովորել  էր  Եվրոպայում,- արդեն  սեղանի  մոտ,  սկսեց  պատմել  տկն.  Լյուսիան։ – Այդ  վարժարանում  կրթվում  էին  նաև  Մշո դաշտի  բնակավայրերից   եկած  բազմաթիվ  հայ  աղջիկներ։  Մինչև  հազար  ինը  հարյուր  տասնհինգ  թվի ամառը,  դպրոցում կյանքն  ընթանում  էր  գրեթե խաղաղ հունով:

Դրսում  պատերազմ  էր:  Ու լսում  էինք,  որ  հայերի  հետ  վատ,  անողոքաբար  են  վարվում,  նրանց  անասունների  նման  լցնում  էին  տներն  ու  եկեղեցիները  և   վառում:  Իսկ  այն  հայ  տղամարդիկ,  որոնք  պատերազմ  չգնացին,  ֆիդայի  էին  դառնում  ու   կռվում  թուրքերի  դեմ: Անտառներում,  լեռներում թաքնվում էին ու  այնտեղից  պայքարում…

Եվ  ահա, այդ ամռանը մի քանի վիրավոր  հայեր,  որոնց  հետապնդում  էին  թուրքերը,  ապաստանեցին  մեր  վարժարանում: Օգնեցինք  նրանց, լվացանք ու կապեցինք այդ  մարդկանց  վերքերը: Երկուսի  վիճակը  շատ  վատ  էր, ջերմում  էին, խեղճերի վերքերը  բորբոքվել  ու  ուռել  էին:

Վիրավորներից  իմացանք, որ  Բաղեշում  նույնպես  թուրքերը  սկսել  են  կոտորել  հայերին։  Նրանց  սահմռկեցուցիչ   պատմածներից,  վախից  չորացել  էինք:

Հիշում  եմ,  ինչպես  էին  պատմում, որ  քուրդ  զինված ավազակները  մտել  են  մի  գյուղ, այրել  տները, մարդկանց  տեղահան  անելով  քշել  դեպի  մեծ  ճանապարհը:  Այդ  սարսափելի  վարմունքը   տեսնելով  մի  գյուղացի,  որը  հավանաբար  շատ  թե  քիչ  դեռ  հավատ  է  ունեցել  դեպի   երիտթուրքերի  արդարությանը,  գոչել  է.

-Մենք  կբողոքենք  կառավարությանը: Նա  ձեր  արածները  մարսել  չի  թողնի:

Այդ  խոսքերին  ի  պատասխան  քրդերը  հրացաններն  ուղղում  են  դեպի  անզեն  գյուղացիներն  ու  գոռում.

-Ո՞վ  է  ձեր  կառավարությունը,  բացի  մեզնից   ու  մեր  հրացաններից:  Ու  քանի  որ  մեր  հրացանները  մեր  ձեռքին  են,  ձեր  կառավարությունը,  ձեր  տերությունն  ու  ձեր  պատրիարքը  մենք  ենք:

Այս  գյուղի  ամբողջ  բնակչությունից  միայն  երկու  մարդ  էր  փրկվել:  Ծանր  վիրավոր  լինելով,  չեն  նկատվել  մահացածների  մեջ:  Հետո  մի  կերպ,  քարշ  տալով  վիրավոր  մարմինները,  փախել  են  լեռներն  ու  միացել  կամավորներին:

Մենք  էլի  բազում  պատմություններ  լսեցինք,  մեկը  մյուսից  սարսափելի…

Հաջորդ օրը,  չգիտեմ  ինչպես   թուրքերն  իմացան  կամավորների  տեղը:  Ներս  խուժեցին  դպրոցի  շենք,  բռնի  ուժով  դուրս  տարան  այդ  դժբախտ  մարդկանց  ու  հենց  դպրոցի  պատերի  տակ  սպանեցին:

Տեր  Աստված,  հենց  մեր`  երեխաներիս  աչքի  առաջ:  Մեր  աղջիկներից  մի  քանիսն  ուշաթափվեցին,  հազիվ  ուշքի  բերեցինք:  Օրեր  անց, նրանցից երկուսի   մոտ  սկսեցին հաճախակի դառնալ ուշաթափությունները:

Վախի  ու  սարսափի  մեջ  էինք  բոլորս:  Հատկապես,  երբ  իմացանք,  որ  մեր  վարժարանի  արական  բաժնից  թուրքերը  հանել  և  քաղաքից  դուրս  էին  տարել  տղաներին:  Ո~նց  էինք  ողբում…Այնպիսի ապրումների  ու  վախի  մեջ  էինք, բառերով  չեմ  կարող  ասել:  Սպասում  էինք,  որ  շուտով  թուրքերը  մեր  ետևից  էլ  կգան  ու  մեզ  ևս  կտանեն:  Իսկ որոշ  ժամանակ  անց  մեր  խնամակալուհիներից  մեկը  դրսից  իմացել  էր,  որ  բոլոր  տղաներին  խոշանգել  են,  հետո  սպանել:

-Տկն,  Լուսիա,  պատկերացնում եմ  հիմա ինչ  ցավ  եք  զգում  այս  ամենը  պատմելով,- ծեր  կնոջ  ձեռքը  բռնելով,  տխուր  ասաց  Արաքսը:

-Անշուշտ,- հոգոց հանելով, ասաց հյուրը,-  բայց  գիտե՞ք,  չնայած  տխրությանս,  պատմելուն  զուգահեռ  շատ բան  եմ  հիմա  վերհիշում…Չեմ  հիշում,  ե՞րբ  եմ  վերջին  անգամ  նորից  այսպես պատմել ու վերապրել… Մտքով այն  տանջալի  ժամանակների  մեջ  եմ փնտրում  ինձ ու զարմանում,  ինչպես  դիմացանք  մենք` փոքրիկներս, այդ  ամենին:

-Հասկանում եմ…-ասաց Արաքսը:

- Հակառակ  անձուկ  սպասումներին,  մեր  վախճանը (համոզված  էինք,  որ  մեզ  էլ  են  սպանելու) տարօրինակ  կերպով  ուշանում  էր,-  շարունակեց  տկն.  Լուսիան: -Մեր  վարժարանի  խնամակալուհիները   շատ  հոգատար  ու  իրենց  գործին  նվիրված  ամերիկացի  օրիորդներ  էին:  Հետագայում,  Ֆրեզնոյում  միսս  Մերիին  ես   պատահաբար  հանդիպեցի: Հիշեցինք,  հուզվեցինք…Անչափ  ծերացել  էր. մի բուռ դարձել պարզապես: Նա իմ այսօրվա տարիքին կլիներ հավանաբար:

Իսկ հիմա, ձեր թույլտվությամբ նորից վերադառնում  եմ  պատմությանս…

Շուտով հասկացանք,  որ  մեր  վարժարանի  հիմնադիրներից`  միսս Շեյնը,  միսս  Մերին  և   խնամակալուհի  միսս  Իլեյնը   հսկայական  ջանքեր  են թափում համոզելու  թուրքերին,  որ  տեղահանելու (իսկ դա կնշանակեր`  սպանել)  փոխարեն  աշխատեցնեն  մեզ։  Ու  մենք  սկսեցինք  զինվորների  համար  լվացք  անել,  կարել  ու  կարկատել: Այդպես, նրանց  շնորհիվ  մեզ  հաջողվեց  մի  քանի ամիս  հեռու  մնալ  վտանգից։  Ցավոք, շուտով  տիֆով  հիվանդացավ  ու վախճանվեց  մեր  բարի  միսս  Իլեյնը: Դրանից  հետո  թուրքերը պարտադրեցին  միսս  Շեյնին  ու  միսս Մերին հեռանալ Բաղեշից,  հետո  էլ  ընդմիշտ  Թուրքիայից։  Օտարի  ներկայությունը  նրանց  բոլորովին  պետք  չէր. ականատես եւ անշուշտ խանգարող  էին  լինելու  այդ օրիորդներն նրանց  սեւ գործերում:  Մենք դա  հետո  հասկացանք:

Հիշում  եմ,  ինչպես  էինք  աղեկտուր  լաց  լինում:  Ախր այդ  օրիորդները  մեր  պահապան  հրեշտակներն  էին:  Չգիտեինք,  չէինք   պատկերացնում,  թե  ի՞նչ  կլինի  մեր  վիճակը  նրանց   մեկնելուց  հետո:  Համոզված  էինք,  որ  երբ  նրանց  ետևից  դռները  փակվեն,  ապա  մեր  առաջ  կբացվեն  դժոխքի  ու  մահվան  դռները: Շատ   էինք  լսում,  որ  ջահել  աղջիկներին  բռնաբարում  ու  սպանում  էին  ճանապարհներին,  տների  ու  եկեղեցիների  պատերի  տակ:  Հիշում  եմ  մի  դեպք  էր  պատմում  միսս  Իլեյնը  միսս   Մարիին: Միսս  Իլեյնին  օտարազգի  միսիոներ  ծանոթներից  մեկն  էր  պատմել:

-Ահավոր  բաներ  են  կատարվում  այս  երկրում  հայերի  նկատմամբ,  իսկ  երեխաների  նկատմամբ`  էլ  ավելի  վատ:  Տրապիզոնում  մի  մեծ  խումբ  աղջիկների  ու  կանանց  են  Սև  ծովը  գցել,  խեղդել: Հարյուրավոր  երեխաների   էլ  իրենց  ծնողներից  խլել  ու  Եփրատն  են  գցել: Գետը   մահվան  գետ  է  դարձել,  այնքան  դիակներ  են  լողում  ջրի  երեսին,  -ասել  էր  ծանոթը:

Թեպետ  դրանք  մեր  ականջների  համար  չէին,  բայց  մենք  լսեցինք,  մենք  հասկացանք…Եվ  հիմա  մենք  մենակ  ենք,  այն  երեխաների  նման,  որոնց  սպանեցին…

Ու  հանկարծ  հրաշքի  նման  բան  կատարվեց:  Նրանց  հեռանալուց  հետո  մեր  փրկության  գործն  իր վրա  էր  վերցրել  մի  արաբ  բժիշկ,  որն  այդ  ժամանակ  ծառայում  էր  թուրքական բանակում։  Շուրջ  քառասուն  հայ  աղջիկներիս   համար  նախախնամ  դեր  կատարած  այդ  բժիշկը`  հալեպցի  դոկտոր  Մուստաֆան էր։

Միսս  Շեյնի  և  միսս Մերիի  հեռանալուց  հետո  թուրքերը  մտադրվել  էին  մեզ տարագրել,  բայց  դոկտորն  իր  ամբողջ  ազդեցությունը  գործի  դրեց,  համոզեց  թուրքերին։

□ Մի քանի աղջիկ  սպանելուց  ի՞նչ օգուտ,- ասել էր բժիշկը, – դա միշտ էլ  հնարավոր  է  կատարել։ Եկեք  նրանց  աշխատեցնենք  մեր  բանակի  կարիքների համար։ Նրանք  կարողանում են  կարել,  լվանալ,  եփել ու հիվանդապահություն անել։  Համոզված  եմ,  նրանք  շատ  հմուտ  կլինեն  այդ  գործերում:

Ահա  այդ  ձևով  մենք  կրկին ողջ մնացինք։  Այս  անգամ  մեր  կյանքով  մենք պարտական  էինք  բժշկին…

Ծեր  կինը,  որ  մինչ  այդ  պատմում  էր  հայացքը  մի  կետի  հառած,  ասես  այնտեղ  էր  տեսնում   իր   ամբողջ  պատմությունը,  դեմքը  շրջեց  դեպի  Արաքսն  ու  տեսավ  նրա  արցունքները:

-Տիկին,  ի՞նչը  հիշեցիք:  Ձեր  պատմությո՞ւնը,  մանկությո՞ւնը:  Մի՞գուցե  պետք  չէր  այսքան  երկար  պատմել:

-Այո,  շատ  բան  հիշեցի…Իսկ դուք գիտե՞ք` դոկտոր  Մուստաֆան,  ինչպես  դուք  եք  ասում,  իմ  ու  եղբորս   համար  երկրորդ  հայր  դարձավ:  Հորս  սպանելուց  հետո  մեզ  համար  և  փրկիչ  եղավ, և   բարերար:

-Ինչպե՞ս,  ի~նչ  եք  ասում,-  զարմացած  հարցրեց  կինը:

-Այո,  հենց  նա  մեզ  փրկեց  արհավիրքից,- մեղմորեն ասաց Արաքսը,-  իսկ  դուք  շարունակեք  ձեր  պատմությունը, մի հարմար պահի իմ պատմությունն էլ ես ձեզ կանեմ:

-Մենք  սկսեցինք  աշխատել  հոսպիտալում, -շարունակեց  պատմել տկն.  Լյուսիան:-  Շատ  ծանր,  լարված  աշխատանք  էր:  Բայց  հասկանում  էինք,  որ  սա  է  մեր  փրկությունը:  Ամբողջ  օրը  հիվանդ,  վիրավոր  զինվորներին  էինք  խնամում,  ուտեցնում:  Կային  նաև  շատ  ծանր  հիվանդներ:  Շատերը  ձեռք  ու  ոտք  չունեին:  Մի  մասը  չէր  տեսնում:

Դոկտորն  ամեն  ինչ  մտածված  կերպով  էր  անում  մեզ  պաշտպանելու համար։

Մեր  խմբի  հասուն  ու  գեղեցկատես  աղջիկները  թուրքերի  անվայել հետապնդումներից  պաշտպանելու  համար,  աշխատում  էին  լվացքատանն ու  խոհանոցում.  աչքից  հեռու:

Հիվանդ  ու  վիրավոր  զինվորներին  ճաշ  էին  մատուցում  տաս-տասերկու տարեկան փոքրիկ  ու  անբարետես  աղջիկները։

Ես  շատ  փոքրամարմին  էի,  սևուկ,  գանգուր  մազերիս  պատճառով`  միշտ  գզգզված:  Մի  փոքրիկ,  անխնամ  երեխա  պարզապես:  Այդ  փոքրիկների  հետ  ես  էլ  էի  կերակրում  զինվորներին:

Իսկ  հոսպիտալից  դուրս  նրանց  նմանները  շարունակում  էին  իրենց  սև  գործը:  Այս  զինվորներն  էլ  դուրս   գալով այդ  պատերից, չէին փոխվելու,  նույնն  էին  անելու: Մինչդեռ  մենք  շարունակում  էինք  օգնել  մեզ  սպանողներին  ու  մորթողներին: Այլ  ելք  չունեինք:  Մենք  ստիպված  էինք…

Դոկտորը  հաճախ  էր  գալիս  մեզ  տեսնելու  ու  նրա  հետ  էլ   երբեմն  թուրք  սպաները`  ստուգելու համար,  թե  ինչ  ենք  անում,  ինչպես  ենք  աշխատում,  օգնում:  Նախօրոք  գիտեինք.  դոկտորն  ասել  էր,  որ  նրանց  ներկայությամբ  ամեն  մեկս  պետք  է  մի  որևէ  գործով  զբաղված  լինենք:

Մենք  հետևում  էինք  նրա  ասածներին.  անընդհատ վազքի  մեջ  էինք:  Իսկ  կեսգիշերին  հոգնատանջ,  ասես  քամված` փռվում  էինք  մեր  անկողիններին:  Հաճախ  այնքան  էինք  հոգնած  լինում,  որ  ուտելը  մեծ  չարչարանք  էր  դառնում  մեզ  համար: Պառկում  էինք  սոված, միայն  թե քնեինք, մի  փոքր  հանգստանայինք:

Այդ  կարճ  ժամանակում  այնպես  էինք  վարժվել  դոկտորին, որ  նրա  ամեն  մի  բառից,  հայացքից  հասկանում  էինք`  վտանգ  է  սպառնում  մեզ,  թե  ոչ։

Երբ  նա  մռայլ  տեսքով  էր  գալիս,  գլխի  էինք  ընկնում, որ  վիճակը  խիստ  լարված  է, որ  վատ  բան  է մեզ  սպառնում: Եվ  ավելի  շատ  էինք  կենտրոնանում  մեր  գործի  վրա: Աշխատում  էինք  ոչ  մի  դեպքում  դժգոհ  չթողնել  նրան  ուղեկցող  թուրք  սպաներին, որոնց  աչքից  ոչինչ  չէր  վրիպում. ոչ  մեր  վերաբերմունքը  հիվանդների  հանդեպ,  նրանց  կերակրելն  ու  հագուստների  վիճակը  և  ոչ  էլ   սենյակների  ընդհանուր  տեսքը:

Իսկ  երբ  գալիս  էր  շատ թե քիչ ուրախ  դեմքով, հասկանում  էինք,  որ  մենք  ապահով ենք,  որ վտանգը  հեռու է: Մեր  շուրջն  աշխարհը  մի  կարճ  ժամանակում  գունավորվում  էր,  մոռանում  էինք,  որտեղ  ենք   և  ինչ  ենք  անում: Մենք նրա մեջ մեր կորած հորն ու մորն էինք տեսնում: Նա մի տաք հոգի էր մեզ համար, անձնուրաց բարեկամ, որը շատ անգամ մոռանում էր սեփական «ես»-ի ու անվտանգությունը մասին: Զարմանալի էր այդ մեծ մարդու վերաբերմունքը մեր հանդեպ, հատկապես երբ տասնամյակների հեռվեց ետ եմ նայում ու փորձում բացատրություն տալ նրա այդքան անզնազոհ վերաբերմունքին մեր` իրեն բոլորովին անծանոթ երեխաների հանդեպ, առավել ևս ոչ իր ազգի երեխաների: Որքան այդպիսի մարդիկ գիտի մարդկային պատմությունը, դժվարանում եմ ասել, իսկ եթե գիտի, ապա նրանցից մեկը մեր Մուստաֆան է եղել:

Երբ  ռուսական  բանակը  մոտեցավ  Բաղեշին  ու  մարտեր  սկսեցին  գնալ  քաղաքի մատույցներում, մեզ  պատեց  ահն  ու  սարսափը։ Հակասական  լուրեր էինք  լսում. մեկ  թուրքերի  ձեռքին  է   քաղաքը, մեկ`  ռուսների: Ո~նց  էինք   վախենում: Մտածում  էինք,  եթե  կռիվը  քաղաք  փոխադրվի,  թուրքերը  կատաղությունից  մեզ կկոտորեն։

Սակայն Աստված խնայեց  մեզ:  Ռուսներն ու  հայ կամավորական ջոկատները  գիշերով այնպես անակնկալ  մտան քաղաք, որ  թուրքերին  այլ  բան չէր մնում  անել, քան փախչել։

Քաղաքը գրավելուց  հետո,  մի  խումբ  հայ  կամավորներ  ներխուժեցին  հոսպիտալ  ու երբ  տեսան թուրք  սպայական համազգեստով  բժշկին  մեր  կողքին,  հրացաններով  հարձակվեցին  նրա  վրա։

-Գազանին  հենց  իր  որջում  կոչնչացնենք,- գոչելով ասաց  նրանցից  մեկը:  Նրա  շարժումներից,  խոսքի  տոնից  հասկացանք,  որ  հրամանատարն  է:

Մուստաֆան  այդ  պահին շատ  հանգիստ  թվաց,  բայց  հանգստության տակ  զգացվում  էր  լարվածությունը:

-Դե,  մի՞գուցե  խոսես:  Բերանդ  ես  ջուր  առել  վախից,  այո՞,- գոչեց  մեկ ուրիշ կամավոր:

-Իսկ  ի՞նչ  եք  ուզում  լսել,- հարցրեց  դոկտորը:

Այդ  պահին  զգալով  մեր պահապանին սպառնացող վտանգը, մենք աղաղակով  ու լալով  շրջապատեցինք  նրան.

- Ի սեր  Աստծո,  խնայեցեք  այս  մարդուն,  նա  է  մեզ ազատել, նա  է  մեզ փրկել։ Հեռու  տարեք  ձեր  հրացանները:

Իսկ  աղջիկներից  մեկը,  որ  մեր  ավագն  էր  ու  ավելի  հասկացող,  ասաց.

-Եթե  դոկտորը  չլիներ, մեզ  վաղուց  էին  պատվազրկել ու  մորթել:  Սա  այն  մարդն  է,  որը  մեզ պարզապես ապրելու  հնարավորություն  տվեց:  Առանց  այս  բարի  մարդու, մենք  շատերի  նման  հիմա  մոխիր  էինք:

-Տիկին  Արաքս,  այս  անգամ  մենք   էինք  Փրկչի  դերում, -նայելով  Արաքսին,  ասաց   տկն.  Լուսիան: -Փրկեցինք  Մուստաֆային  իր  արած  բարիքների  համար։  Իսկ  նրա  արածն  այսպես պատմելով  քիչ  է  ներկայացնելը:  Դա տեսնել  էր  պետք,  դա  զգալ  ու  ապրել  էր  պետք: Թուրքի  հենց  սրտում, այն  ժամանակներում  մեզ  նման  անմեղ  երեխաներին  պահելը  հերոսություն  էր, դեռ մի  բան էլ ավելին: Խոսքս  շատ  քիչ  է:

-Ոչինչ  պետք  չէ  ասել,  աղջիկներ,-  ասաց  դոկտորն  ու  փորձեց  ճեղքել  մեր  օղակը, -եթե  այս  զինվորները  գտնում  են,  որ  ինձ  բռնել  է  պետք,  ուրեմն  թող  բռնեն:

Բայց  մենք  նորից  գոչեցինք.

-Չէ, չէ~, դոկտո~ր…

Այս  ամենը  տեսնելով  ու լսելով  հրամանատարը,  որ  հրացանը  մեր  գլխավերեւով  ուղղել  էր  դոկտորի  վրա,  իջեցրեց:

-Ի՞նչ  կարող եմ  ասել,  եթե  երեխաներն  այսպես  պաշտպանում  են  բժշկին,  ուրեմն, նա  իրոք  արժանի  է  դրան,- ասաց  ու շրջվեց  դեպի  իր  ընկերները,  որոնց  համար  ևս,  խիստ  անսպասելի  ու  զարմանալի  էր  մեր  վարմունքը:

-Անդրանիկ  Փաշան  Նշան  եկեղեցու  բակում  է  հիմա:  Այս  բոլորը  տեսնելով,  կցանկանայի  քեզ` բժիշկ,  նրան  ներկայացնել: Ես  կպատմեմ այս ամենը նրան: Կուզեի  նաև  ինքդ  պատմեիր,  ինչպես  եղավ, որ  այսքան  բարի  գործ  արեցիր այս  աղջիկների  համար:

Զգացինք,  որ  դոկտորը  շփոթվեց  նման  խոսքերից.

-Ես  այնպիսի  հերոսություն  չեմ  արել,  որ  ինձ  Փաշային  ներկայացնեք: Ես  պարզապես օգնել եմ  այս  երեխաներին:

-Ես  այդպես  չեմ  կարծում:  Երեխաներն  ապշեցրին  մեզ  իրենց  վարմունքով: Նրանք  չէին  խաբի:

-Մենք  հետո  իմացանք,  որ  հայ  կամավորները  պատմել  են  Անդրանիկին  բժշկի  փրկարար  դերի   ու  որպես  բուժքույր  հիվանդանոցում  մեզ պահելու մասին:  Անդրանիկը  սեղմել  է  Մուստաֆայի   ձեռքը,   շնորհակալություն  հայտնել  և   պատվոգրով  պարգևատրել նրան։  Դա  շատ  հուզիչ  է  եղել,  թե  Անդրանիկի,  թե  բժշկի  համար:  Դա  եզակի  դեպքերից  մեկն  է. թուրքական  բանակի  բժիշկը  փրկում  է  հայ  երեխաներին:  Եվ  հիմա  հարգելի  տկն. Արաքս  պատմությանս ավելացավ  նաև  ձեր ասածը:

-Ձեր  պատմածն  ինձ  ու ընտանիքիս շատ  հարազատ  մարդու  մասին է:  Շնորհակալ եմ,  որ  պատմեցիք,- ասաց Արաքսը, հետո շարունակեց,- գիտեք,  երբ  դուք  սկսեցիք  պատմել,  ես  հիշեցի,  որ  կա  նաև  մի  այսպիսի  պատմություն` այն  ասես  ձեր  պատմածի  շարունակությունը  լինի:  Այն  պատմել  է  ձեր  վարժարանի  մեկ  այլ  սանուհի`  Ծովինար  անունով:  Նա  հիմա  չկա:  Պատմությունը  Ծովինարը  պատմել  է  իմ  խորթ  քրոջը` Սաբահին,  որը  մորս եւ Մուստաֆայի  երկու  աղջիկներից  մեկն  էր,  նա  ապրում  էր  Բոստոնում:  Ցավոք,  այսօր  նա  մեզ  հետ  չէ,  մահացավ  մի  քանի  տարի  առաջ,  քաղցկեղ  ուներ  թոքերում:

-Ցավում  եմ  ձեր  կորստի  համար,-  բռնելով  Արաքսի  ձեռքը,  ասաց  տկն. Լուսիան:- Բայց  ձեր  ասաց  անունով  աղջիկ`  Ծովինար,  չեմ կարողանում հիշել:  Հիշողությունս  պատմությանս  հետ  սպառվեց: Ախր այն,  ինչ պատմեցի,  թվում  էր  վաղուց  է  թռել  ու  հեռացել  ծերությանս  պատճառով:  Բայց  շատ կուզեի  լսել  նաև  ձեր  իմացածը: Հիմա  էլ  դուք  պատմեք,  խնդրում  եմ:

-Դուք  ինձ  հյուր  եկաք,  իսկ  ես  ձեզ  հուշերի  գիրկը  տարա:  Դա  այնքան  էլ  ճիշտ  չէր  իմ  կողմից:

-Ոչ,  ոչ…Այդպես  մի  ասեք:  Ես  վերապում  եմ  շատ  հուշեր,  իմ  երեխայությունը,   իմ  հայրենիքը: Դրանք հեռավոր  ու  անհասանելի  պատառիկներ  են:  Որքա՞ն  է  մնացել  ինձ  ապրելու,  գիտե՞ք,  շա~տ  քիչ:  Ես  դեռ  զարմանում  եմ,  ինչպես  եմ  այդքան  մեծ  արհավիրքներից` տեսածից  ու  լսածից  հետո  կենդանի  մնում  այսքան  տարի:  Ախր  գրեթե  մեկ  դար  է,  որ  քայլում  եմ,  տեսնում,  շնչում,  մի  խոսքով`  ապրում…Եվ  հիմա  դուք  փորձում  եք  խղճա՞լ  ինձ:  Դա  ծիծաղելի  է  տիկին…Շարունակեք, խնդրում եմ:

-Ես  ձեզ  հասկանում  եմ  ու  ասում,  որ  իմ  ու  ձեր  տարիքային  տարբերությունն այնքան  էլ  մեծ  չէ,  ուրեմն`  առաջ…- տխուր  ժպիտով  ասաց  Արաքսը:

-Քույրս  և   Ծովինարը  հարևաններ  են  եղել:  Կարելի  է  ասել,  լավ  ընկերուհիներ,  ընտանիքներով  էլ  մտերիմ:  Հոր  կողմից  արաբ  լինելը,  բոլորովին  չի  թուլացրել  քրոջս  մեջ  հայի  ոգին: Դա  անշուշտ  վերաբերվում  է  նաև  մյուս  եղբայրներիս  ու  երկրորդ  քրոջս:

Իհարկե,  սկզբանական  շրջանում  երկու  ընկերուհիներից  ոչ  ոք  իր  անցյալից  չի  պատմում:  Յուրաքանչյուրը   մտածում  է,  որ  տխուր  պատմություններ  են  և  չարժե  փորփրել:  Բայց  ահա  գալիս  է  մի  պահ,  երբ  Ծովինարն  ընկերուհու  առաջ  մերկացնում  է  իր   ցավը:  Նա  կիսվում  է,  խոսում  և  երբ  իմանում  է,  որ  Մուստաֆան  իր  ընկերուհու  հայրն  է` խիստ  զարմանում  է,  միաժամանակ`  ուրախանում:

Ահա  թե  ինչ  է  նա   պատմել:

- Ամեն  օր  վարժարանից   հիվանդանոց  ճաշ  էինք  տանում:  Ճաշ  փոխադրող  փոքրիկ  աղջիկներից  մեկն  էլ  ես  էի։

Մեզ հիվանդանոց էր տանում Հասան անունով  մի  թուրք,  իսկ հիվանդանոցի վերակացուն էր  Մամազ Չավուշ անունով,  լավ   հայերեն  իմացող  մի  այլ  թուրք։

Եվ  ահա  եկավ  այն  օրը,  երբ  ռուսական բանակն  ու  հայ  կամավորները  մարտեր  սկսեցին  մղել  քաղաքի  մոտ:  Այդ  օրը   երեկոյան,  մի  քանի  աղջիկներով կրկին  ճաշ  էինք  տանում  հիվանդանոց:  Ճանապարհին  խոսում  էինք:  Մամազ Չավուշը  լսելով  մեր  մեջ ընթացող  հայերեն  խոսակցությունը,  ասաց.

-Հայերը վերջացան,  նրանց  Աստվածը  չօգնեց։

Փոքրիկ  դույլերով  էինք  տանում  ճաշը,  յուրաքանչյուրիս`  երկու  դույլ:

Նրա  այդ  խոսքերից  մեր  աղջիկներից  մեկն  այնպես  շփոթվեց,  որ  թափեց  իր  ձեռքի  ճաշը:  Աղջիկը  դույլերը   ձեռքից   գցեց  ու  այնպես   սառավ,  որ  այդ  պահին  չգիտեինք  ինչպես  ուշքի  բերել  խեղճին:

Դույլերը  դատարկ  էին:  Մենք  ուշացնում  էինք  ճաշը: Ի՞նչ  անել… Շվարել,  կանգնել  էինք:  Աղջկան  մի  կերպ  ուշքի  բերեցինք: Հետո յուրաքանչյուրս  մեր  բաժնից  լցրեցինք   նրա  դատարկ  դույլերն  ու  հազիվ  քարշ  տալով  աղջկան,  մտանք  հիվանդանոց:  Ճաշարանում  նկատեցին,  որ  սովորականից  քիչ  են  այդ  օրը  ճաշ  ուղարկել: Դույլերի  եղածը  քիչ  էր:

-Սա  ինչ  բա՞ն  է,-  գոռաց  մեզ  վրա  ճաշարանի  հսկիչը:- Շանսատակ  եմ  անելու  ձեզ,  սատանի  ծնունդներ:

-Ի՞նչ  է  եղել,  ինչո՞ւ   ես  գոռում,-  մոտենալով  կատաղությունից  կարմրած  հսկիչին,  հարցրեց  բժիշկ  Մուստաֆան:

-Ապա  նայեցեք,  կիսատ  են  բերել  ճաշը  սատանի  ծնունդները:

-Հանգիստ  թող  նրանց:  Որքան  տվել  են,  այնքան  էլ  բերել  են  երեխաները:

-Կիսատ  են  բերել,  չի  հերիքի,-  նորից  է  կրկնում  հսկիչը:

-Իսկ  ի՞նչ  ճաշ  է,  տեսնեմ:  Օ~,  սա  ի՞նչ  բան  է:  Շատ  է  յուղոտ  և  թանձր,  հիվանդներին  վնաս է  այդչափ  յուղը:  Մի՞թե  չեմ  զգուշացրել,  որ  ճաշը  պետք  է   ջրիկ  լինի,  յուղն  էլ`  քիչ:  Ջուր  եռացրու   և  ավելացրու…

Հսկիչը  լուռ  ենթարկվեց:

Ճաշն  այսպես  թե  այնպես  ջրիկ  էր,  յուղ  գրեթե  չկար…

Փրկեց  մեզ  բժիշկը:  Փրկեց`  պատժից:  Իսկ  թե  ինչպիսի՞ն  կլիներ  այդ  պատիժը,  վախենում  եմ  բարձրաձայնել…

Երեկոյան,  երբ  հիվանդանոցից  վարժարան  էինք  վերադառնում,  մեզ ասացին,  որ հաջորդ  օրը  քաղաքից  հեռացվելու  ենք։  Դա  մեզ  համար  ավելի  մեծ  աղետ  էր`  տարագրություն  ու մահ։  Ու  մենք  կես  ճանապարհին մի  սարսափելի  տեսարանի  ականատես եղանք:  Հիմա էլ  պատմելով փշաքաղվում եմ:  Որքան պետք է  մարդ  արարածը  դաժան լինի,  անհոգի  ու  վայրենի,  որ  նման  արարք  թույլ  տա  իրեն:

Հեռվից  նկատեցինք,  ինչպես  են  մի  խումբ  թուրքեր  գոռում  ու  գոչում,  վայրենի  ճիչեր  արձակում:  Երբ  ավելի  մոտեցանք,  տեսանք,  որ  շան  մի  քանի  ձագեր  են վառվում:  Նրանց  վրա  նավթ  էին  լցրել  թուրքերն  ու  գոռում էին.

-Վաղն  այսպես  հայերին  ենք  վառելու,  եթե  փորձեն  քաղաք մտնել:

Երբ  մեզ  տեսան,  գոռոցներն ավելի  ուժեղացրին,  ասես  ի  ապացույց  իրենց  երդման:  Իսկ  խեղճ   ձագերը  մղկտալով  կաղկանձում  էին  եւ  այս  ու  այն  կողմ  փորձում  փախցել: Վայրենի  արարածները  չէին  թողնում,  ոտքով  հարվածներ  էին  հասցնում  անմեղ  ձագերին… Այդ  ամենը  տեսնելն  ու  լսելը  սարսափելի  էր:

Ամբողջ  երեկոն  ու  գիշերն  անցկացրինք  ահ  ու դողի  մեջ, միաժամանակ  փրկության ուղիներ  էինք  որոնում։ Բայց  ի՞նչ  կարող  էինք  մենք`  երեխաներս,  անել…

Հաջորդ  օրը,   երեկոյան,  հայ  կամավորների  քաղաք  մտնելուց  մի  քանի ժամ առաջ,  մեզ  հաց  բաժանեցին,  որպեսզի  մյուս օրը   ճանապարհ  հանելու ժամանակ`  հաց  ունենանք։  Պատկերացնո՞ւմ  եք,  նրանք  մեզ  հաց  բաժանեցին,  ինչպիսի~  «մարդասիրություն»…

Ամբողջ  գիշեր  կրակոցներ  ու  թնդանոթի  ձայներ  էինք  լսում,  հետո`  գոռոցներ: Չէինք  հասկանում,  ո՞վ  է  ավելի  հաճախ  կրակում,  ո՞վ  է  ավելի  բարձր  գոռում:  Լեզուները  խառնվել  էին:

Բոլորս  հավաքվել  էինք  մի  սենյակում  ու  վախից`  անօգնական,  թևաթափ   ճնճղուկների  նման  կուչ  եկել:

Առավոտյան  թնդանոթի  ձայները  լռեցին։  Տիրեց  ընդհանուր  լռություն:  Մեզ համար  անհասկանալի  էր,  թե  ի՞նչ  էր  տեղի  ունենում։

Հանկարծ, Հասանը, որ քաղաք էր գնացել, շնչասպառ ներս ընկավ ու սարսափած ասաց.

□ Ֆիդայիները  լցվել  են  քաղաք։  Եթե  ինձ  բռնեն`   կսպանեն։  Աղաչում  եմ, փրկեք  ինձ։

Քիչ  ժամանակ  անց  մի  խումբ  ֆիդայիներ  մտան վարժարան։  Մենք հասկացանք, որ փրկված  ենք, որ  ազատ ենք։

Նույն օրը  ես  տեսա Մամազ Չավուշին,  որը  գերի  էր  ընկել։

- Նասըլսը՞ն[1] Մամազ Չավուշ, -չարախնդացի  ես։

- Քո Աստվածը  շատ  ուժեղ  է, – պատասխանեց Չավուշը հայերեն։

-Տե~ր  աստված,  որքան բան  հիշեցինք,- ասաց տկն. Լուսիան:

-Այո  եւ  ոչ  միայն ձեր,  այլ նաև  մեկ ուրիշի  պատմությունը:  Ախր,  դրանք  այնքան  նման  են  իրար,  որ  կարելի էր  պարզապես  նույնացնել, մի  պատմություն անել:

-Թերևս  ճիշտ  եք:  Տկն. Արաքս,  ցավում եմ,  որ  պետք  է բաժանվեմ  ձեզնից:  Հուսով  եմ,  հաջորդ  անգամ  ձեզ  կտեսնեմ  իմ տանը:  Դա  մեծ  պատիվ  կլինի  ինձ համար,- ասաց  տկն.  Լուսիան:

-Եթե  առողջությունս  ների,  ես  անպայման  ձեզ  այցի  կգամ,- պատասխանեց   Արաքսն  ու  ավելացրեց,-Լուսիի  հետ:

Կինը  գնաց:  Հեռու  օրերի  հուշերը  կենդանացան,  մշուշի  մեջ  պահված  ցավը  մերկացավ:

-Բոլոր  այն  մարդիկ,  ովքեր  չկան այսօր,  վաղուց  հավերժության  մեջ  են…-ասաց պատուհանից  դուրս  նայող Արաքսը:

***

-Մի  քանի  օր  առաջ  հյուր  ունեի ,- պատարագից  դուրս  գալով,  ասաց  Արաքսը  Սուրենին:

-Հյո՞ւր,  ի՞նչ  հյուր,-  հարցրեց  եղբայրը:

-Կարո՞ղ  ես  պատկերացնել,  թե  ո՞վ  է  ինձ  մոտ  աշխատող  Լյուսիի`  մեծ  մայրը:

-Ո՞վ,- զարմացած  հարցրեց  Սուրենը:

- Բաղեշի ամերիկյան վարժարանի  սանուհիներից  մեկը,  Մուստաֆայի  փրկած  աղջիկներից մեկը:

- Իրոք,  զարմանալի է,-  գլուխը  պտտելով, ասաց եղբայրը:-  Քանի  տարի  է  մարդը  չկա,  բայց  նրա  մասին  դեռ  լսում ենք:  Հավատացած եմ` դեռ  երկար կլսենք:

-Այո:  Բարի  գործը  միշտ  այդպես է:  Մարդուց  հետո  դեռ  շատ  երկար  է  ապրում,-  ասաց  ու  մտավ  եղբոր  թևը,-  շունչս  կտրվում  է,  չեմ  կարողանում  անգամ  մի  փոքր  քայլել:

-Է~հ,  դու  նորից  սկսեցիր,-  հանդիմանող տոնով,  ասաց  Սուրենը: Նայեց քրոջը, նրա դեմքի գույնը դուր չեկավ եղբորը:

-Դու  չես հավատում  ինձ, բայց այդպես է:

-Ես քեզ իմ  բժշկին եմ ուզում ցույց  տալ: Վաղը  ևեթ,- ասաց  Սուրենը:

-Ջանը~մ,  ինչե՞ր  ես ասում, ոչ  մի  բժիշկ:

-Ասացի  բժիշկ, ուրեմն բժիշկ, կամակորություններ մի  արա, երեխա չես:

-Ավելի լավ է ինձ տուն  տար: Քեզ  կպատմեմ  այդ կնոջ պատմածները:  Այնքան  հուզիչ  էին…-  տխրությամբ ասաց  Արաքսը:

-Ոչ  մի պատմություն,  հերիք եղա’վ:  Առողջությանդ   քարը  դրեցիր:  Ամեն անգամ  հիշում  ենք,  վերհիշում:  Ամեն  անգամ  վերապրում  ես  այս  ամենով  ու  տխրում:

-Ես  միշտ  էլ  հիշելու եմ:  Այնտեղ ես  եմ,  դու,  մենք բոլորս…Երբ  կինը պատմում էր,  այնպես  էի  ուզում,  որ  դուք  բոլորդ  ներկա  լինեք  ու  լսեք  նրա պատմությունը: Իսկ  դու  ինձ  ասում  ես` մի’ հիշիր:

Սուրենը  չգիտեր  ինչպես հանգստացներ  քրոջը: Նա համաձայն  էր  Արաքսի հետ: Բայց  ախր,  առողջություն չմնաց  խեղճի  մեջ:

-Լավ,  քեզ տուն եմ  տանում: Տանը  կշարունակենք:  Միայն  մի  նեղսրտիր:

Մեքենայի  մեջ  երկուսն  էլ  լուռ  էին:  Ասելիքը  պահում  էին  տանը  շարունակելու համար:

-Բարև ձեզ, պարոն,- դիմավորելով Սուրենին,  ասաց  Լյուսին:

-Բարև  աղջիկ,- ժպտալով  պատասխանեց  Սուրենը:

-Ի՞նչ  կուզես  ուտել, -հարցրեց Արաքսը,  նայելով  եղբորը,-  հիմա  Լյուսիին կասեմ  արագ  մի  բան  պատրաստի:

-Չէ, ուտել չկա: Թող միայն սուրճ  բերի  ու  նարնջի  հյութ:

Երբ  Արաքսը  հեռացավ, Սուրենը  նստեց  բազմոցին ու  նայեց շուրջը:  Սենյակի  անկյունում  տիկնիկն  էր:

-Է~հ,  վերցնել  է պետք  այստեղից,-  ինք իրեն խոսեց  Սուրենը:  Հետո կամաց վեր  կացավ  տեղից, մոտեցավ  ու  վերցրեց  մանկությունից  մնացած  այդ  պատառը:  Մոտեցրեց  քթին: Տեսնես  հոտ  ունի՞: Չունի: Պարզապես  անծանոթ,  հեռավոր,  խունացած   հոտ: Նորից  նայեց  շուրջը:  Մարդ  չկար:  Տիկնիկը  դրեց  տեղը:

-Ահա  եւ  ձեր  սուրճն  ու նարնջի  հյութը,- ասաց Լյուսին:

-Լսել եմ,  որ  մեծ  մայրդ  այստեղ  է  եկել  և  որ  նա  ևս  բաղեշցի  է:

-Այո,- աչքերը  փայլեցնելով, պատասխանեց  աղջիկը:

-Լավ  է,  շատ լավ  է:  Ուրեմն  դու  ևս  մեզ  հայրենակից  ես,- ասաց  Սուրենն ու  վերցրեց   հյութով   բաժակը:  Աղջիկը  ժպտաց  ու  լուռ  հեռացավ:

Ձեռքերը  գրպաններում  դրած`  եղբայրը  պատուհանից  դուրս  էր  նայում,  երբ  քիչ անց  սենյակ  մտավ  Արաքսը:

Կիրակնօրյա  կեսօրն  այնքան  հաճելի  էր. արև,  ջերմություն:

-Օրն ասես  դուրս  է  կանչում,- կամաց ասաց Սուրենը

***

-Հայրիկ,  անցյալ անգամ  դու  չավարտեցիր  խոսքդ:  Հիշո՞ւմ  ես,  խոստացար  պատմել  քո  մանկության ամենատխուր  պահը`  ինչպես  թուրքերը  տարան  մեր  մեծ  հայրիկին:  Հիշո՞ւմ  ես,-  նորից  կրկնեց  հարցը  Վաղարշակը:  Հայր  ու  տղա   նստել  էին  իրենց   այգում,  ծառերի  շուքի  տակ:  Պաշտպանվում էին հուլիսյան  վառող արևից:

-Հիշում եմ:  Բայց  չգիտեմ,  կկարողանամ  ասել  այն,  ինչ  կատարվեց  այդ ժամանակ:

-Այդ  օրը  ես  հաճախ  եմ  հիշում: Ախր  վերջին անգամ  տեսանք  մեր  հայրիկին:  Դու  չգիտես,  ինչ   բան  է  դա   փոքրիկի  համար:  Երբ  և  հասկանում  ես,   թե  ինչ  է  կատարվում  շուրջդ,  և  այնքան  էլ  ոչ:  Քանի  որ  այսպես  թե  այնպես,  դու մնում  ես  մի  փոքրիկ,  հինգ  տարեկան  երեխա…Բայց  այդ  օրը  լավ  եմ  հիշում…

-Հայրիկ,  ուզում ես այսօր մի  պատմիր:  Թող  մնա  մեկ  ուրիշ  օրվան,-նեղսրտած ասաց որդին:

-Չէ,  պատմությունը  չի  սիրում  կիսատ  մնալ,  այն  միշտ  իր  ավարտին  է ձգտում,-  ասաց  Սուրենն  ու  շարունակեց:  -Հիշում եմ,  ինչպես  էր  մայրիկն  այդ  օրը   սպասում  հայրիկին:  Տխուր  լուրեր  էր  նա  առավոտյան լսել. քաղաքի  տարբեր մասերից  էլ կրակոցներ  էին  մեզ  հասնում:

Պատուհանից  չէր  հեռանում:  Գնում  էր,  գալիս  անհանգիստ:  Տեղը  չէր  գտնում:

-Գիտես  ի՞նչ  էր  տվել  մեծ  հայրիկդ   մեծ  մայրիկին,  որ  ինքն  էլ,  մենք  էլ  խմենք,  եթե հանկարծ  թուրքերը  մեզ  բռնեն,-  հարցրեց  Սուրենը   որդուն:

-Ի՞նչ  էր  տվել,  ի՞նչ  էիք  խմելու,- զարմացած  հարցրեց  Վաղարշակը:

-Թույն  էր  տվել:

-Թո~ւյն,- զարմացած բացականչեց որդին:

-Այո,  թույն:  Եթե հանկարծ  թուրքերը  գային  տանելու  մեզ, մենք գնալուց  առաջ  անպայման  պետք  է  խմեյինք:  Նա չէր  ցանկացել,  որ  մենք  դաժան  մահով  մեռնենք, քանի որ  թուրքերը  ոչ  մեկիս  չէին  խղճա:  Եթե  տանում  են,  ուրեմն  միայն  մահվան  են  տանում:

-Հիշի’ր  խոսքերս,  Սաթենիկ…- ահա  սրանք  են  եղել  մորս  ուղղված  հորս  վերջին  խոսքերը:

Այդ  խոսքերից  հետո  Սուրենի  աչքերը  լցվեցին  ու  արցունքները   գլոր-գլոր  սկսեցին ցած  հոսել:

-Հայրիկը  վերադարձավ` հանկարծ  ասաց  մայրիկն  ու  շրջվեց  մեր  կողմը,-խոսքը շարունակեց հայրը::

Նկատեցի,  որ  դեմքն  արցունքներից  կարմրել է, ուռել:  Մենք` ես ու  հորաքույրդ  արագ  մոտեցանք  պատուհանին:  Փոքրիկ  թաթիկներով  մի  պահ  հպվեցինք  ապակիներին:  Հետո,  վարագույների  ետեւից  տեսանք,  որ  հայրիկը  մենակ  չէ,  այլ  երկու թուրք  ոստիկանների  հետ։  Բայց  դա շատ կարճ տեւեց. մայրիկն  արագ  ետ  քաշեց  մեզ:  Նրանք   չթողեցին,  որ  հայրիկը  տուն  մտնի,  հրացաններով  էին:  Զարմանալի  էր  թուրք  ոստիկանների  վարմունքը`  հայրիկին  տուն  բերելն  ու  մեզ  վերջին  անգամ  թեկուզ  հեռվից  տեսնելը… Ամեն ինչ  այնքան  արագ  կատարվեց,  արդյո՞ք  նա  մեզ  տեսավ,  թե  չտեսավ,  չգիտե՞մ: Արդեն հասուն տարիքում այդ  հարցն  ինձ  միշտ  շատ   է  տանջել:

-Դրանից  հետո  մենք  էլ  երբեք  չտեսանք  մեր  հորը: Նա գնաց…Հետագայում,  արդեն  Նահանգներում,  միշտ,   չգիտես  ինչո՞ւ-ինչպե՞ս,  հույսով  էինք,  որ  մի  օր  հայրիկը  կվերադառնա…

Այդպես  գլորեցինք  մի  ամբողջ  կյանք:

Այդ դեպքերից շատ ու շատ տարիներ անց,  ես եւ Արաքսը հրավիրվեցինք մեր հայ բարեկամներից մեկի տուն, որտեղ  պատահաբար ծանոթացանք մի ծերունու հետ, որը եղել է այն խմբի մեջ, որտեղ եւ հայրիկն էր…Նրանք միասին են քշվել դեպի մահ:

-Քշվե՞լ,-«քշվել» բառից զարմացած հարցրեց Վաղարշակը:

-Այո’, քշվել: Ինչո՞ւ ես զարմանում, չէ՞ որ այդ ամբողջ ժամանակ ոչ միայն հայրիկի փոքրիկ խմբին, այլ մնացած հայերին են տարբեր վայրերում տկլոր ու բոբիկ, սոված ու ծարավից խեղդված  քշել անապատներ, քարքարոտ, անմարդաբնակ վայրեր` սպանելու, մորթելու, կախելու կամ կտոր-կտոր անելու համար…Հազարավոր անմեղ մարդկանց  մարմիններ խոշտանգելուց հետո անգամ հողին չարժանացան. ոսկորները ցրվեցին կիլոմետրերով` հող ու փոշի դարձան:

-Սարսափելի է պատմածդ…-մրմնջաց Վաղարշակը:

-Ոչ թե բառերս են սարսափելի, այլ գործողությունները, որ կատարվեցին այն սեւ թվերին:

-Իսկ աշխարհը՞, աշխարհն ինչպե՞ս էր այդ ամենին նայում,-բարձրացնելով ձայնը, հարցրեց Վաղարշակը:

-Ի՞նչ աշխարհ, որդիս, ո՞ւր էր այնտեղ աշխարհ: Այն կույր, խուլ, պատերազմներից քրքրված կիսամեռ դիակ էր, որը կարողանում էր հազիվ հազ մտածել միայն իր վերակենդանացման մասին: Ո՞վ էր տեսնում կամ լսում հայերին…-էլ ավելի բարձր ձայնով պատասխանեց Սուրենն ու լռեց:

-Իսկ ի՞նչ ծերունու մասին էիր ուզում պատմել, հայրիկ: Եվ որտեղ էիք ծանոթացել նրա հետ,-ցանկանալով մի փոքր շեղել հոր միտքը, հարցրեց տղան:

-Եկմալյաններին դու երեւի լավ ես հիշում, չէ՞,-հացրեց հայրը:

-Նյու-յորքաբնա՞կ: Դե իհարկե: Կար ժամանակ նույնիսկ Աբգարի աղջկա վրա էի սիրահարվել,-հիշելով տարիներ առաջ ունեցած իր սիրո պատմությունը, ժպիտով պատասխանեց տղան:

-Այո, նրա: Ութսունականների սկզբից  Աբգարը «Հայոց տուն» կազմակերպության հիմնադիրն էր ու նախագահը: Եվ ահա մի քանի տարի առաջ մեզ հրավիրեց իրենց իսկ կողմից  կազմակերպած  մի մեծ բարեգործական միջոցառման` ի նպաստ պատերազմող երկրներից եկած հայերի, որոնք չէին կարողանում սկզբնական շրջանում գտնել իրենց տեղն այս երկրում:

-Որքան հիշում եմ Եկմալյանները շատ հայրենասեր մարդիկ էին: Ցավոք, ինձ խորթ ու անհասկանալի էր նրանց այդքան հայրենասիրությունը,-տխուր ասաց Վաղարշակը:

- Այո, ցավոք…Միջոցառմանը մայրդ չկարողացավ մասնակցել. տկար էր այդ օրերին, իսկ ճանապարհն էլ ավելի վատ կլիներ նրա համար: Ես եւ հորաքույրդ գնացինք,-շարունակեց պատմել Սուրենը: -Երեկոյի ընթացքում, երբ շրջում էինք այդ մեծ ու  գեղեցիկ տանը, հյուրասենյակի պատին մի հետաքրքիր ու յուրահատուկ կոլաժ  տեսա: Մի պահ թվաց Փարաջանովն է հեղինակը: Երբ Աբգարին հարցրի, հեղինակի ով լինելը, պատասխանեց.

-Հրաշալի նկարիչ է Վագիֆը` կիսով չափ թուրք, կիսով չափ գերմանացի: Ինքն է այս գործը նվիրել ինձ: Նա այստեղ` Նյու-Յորքում է ապրում: Բազմաթիվ ցուցահանդեսներ ունի կազմակերպած աշխարհի տարբեր երկրներում:

-Իսկ ինձ թված Փարաջանովն է,-ասացի ես:

-Փարաջանովի ազդեցությունը հեռվից հեռու շատ մեծ է նրա ստեղծագործությունների վրա: Մի առիթով Վագիֆն ինքն է  դա ասել: Այնպես որ ինչ-որ տեղ կասկածներդ հասկանալի են…

-Ինչպիսի~ առաջընթաց, ինչպիսի~ ժամանակներ…Այնպես է փոխվել աշխարհը, որ անգամ թուրքն է փոխվել, թեկուզ  եւ կիսով չափ է նրա երակներում հոսում վայրագ ու տգետ ցեղի արյունը: Թուրքն այնքան է փոխվել, որ անգամ հայն է  իր տան պատին կախում նրա նկարները, միաժամանակ հիանում ու հպարտանում: Տեր Աստված, այս ինչե՞ր ես թույլ տալիս: Իսկ որտե՞ղ էին այն ժամանակ այդ կրթված կիսաթուրքերը,-հանկարծ  լսվեց ինչ-որ մեկի բարձր ձայնը, սենյակի մյուս ծայրից: Բոլորս շրջվեցինք մարդու կողմը: Նա մեզնից շատ մեծ չէր լինի իր տարիքով, երևի տաս տարով, բայց տեսքը շատ ավելին էր ասում` սպիտակահեր էր, ոչ մի սև մազ, կորացած, ուսերը կախ, իսկ կիսադեմն այնպես էր խեղված` վզից ամբողջ այտով ու քթի կեսով մինչեւ հոնքը, որ առաջին հայացքից, սարսափելի էր պարզապես նրան նայելը, իսկ նայելով կարելի էր ասել` մարդ-գազան է քո դիմաց խոսում: Երեւում էր, որ  սպիացած վերքերը շատ վաղուցվա են: Ի՞նչն է մարդու այս վիճակի պատճառը, առաջին վայրկյանական հարցը, որ անցավ մտքովս, դա էր:

-Ազգությունը կապ չունի Սիմոն, մարդն իրոք տաղանդավոր է,-փորձեց որքան հնարավոր է հանգիստ բացատրել Աբգարը: Միաժամանակ զգացվեց, որ տանտերը պատկառանքով եւ հարգանքով էր լցված դեպի Սիմոնը:

-Ինձ ոչինչ մի’ ասա,- խիստ տոնով ասաց ծերունին: Մարդու խեղված կիսադեմը սկսեց կարմրել: -Լավ, ասենք թե այժմյան սերունդը մեղավոր չէ անցյալի համար: Բայց չէ՞ որ սրանք է’լ ավելի ուժեղ եւ ժամանակակից ձեւերով ու միջոցներով են գոռում եւ հերքում իրենց պապերի կատարած վայրագությունները:

-Նոր սերնդի մարդկանցից ոչ բոլորն են այդպես վարվում, հատկապես Եվրոպայում ապրող-մտածող թուրքերը,-ասաց Աբգարը: Սիմոնը քմծիծաղ տվեց ու լռեց:

Այդ երկխոսությունից հետո, ես չգիտեմ ինչո՞ւ, ցանկացա անպայման խոսել, զրուցել ինձ բոլորովին անծանոթ մարդու հետ: Ներքուստ ասես ինչ-որ մեկն ինձ դեպի նա էր մղում: Հայացքով սկսեցի հետեւել Աբգարից հեռացող Սիմոնին, որը կողքով անցնող ծառայող տղայի սկուտեղից վերցրեց վիսկու մի բաժակ ու գնաց սենյակի հակառակ կողմը, նստեց անկյունում դրված բազկաթոռին: Ես մոտեցա նրան:

-Ներեցեք անհանգստացնելու համար, ինչպես հասկացա` դուք հարազատներ եք կորցրել դարասկզբին…- չգիտեի ինչպես սկսել զրույցս, բայց եւ ամեն կերպ ուզում էի խոսքի բռնվել: Մարդը շրջվեց իմ կողմն ու նայեց ինձ: Պատասխան չստացա: Հիմար վիճակի մեջ ընկա, բայց մնացի կանգնած:

-Ես բոլորին եմ կորցրել ու մնացել մեն-մենակ էս մեծ աշխարհում: Ինքս էլ հրաշքով եմ փրկվել…-խմելով վիսկու վերջին ումպը, հանկարծ խոսեց Սիմոնը, ապա մեկնելով բաժակն ինձ, ասաց,- խնդրում եմ, դրեք սեղանին:

Նրա բաժակն իմի հետ դրեցի սեղանին:

-Ես էլ հորս եմ կորցրել…-փորձելով մի փոքր սփոփել մարդուն, ասացի ես:

-Հասկանում եմ: Իսկ որտեղի՞ց են գալիս ձեր արմատները,-ուշադիր նայելով ինձ, անսպասելի հարցրեց մարդը: Նրա կարմիր կիսադեմը սկսել էր անգունանալ:

-Ես ու քույրս ծնվել ենք Ֆրեզնոյում: Բայց հորս եւ մեծ հայրիկ-մայրիկի կողմից  Բիթլիսից ենք,-պատասխանեցի ես:

-Հասկանալի է,-նորից կրկնեց մարդը: Թվաց, մեր զրույցն այստեղ էլ ավարտվեց, ցանկացա կամաց հեռանալ: Բայց հանկարծ ծերունին հարցրեց.

-Իսկ ի՞նչ էր ձեր հոր անունը:

-Վաղարշակ: Վաղարշակ Բաբայան,-պատասխանեցի, միաժամանակ մտածեցի` ինչո՞ւ հարցրեց, միեւնույնն է, հորս անունը նրան ոչինչ չի ասի:

Տիրեց լռություն:

-Սպասեք, սպասե~ք…Ի՞նչ, Վաղարշա՞կ,-խիստ զարմացած հարցրեց մարդը:

-Այո: Վաղարշակ, Վաղարշակ Բաբայան,-հանգիստ կրկնեցի ես:

-Ուրեմն դուք Վաղարշակ Բաբայանի որդի՞ն եք…-վեր թռչելով բազկաթոռից, անսպասելի գոչեց Սիմոնը: Մոտիկ կանգնած մարդիկ շրջվեցին ու նայեցին մեր կողմը:

-Նա ճանաչե՞լ է մեծ հայրիկին,- ընդհատելով Սուրենի պատմությունը, հարցրեց Վաղարշակը:

-Այո, որդիս…- պատասխանեց հայրն ու լռեց: Որդին եւս լռեց, բայց շարունակեց ուշադիր հետեւել հոր դեմքի մտախոհ արտահայտությանը. զգաց, որ հայրը մտքով գնաց ու հասավ այն երեկոյին, երբ հանդիպել էր Սիմոնին:

Վաղարշակն անընդհատ ուզում էր լսել հոր պատմությունները, բայց խղճում էր նրան. ախր վերջին շաբաթներին հայրը գրեթե ամեն երեկո մինչ կեսգիշեր պատմում է տարիներ շարունակ իր մեջ պահածը` ցավով ու կարոտով թաթախված հուշերը: Հիմա էլ նույնը…Մի՞գուցե մի քանի օր թույլ չտա, որ պատմի, չէ որ այդքան տխուր վերհուշերը վերջ ի վերջո հոր առողջության վրա են ազդում: Չէ~, ավելի լավ է ընմիջել: Բայց կիսատ թողնելը, չպատմելը, ճիշտ չէ…Համենայն դեպս արդեն իր` Վաղարշակի, համար:

Զրույցը շարունակվեց մի քանի օր անց, հենց նույն աշխատասենյակում, որն արդեն  դարձել էր փշոտ անցյալն ու նրանից բխող` թախծոտ  ներկան կապող մի օղակ:

Սուրենը շարունակեց պատմությունը…Ինքը մի բազկաթոռին բազմած, տղան` մյուս. դեմ դիմաց:

-Եվ ահա, երբ Սիմոնն իմացավ, որ Վաղարշակը հայրս է, վեր կացավ ու դողացող ձեռքերով գրկեց ինձ: Ես այնպես էի շփոթվել, որ  չգիտեի ինչպես պահեմ ինձ: Ոչինչ չէի հասկանում` ի՞նչ կատարվեց այս մարդու հետ, ինչո՞ւ հայրիկի անունը տալուց հետո այսպես փոխվեց, որտեղի՞ց գիտի նա հայրիկին: Ու այդ պահին միայն մի բան կարողացա անել` ես էլ նրան ամուր փաթաթվեցի:

-Վաղարշակի շնորհիվ եմ կենդանի մնացել,- կարողացավ ասել ծերունին: Քար կտրեցի նրա վերջին խոսքերից, կարկամեցի…

-Հանգստացեք խնդրում եմ,- մի կերպ ինձ հավաքելով, ասացի ու միաժամանակ սկսեցի հայացքով փնտրել Արաքսին: Մարդուն այդ վիճակում թողնել-հեռանալ չէի կարող. նա ահավոր հուզված էր: Տեսա, որ հորաքույրդ կանանց մի փոքրիկ խմբի մեջ կանգնած զրուցում է: Չգիտեի ինչպես կանչել նրան, որպեսզի ինքը եւս լսի  այդ մարդուն. հայրիկի հետ կապված ամեն ինչ` ինչ-որ մեկի փոքրիկ հուշ կամ պատմություն, միշտ կիսել ենք միմյանց հետ: Նկատեցի, որ Արաքսի խմբին մոտեցավ Աբգարն ու ինչ-որ բան ասաց կանանց, նրանք ժպտացին ու հավանություն տվին տան տիրոջ խոսքին: Ու երբ Աբգարը դեմքով դարձավ դեպի ինձ, հասկացրի, որ Արաքսին  ինձ մոտ ուղարկի:

Սիմոնին օգնեցի, որպեսզի նստի  բազկաթոռին, ես էլ կանգնեցի կողքին.

-Պարոն Սիմոն, խնդրում եմ հավաքեք ձեզ եւ եթե կարող եք որեւէ բան հիշել հայրիկից, պատմեք:

-Իհարկե, կպատմեմ,-ասաց նա արդեն փոքր ինչ հանգստացած, հետո շարունակեց:-Գիտեք, տարիներ անց, արդեն չափահաս տարիքում  սկսեցի փնտրել ձեզ, բայց չգտա: Ես հիշում էի, որ Վաղարշակն ասում էր` տղա եւ աղջիկ ունեմ, որոնք կնոջս հետ մնացին տանը… Դիմել եմ Կարմիր Խաչին, ամերիկյան այն միսիոներական կազմակերպություններին, որոնք բավական ժամանակ Բիթլիսում են եղել, շփվել հայերի հետ, օգնել ծնողազուրկ հայ մանուկներին, բացել մանկատներ: Ավաղ, նրանք էլ չկարողացան ինձ օգնել: Երազանքս էր գտնել եւ ինչ-որ կերպ վարձահատույց լինել այն մարդու զավակներին, որը փրկեց կյանքս:

Արդեն ասացի, որ մարդու դեմքի մի մասն այնպես էր խեղված, որ  սարսափելի էր անգամ նայելը: Բայց առաջ անցնեմ ու ասեմ, որ երբ նա սկսեց իր պատմությունը պատմել, ապա նրա հայերեն խոսքը կախարդեց ինձ ու քրոջս,-ավելացրեց Սուրենը:

-Ես պետք է սկսեմ ուշադրություն դարձնել երեխաներիս հայերեն խոսքին,- մտահոգ ասաց Վաղարշակը:

-Իհարկե: Բայց նախ ինքս պետք է դա արած լինեի, սկսեի քեզնից ու քրոջիցդ:

-Ես պետք է վաղուց այս պատմությունն իմացած լինեի…

-Իմ մեծ մեղքն է այստեղ, որդիս,-մեղավոր տոնով ասաց Սուրենը:

-Ոչ հայրիկ, այդպես մի ասա: Համոզված եմ այստեղ ոչ-ոք մեղք չունի, թերեւս միայն ժամանակները, այնպես որ քեզ մեղավոր մի զգա,-տխուր ժպիտով ասաց որդին:

-Երբ Արաքսը մոտեցավ, շատ զարմացավ տեսնելով ինձ` այդ մարդու առաջ գրեթե չոքած,-շարունակեց Սուրենը:

-Ի՞նչ է եղել,-խիստ զարմացած, կամաց հարցրեց նա:

-Պարոն Սիմոնը վերջին մարդն է, որը տեսել է մեր հայրիկին,-պատասխանեցի ես:

-Ի՞նչ, ինչպե՞ս…-նորից հարցրեց հորաքույրդ: Նրա ներքեւի ծնոտը հուզմունքից սկսեց դողալ:

-Այո, այդպես է,-ասաց Սիմոնը:

- Չէի ցանկանա այստեղ սկսեք ձեր պատմությունը, պարոն Սիմոն: Եթե դեմ չեք, եկեք մի փոքր շուտ դուրս գանք  միջոցառումից եւ մի սրճարանում նստենք,-առաջարկեցի ես:

Այդպես էլ արեցինք: Ժամանակից շուտ հրաժեշտ տալով տան տերերին եւ մյուս հյուրերին` դուրս եկանք: Այլեւս մնալ չէինք կարող. ժամ առաջ էինք ուզում լսել այդ մարդու պատմությունը:

Մտանք մի փոքրիկ, ոչ մարդաշատ սրճարան: Նստեցինք  հեռավոր մի անկյունում: Սուրճ պատվիրեցինք:

Եվ մարդը սկսեց պատմել…

-Երբ մեր թաղամասի մարդկանց` կին, թե երեխա, սկսեցին դուրս հանել թուրքերը, մայրս ստիպեց ինձ մտնել մառանի հեռավոր անկյունում, բոլորի աչքից հեռու պահած, ալյուրի ամբարի մեջ: Սկսեցի հակառակվել մորս, չէի ուզում միայնակ թողնել նրան.

-Իսկ դո՞ւ: Չեմ ուզում քեզ թողնել,-լացակումած ասացի ես:

-Թաքուն նայեմ, տեսնեմ ի՞նչ է կատարվում դրսում ու գամ,-արագ-արագ ասաց մայրս ու  կափարիչով ծածկելով ամբարը, բայց այնպես, որ տարածություն մնա օդի համար, հեռացավ:

-Չէ~, մի գնա, մնա~,-գոչեցի ես մորս ետեւից:

Այդ ժամանակ ես տասներեք տարեկան էի, մի  վտիտ ու փոքրամարմին պատանի:

Հետագայում իմ մեծ ընտանիքից` հորեղբայրներ, հորաքույրներ, քեռիներ, ոչ մեկին չգտա, չտեսա. տղամարդիկ պատերազմում մնացին, կանայք` ջուրը լցվեցին կամ մորթվեցին…

Իմ թաքստոցի հեռավոր անկյունն էին հասնում դրսից լսվող թուրքերեն կատաղած խոսքեր, հայհոյանք, հետո գոռոցներ, լաց, ճիչ… Որքան ժամանակ անցավ, չգիտեմ: Իսկ ես  դեռ միամտորեն սպասում էի մորս վերադարձին: Հանկարծ այդ ձայների մեջ տարբերեցի նրա ձայնը, հետո լսվեցին կրակոցներ…Էլ չհամբերեցի, դուրս թռա ամբարից: Երբ վազելով բակ մտա, դիմացի ծառի տակ տեսա իրար կողքի, իրար վրա դարսված մարդկանց: Նկատեցի ծանոթ մուգ կանաչ շորը, հետո միայն բերանի վրա ընկած մորս: Վազեցի ու հանկարծ այդ տնքոցների եւ վայրենի քրքիջների մեջ մի հարց հասավ ականջիս.

-Էդ ո՞ւր, այ սպիտակ սատանի ճուտ,-հարցից հետո քրքիջն ավելի ուժեղացավ. ալրոտված էի, նրանք տեսքիս վրա էին հրճվում: Առանց ուշադրություն դարձնելու կողքիս կանգնած թուրքերին, սկսեցի մորս քաշքշել, որ վեր կենա: Միամիտ երեխա~…Բայց երբ տեսա նրա ջախջախված, հազիվ ճանաչելի դեմքը, ետ-ետ գնացի սարսափից: Վախեցած նայեցի մյուսներին, բոլորն էլ մորս նման խոշտանգված ու սպանված էին: Թուրքերից մեկն իմ վերնաշապիկից բռնելով` հրեց մյուս թուրքի վրա:

-Բա սրան ի՞նչ անենք::

-Դե լա~վ, սրան էն մյուսների հետ, ուշանում ենք,-հանգիստ ասաց երկրորդ թուրքը: Ու կարծես նրա խոսքը ոչ թե մարդու մասին էր, այլ մի հավի ճտի, որին կարելի էր մորթել թեկուզ մի ժամ անց:

Փորձեցի նորից մոտենալ մորս, թեպետ այլանդակած տեսքից սարսափում էի, բայց մեկ է, ուզում էի գրկել, սեղմել ինձ: Թուրքերը չթողեցին, նրանք քարշ տվին իրենց ետեւից: Գիշերը պահեցին մի խոնավ ու խարխլված մարագում մի խումբ հայերի հետ, որոնց բերել էին տարբեր տեղերից:

Առավոտ վաղ ինձ այդ խմբի հետ քաղաքից դուրս քշեցին: Գիշերն անձրեւ էր եկել, հողը թաց էր: Մի քանի ժամ անց արեւը դուրս եկավ եւ այնպես տաքացրեց շուրջբոլորը, որ կարծես հուլիսյան եղանակ լիներ, մինչդեռ ապրիլն էր…Իսկ իմ հոգում ձմեռ էր, սարսափ, վախ: Ամբողջ գիշեր մորս խաթարված տեսքն էր գլխումս: Այդ պահն ընդմիշտ մնաց իմ հոգում…

Թուրք հրացանավորների ուղեկցությամբ լուռ քայլում էինք: Բոլորը լուռ էին, միայն իմ կողքով քայլող մարդն էր խոսում: Գիտեի, որ նրա անունը Վաղարշակ Բաբայան է. մարագում եղած մի քանի ժամվա մեջ մեկս մյուսի մասին որոշ տեղեկություններ ունեինք արդեն: Նա մեկ խոսում էր իր աջ կողքով քայլող մարդու հետ, մեկ շրջվում էր ձախ` իմ կողմն ու շոյում գլուխս, քաղցր խոսքեր ասում, գոտեպնդում.

-Երեւում է դու լավ ու քաջ տղա ես:

Նրան անընդհատ սաստում էր թուրք հրացանավորը, բայց մարդն ասես ոչ տեսնում, ոչ էլ լսում էր  թուրքին. շարունակում էր խոսել: Վախեցած նայում էի մեկ կարմրած աչքերով թուրքին, մեկ Վաղարշակին ու զարմանում նրա արհամարական դիրքից  հրացանավորի հանդեպ: Մի քանի անգամ սաստելուց հետո, թուրքը լռեց ի զարմանս ինձ:

Ինձ համար այդ հայն ամենաքաջ մարդն էր, որին ես երբեւէ տեսել էի:

-Երեխաներս մնացին տանը կնոջս հետ,-արդեն որերրորդ անգամ լսեցի Վաղարշակի խոսքն ուղղված իր մյուս կողքով քայլողին,-ես նրանց բերեցի հեռավոր Ֆրեզնոյից: Բերեցի, որ նրանք  ե՞ւս  տեսնեն այս արհավիրքը: Ինչո՞ւ բերեցի…

Բացի նրանից ոչ ոք չէր խոսում: Բոլորն էլ գլուխները կախ, դողալով, վախվորած քայլում էին: Այդ պահին ամեն մեկն իր հոգու հետ էր խոսում, իր Աստծո հետ` հույսով, որ մի դուռ կբացվի իրենց համար… Համենայն դեպս, ես այդպես էի մտածում:

Որքան քայլեցինք, չգիտեմ, որոշ ժամանակ անց, մի ամայի տեղ մեզ կանգնեցրին եւ ասացին, որ ըստ տարիքի շարվենք: Ես  իմ բոյով ու տարիքով ամենափոքրն էի, սարսափած նայեցի շուրջբոլորս ու սկսեցի քայլել դեպի  խմբի վերջը: Թուրքերը շարվեցին մեր դիմաց` հրացաններն ուղղելով մեզ վրա:

-Բաց թողեք գոնե այս երեխային, -ցույց տալով ինձ, ասաց Վաղարշակն իր դիմացի թուրքին:

-Լռի’ր, գյավուր:

-Գոնե թողեք իմ կողքին կանգնի. մեռնել-մեռնել, իմ կողքին կմեռնի,-նորից խոսեց Վաղարշակը:

-Կանգնեք այնպես, ինչպես ասացի’,-մոտենալով ու հրացանի կոթով խփելով նրա դեմքին, հրամայեց թուրքը: Վաղարշակը ցավից տնքաց. հոնքը պատռվեց եւ սկսեց արյուն հոսել…

-Լավ, որտեղ ուզում են թող կանգնեն: Միայն թե արագ վերջացնենք ու գնանք,- ծուլորեն ասաց մեկ ուրիշ թուրք, այն նույն թուրքը, որը  չէր ուզում իմ պատճառով ուշանալ…

Վաղարշակն ուշադրություն չդարձնելով պատռված հոնքին` թեւով սրբեց արյունով թաթախված աչքն ու մոտենալով ինձ` քարշ տվեց իր մոտ: Հազիվ էի կանգնած մնում: Վախից դողում էի. մահվան շունչն այնքա~ն մոտ էր: Հետո դողն անցավ: Երբեք չես կարող նկարագրել այն, ինչ ապրում ես այդ պահին` վախը, ուղեղիդ մթագնումն այնպես են միահյուսվում, որ էլ ոչինչ չես զգում:

Հրացանները նորից ուղղվեցին մեր դեմ:  Ու հանկարծ կրակոցներ… Հաջորդ վայրկյանին զգացի ինչ-որ մեկի ծանրությունն ինձ վրա  ու շատ ուժեղ այրոց, ասես կրակ թափեցին դեմքիս: Էլ ոչինչ չեմ հիշում…

Երբ աչքերս բացեցի, նայեցի շուրջս, բոլորովին անծանոթ միջավայրում գտա ինձ: Ականջիս հասավ քրդերեն խոսակցություն: Ջուր էի ուզում, ծարավից կոկորդս ու շուրթերս  չորացել էին: Ցանկացա վեր ելնել տեղիցս: Հազիվ, տնքալով նստեցի, բայց գլխիս ցավն այնպես բռնեց, որ ուշակորույս տապալվեցի: Որքան մնացի նորից անգիտակից, չգիտեմ, բայց երբ նորից բացեցի աչքերս, կողքիս մի ծեր քրդուհու տեսա: Նա իր անատամ բերանով ժպտաց ինձ, ասես ուրախացավ, որ ուշքի եմ եկել: Հետո ինչ-որ բան ասաց, բայց չհասկացա: Այդ պահին մեկ ուրիշ, ավելի ջահել կին մոտեցավ եւ սկսեց հայերենով հարցնել.

-Ո՞նց ես: Երեւում է հիմա  լավ ես, ուշքի ես եկել,-ժպիտով ասաց կինը:

-Ծարավ եմ,-հազիվ կարողացա ասել ես:

-Հիմա,-ասաց կինը: Գլխիս ցավը բթացել էր: Ես վախենում էի շարժվել. հանկարծ նորից չսկսի ցավը: Նկատեցի, որ հայախոս քրդուհին ծեր կնոջը փոխանցեց խոսքս, որը տխուր շարժեց գլուխն ու կավե բաժակով մի փոքր ջուր տվեց, հետո ինչ-որ թրջոց դրեց դեմքիս` փոխելով նախկինը: Այդ պահին միայն զգացի, որ դեմքիս թրջոցներ էին դրված: Դեմքս սկսեց այրվել, ուժեղ տնքացի: Ծեր կինն ինչ-որ բան ասաց:

-Դիմացիր,-թարգմանեց հայերեն խոսող քրդուհին,-դեմքիդ կեսն այրված ու քրքրված էր փամփուշտներից: Լավ է, որ միայն կողքով են անցել, քրքրելով այտդ ու վիզդ: Ու փրկում չէր լինի, եթե հայրդ չծածկեր քեզ իր մարմնով: Ազին հազիվ է հավաքել այտիդ կտորներն ու դեղաբույսերի խյուսով  բուժել: Վտանգն անցել է, այլեւս բորբոքված չէ, բայց  սպին կմնա…

-Հայրս…-շշնջացի ես ու մշուշոտ հիշեցի այն, ինչ կատարվել էր. կրակոցների պահին Վաղարշակը քաշեց ինձ ու իր մարմնով ծածկեց: Քրդուհին հավանաբար չլսեց իմ շշունջը, նա շարունակում էր մեղմ ձայնով խոսել: Կինը ,,հայրդ,, Վաղարշակին նկատի ուներ: Ես նրան ոչինչ չասացի, ի վիճակի չէի ինչ որ բան բացատրել, առավել եւս, որ հորս շատ փոքր տարիքում եմ կորցրել եւ ,,հայր,, բառն ինձ մոտ վաղուց ոչ ոք չէր ասել…Ու պատրանքը, որ «Վաղարշակը հայրս է», չէի ուզում կորցնել:

Վախվորած, թույլ գիտակցությամբ, կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ քրդական գյուղում եմ: Որքան հւշողությունս վերականգնվում էր, այնքան վախը պատում էր ինձ. ես քրդերի մեջ եմ, ինձ գտել են վիրավոր, բուժում են, բայց ամեն րոպե կարող են սպանել: Մի քանի անգամ փորձեցի գլուխս բարձրացնել ու նայել չորսբոլորս: Չկարողացա. գլուխս պտտվում էր, հավասարակշռությունս կորցնում էի վերսկսվող ցավերից:

- Քեզ այստեղ վտանգ չի սպառնում: Հանգիստ եղիր: Մենք շատ հայ դրկիցներ ունեինք,-ասես հասկանալով ներքին վախս, ասաց քրդուհին, հետո տխրությամբ ավելացրեց,-նրանց բոլորին տեղահանեցին…Իսկ դու մի վախեցիր: Ազիի տանը քեզ ոչ ոք ձեռք չի տա:

-Իսկ ինչպե՞ս գտաք ինձ,-հազիվ շշնջալով հարցրի ես:

-Ամուսինս եւ նրա եղբայրը երեկոյան հարեւան գյուղից տուն վերադառնալուց, ճանապարհի եզրից խուլ տնքոցներ են լսում: Լուսնի լույսի ներքո  գնում են դեպի ձայնը, բայց  ի սարսափ իրենց, միայն դիակներ են տեսնում:

-Գնանք այստեղից, սիրտս լավ չի այս տեսարանից, -ասում է ամուսնուս եղբայրը:

-Չէ, արի տեսնենք էս ի՞նչ տնքոցներ են,-ասում է ամուսինս:

-Մեռած են, չե՞ս տեսնում,-նայելով դիակներին, ասում է եղբայրը:

-Կարծես հայեր են,-ուշադրություն չդարձնելով եղբոր խոսքերին, ասում է ամուսինս:

-Արի ետ գնանք, վախենում եմ,-նորից է պնդում վախը սրտում եղբայրը: Եվ տեսնելով, որ միայն դիակներ են, ոչ մի կենդանի շունչ չի նկատվում, տղամարդիկ ուզում են ետ դառնալ, երբ հանկարծ տնքոցը  նորից է լսվում: Սկսում են կամաց գնալ դեպի ձայնը:

-Բայց ախր բոլորն էլ մահացած են, ի՞նչ տնքոց է, ո՞վ կարող է լինել,-մտածում են նրանք:

-Ապա նայիր այս մարդուն, շարժվում է, բայց կարծես մահացած է. ամբողջովին արյան մեջ է,- ուշադիր նայելով տնքոցի կողմը, վախը սրտում ասում է տեգրս:

-Սեփական արյան…-ավելացնում է մյուս եղբայրն ու` ես  կմոտենամ, միգուցե ծանր վիրավոր է:

Ասում է եւ կռանում, ականջը դնում մարդու սրտին:

-Չէ, սա մահացած է: Ախր կենդանի մնացածը մեկ  ուրիշն է. նա է շարժվում: Հենց այս մարդու տակ…-ասում է ամուսինս ու մի փոքր բարձրացնում մահացածին,-Ալի, դուրս քաշի տակի մարդուն: Ուժդ կհերիքի՞…

Տեգրս կռանում եւ տնքոցով ու դժգոհությամբ քաշում է:

-Է~, ջահել է, երեխա…Սաղ է ոնց որ, շունչը` վրեն: Տես է’, էս մարդը ոնց էլ իր մարմնով պահել է տղային: Ինքը լրիվ փամփուշտներից քրքրվել է: Երեւում է հայր ու որդի են: Է~հ, ի՞նչ բան է ջիգյարը, ո՞վ կարա ասի` ոչ ո’ք: Վերեւինին է մենակ հայտնի էս տեսակ բաները:

-Բա տեսնո՞ւմ ես, դու էլ վախենում էիր…Արի էշի վրա դնենք ու տուն` Ազիի, մոտ  տանենք: Եթե կբուժվի լավ, չի բուժվի` իրա Աստծու կամքն է ուրեմն:

-Ու էդ երկու տղամարդիկ քեզ բերում են իրենց մոր մոտ,-շարունակում է հայախոս քրդուհին:-Շատ վատ էիր, ջերմում էիր: Բայց հիմա երբ քեզ տեսնեն լավացած, շատ կուրախանան մեր տղամարդիկ: Ափսոս, հիմա սարերում են:

Վերջին խոսքերի հետ կինը ժպտաց, ես էլ փորձեցի ժպտալ, բայց ցավից չկարողացա,  նորից շուրթերս հավաքեցի իրար: Ու սկսեցի լալ: Սկզբից կամաց, հետո բարձրաձայն: Քրդուհին ինձ առավ  ծաղիկների, կաթի ու ոչխարի հոտով թաթախված գրկի մեջ ու մայրաբար շոյեց գլուխս:

-Մի լաց որդիս, իմացիր, որ կյանքդ առջեւումդ է ու դեռ շատ ուրախություններ ու տխուր պահեր կունենաս:-Ինձ այևս ոչ ոք այդքան քնքուշ ու սիրառատ չգրկեց:

Սիմոնի վերջին խոսքերից հետո նայեցի Արաքսին, բռնեցի ձեռքը, ահավոր սառն էր: Սկսեցինք հիմա էլ երկուսով լալ…Արցունքները հոսում էին, ,,այրում,, թե մեր այտերը եւ թե մեր ներսը… Ու այդ պահին հոգուդ մինչեւ ամենափոքրիկ  անկյունն այրող ցավի մեջ միայն մի սփոփանք կար. մեր հայրն իր կյանքով մի  պատանու կյանք  փրկեց, որը որպես ազգի  մի փոքրիկ շիվ, պետք է մեծանար ու ճյուղավորվեր ի ցավ թշնամու:

-Հետագայում կարող էի վիրահատվել, կիսադեմս վերականգնել, բայց չարեցի: Դրանից իմ մեջ ոչի~նչ էր փոխվի` ցավս չէ’ր մարի: Եվ հետո, մի՞թե արտաքինը փոխելով` մարդ կարող է ներքինն էլ փոխել: Ամեն ինչ մարդուս մեջ պետք է ներդաշնակ լինի…-այս խոսքերով էլ Սիմոնն ավարտեց իր պատմությունը:

Առաջինը լռությունը խախտեց Սուրենը.

-Ժամը քանի՞սն է:

-Շուտով` տասերկուսը: Ընթրիքից հետո նստեցինք ու առանց շունչ քաշելու պատմում ես ու պատմում: Գնանք,  քո ննջասենյակ կուղեկցեմ,- ջերմությամբ  հոր ծերացած ու կոշտացած թեւն իր թեւի մեջ առնելով, ասաց որդին:

-Այո, ուշ է, գնամ եւ անկողին մտնեմ:

Պառկեց Սուրենը, բայց մտքով շատ խառն էր, շատ հեռուն: Որքան ժամանակ այդպես մնաց, չէր կարող ասել:Հետո փակեց աչքերը եւ փորձեց քնել, բայց այդ վիճակով այն այնքան էլ հեշտ չէր գա իր հոգնած ու ծերացած աչքերին…Նստեց անկողնում ու նայեց կողքի սեղանիկին դրված ժամացույցին, երկուսն անց էր քսան րոպե: ,,Ուրեմն երկու ժամ քսան րոպե է շուռուշուռ եմ գալիս անկողնում, -մտածեց Սուրենը:-Չէ’, ավելի լավ բաների մասին կարելի է մտածել, օրինակ այն մասին, որ

իր որդին ուզում է  երեխաներին տալ այն, ինչն ինքը եւ Սոնան բաց են թողել,,:

Միայն այն մտքից, որ Վաղարշակն իր այս տարիքում մեծերի նման չի մտածում,  Սուրենի սիրտն ուրախությունից ու հպարտությունից թփրտած, թվաց` ուր որ է դուրս կթռչի կրծքավանդակից: Իզուր էր վերջին շրջանում իր վախը` թոռները կմեծանան որպես սովորական ամերիկացիներ, որոնցից շատերն անգամ իրենց մեծ հայրիկ-մայրիկների մասին գաղափար չունեն, ուր մնաց` ազգի ու ցեղի մասին: Երազս  է,  որ  երեխաներս  ու  թոռներս   չխառնվեն,  չմոլորվեն  այս  երկրի մեծ  ու  բազմաշերտ  շաղախում :

Առաջներում գտնում էր, որ երեխաների համար այդ թեման թող փակ լինի  մինչեւ քառասուն տարեկանը: Իսկ այդ տարիքում արդեն տեղյակ լինելն այնքան էլ ցավ չի պատճառի: Վաղարշակը շուտով քառասուներեք կլինի, բայց արի տես, այս տարիքում էլ, երբ  լսում և իմանում է` տառապում է խեղճ տղան…

***

Անցան օրեր: Վաղարշակը հարմար պահ էր փնտրում, որ ինքն ու հայրը կարողանան հանգիստ նստել ու խոսել: Տղան ուզում էր իմանալ` ինչպե՞ս փրկվեցին իր հայրն ու հորաքույրը, երբ նրանք մեն մենակ մնացին իրենց մոր` Սաթենիկի, հետ: Ամբողջ պատմության մեջ այդ հարցն իր համար ամենակարեւորներից էր:

Եվ ահա մի կիրակի, երբ  մայրը, կինն ու երեխաները գնացել էին զբոսնելու, Վաղարշակը մտնելով հոր սենյակ, հարցրեց.

-Հայրիկ, կարո՞ղ ենք այգում նստել եւ մի փոքր խոսել: Ուզում եմ շարունակես կիսատ պատմությունդ: Թե ի՞նչ եղավ ձեզ հետ, երբ տարան մեր մեծ հայրիկին:

-Պատմությունս  կիսատ  կլինի,  եթե  մի  ցավոտ  դեպք  չպատմեմ, արդեն այգում, ծառերի շուքի տակ, շարունակեց Սուրենը:

Մեր տան հարևանությամբ  ապրում  էին  դոկտոր  Լալայանները։ Նրանց  ընտանիքում բոլորը բժիշկներ  էին`  հայրը  և  երեք  որդիները:  Որքան  հիշում  եմ,  նրանք  միշտ  շտապում էին ու իրենց  փոքրիկ,  սև  ճամպրուկով  հիվանդի  էին  այցի  գնում:  Ի՞նչ  կար  այդ  խորհրդավոր  ճամպրուկի  մեջ.  ինձ  անհայտ  էր  մինչ  այն  պահը,  երբ  քույրս    հիվանդացավ  և  մայրս  հրավիրեց  Լալայաններից  մեկին:  Եկավ   ամենակրտսեր  Լալայանը:  Նա  նայեց,  քննեց   քրոջս,  դեղեր  տվեց ու  երբ  ճամպրուկը  բացեց`  տեսա  բազում  փոքրիկ սրվակներ, տուփեր նրա  մեջ: Ճամպրուկի պարունակությունն ինձ դուր եկավ  եւ այդ  օրվանից  սկսեցի  մտածել,  երբ  մեծանամ, անպայման  բժիշկ  կդառնամ  այդ  ժպտերես  ու  բարի  մարդու  նման:

Մանկան  երազանք  էր…

Երբ  հայրիկին  տարան,  բակում  էլ  մարդ  չմնաց:  Մայրիկը  ետ  ու  առաջ  էր  քայլում,  լալիս:  Նա  հավանաբար  չգիտեր  ինչպես  վարվել:  Խմեցնե՞ր  մեզ  թույնը,  թե  դեռ  ոչ:  Ո՞րն  էր  ճիշտ  ելքն  այդ  ծանր  ու  անտանելի  վիճակում:

Այդ  ընթացքում  ես  ու  քույրս  նորից  մոտեցանք  պատուհանին  ու  սկսեցինք  նայել:  Հանկարծ  զինված թուրքեր  երևացին: Նրանք  ուղղվեցին  դեպի  Լալայանների  տունն  ու  շրջապատեցին  այն:  Սկսվեց  ուժեղ  փոխհրաձգություն։  Տան  տերերը  զենք  ունեին  և  ուզում  էին  ամեն  գնով  պաշտպանել  տունն  ու  իրենց:  Հանկարծ  նկատեցի,  որ   պարտեզ  տանող  դուռը  բացվեց   և  մի  նիհար  ու  բարձրահասակ  մարդ,  որին  շրջապատում  Քոռ Գալո  էին  ասում.  փոքր  ժամանակ  վնասել  էր  աչքը,  նետվեց  դեպի  պարտեզը:  Նա  բժշկի  ընտանիքում  ծառայող  մարդկանցից  մեկն  էր:  Թուրքերն  իհարկե  նկատեցին  ու  կրակ  բացեցին  նրա  ետևից  և  նա  կես  ճանապարհին  կոտրված  եղեգի  նման  ընկավ  ու  մնաց  անշարժ` դեմքը  հառած  կապույտ  երկինքին:

Իսկ  տան շուրջ  կռիվը  շարունակվում էր:  Մենք  վախից  ետ  քաշվեցինք   ու թաքնվեցինք  տան  մի  անկյունում:

Կրակահերթը  դադարեց:  Թուրքերը  կրակի   տվին  տունը։  Մի  մեծ,  հսկայական  հրդեհ  սկսվեց:  Ոչ  ոք  չփրկվեց  այդ  մեծ  օջախից…

Ես  ու  քույրս  բարձր  լալիս  էինք:  Իսկ  խեղճ  մայրիկը  փորձում  էր  իր  համբույրներով  լռեցնել  մեզ:

-Կամա~ց…Պետք  չէ  լալ:  Թուրքերը  կլսեն  ու  մեր  ետևից  էլ  կգան:

Այդ  լսելով,  մենք  մեր  փոքրիկ  ափերով  ամեն  կերպ  փորձում էինք   խեղդել  լացը…

-Ասա  թող ջուր  բերեն,  կոկորդս  չորացել   է,- խոսքը  կիսատ  թողնելով,  որդուն  դիմեց  Սուրենը:

-Հիմա  հայրիկ,-  ասաց  Վաղարշակն  ու  ուղղվեց  դեպի  տուն:

-Հայրիկ,  շատ շոգ  չէ՞:  Մի՞գուցե  տուն  գնանք,- ջրով  բաժակը  հորը  մեկնելով,  ասաց  որդին:

-Չէ,  շոգ  չեմ  զգում:  Ծառերը  լավ  ստվեր  են  անում:

-Հետո  ի՞նչ  եղավ  հայրիկ,  -քիչ  անց, հարցրեց  որդին:

-Հետո…Հետո եղավ այն,  ինչը  մեր  փրկությունը  հանդիսացավ…Դա  երազ  էր,  դա  հեքիաթ  էր  այդ  պահին,  որն  իրական  կերպարով  ծեծեց  մեր  դուռը:

Մենք  շարունակում  էինք  խեղդվելով  լալ…Մայրիկը  մի  պահ  տեսադաշտից  հեռացավ:  Ինձ  թվաց,  մենք  նրան  կորցրինք.  նա  դուռը  բացեց  ու  գնաց…Լացս  փոխվեց  գոռոցի,  ինձ  հետևեց   Արաքսը:  Հանկարծ  սենյակի  դռների  մեջ  երևաց  մայրիկը,  զարմացած,  վախեցած: Նրա այդ  հայացքը  երբեք  չեմ մոռանա…

-Ի՞նչ  եղավ,  ո՞ւմ  տեսաք,-  հարցրեց  նա:

-Մայրիկ,  ինձ  թվաց  դու  գնացիր,  հեռացար…

-Իմ  խենթուկ,  իմ  գժուկ,  ո՞ւր  կարող եմ  գնալ  առանց  ձեզ,  առանց  իմ  ձագուկների,-  ասաց   ու  մեզ  երկուսիս  իր   գրկի  մեջ  առավ  ու  համբուրեց: Այնքան  տաք  էր,  այնքան  քնքուշ  մեր  մայրիկը:  Հանկարծ  նա  ինչ  որ  բան  հիշելով  ետ  պահեց  մեզ  իր  գրկից  …

-Մտեք  ձեր  սենյակ  ու մինչև  չկանչեմ  չգաք:

Լուռ  ենթարկվեցինք  նրան:  Մահճակալների  վրա  նստած,  դռան  ճեղքից տեսնում  էինք,  ինչպես  է մայրիկը  գնում  -գալիս  սենյակում:  Միայն  մի  բան  էինք  լսում.

-Չէ,  չեմ  կարող:  Չե’մ  կարող:  Ի՞նչ  անեմ,  ի՞նչպես  անեմ:  Ո՞րն  է  ելքը:

Որքա՞ն  մնացինք  այդպես  նստած,  տաս  րոպե,  մեկ  ժամ,  չեմ  հիշում …

Հանկարծ  դուռը  ծեծեցին:  Արաքսը  վազեց  ու  եկավ  ինձ  մոտ,  ամուր  կպավ  ինձ:

-Թուրքերը…-միասին,  վախեցած  ասացինք  մենք:  Դուռը  բացվեց:  Ինչ-որ  մեկը  ներս  մտավ  ու  խոսակցություն  լսվեց:  Թուրքերեն  էր,  բայց  հասկացանք,  որ  թուրքերը  չեն:  Դա  հանգիստ ,  բայց  լարված  խոսակցություն  էր:  Ո՞վ  էր:  Չհամբերեցի,  սենյակ  մտա:  Սենյակի  մեջտեղում  զինվորական հագուստով կանգնած  էր  հայրիկի  բժիշկ  ընկերը`  հորեղբայր  Մուստաֆան:

-Վաղարշա՞կ,  ինչպե՞ս  ես  փոքրիկ,-  տխուր  ժպիտով  հարցրեց  նա  ու ինձ  իր  գիրկն  առավ:  Ես`  հինգամյա  մանչուկս,  որ  մի  քանի  ժամ  առաջ  էի  տեսել,  թե  ինչպես  թուրքերը  տարան  հայրիկին,  փարվեցի  նրան  ու  սկսեցի  ուժգին  լալ:  Ես  էլ  ոչ  ոքից  չէի  վախենում:  Ես  միայն  լալիս  էի:

-Հայրիկին  թուրքերը  տարան…-  կարողացա   ասել  ես:  Մայրս,  որ  մինչ  այդ  էլ  լալիս  էր,  ավելի  հուզվեց:

-Դու  գնա  քո  սենյակ,  քեզ  տեսնելով  քույրդ   էլ  կսկսի  իր  լացը,-  ասաց նա:

-Դու  արդեն  մեծ  տղա  ես,  ուրեմն  ոչ  մի  լաց, -  գլուխս  շոյելով  ասաց  բժիշկը,  հետո  դարձավ  մորս,  -Սաթենիկ,  ես  ձեր  ետևից  եմ  եկել:  Հավաքիր  ամենանհրաժեշտ  իրերը,  ես  ձեզ  իմ  տուն  եմ  տանում:

-Չէ,  ես  չեմ  կարող  ձեզ  վտանգի  ենթարկել:  Դա  մեծ  վտանգ  կլինի  ձեզ:  Մեզ  ձեր  տանը  պահելով  անպայման  կնեղացնեն  ձեզ:

-Այդ  մասին  պետք  չէ  մտածել:  Հավաքիր  իրերը,  իսկ   ես  երեխաներին  դուրս  կտանեմ:  Իմ  տուն  ենք  գնում: Հակաճառել  պետք  չէ:

-Լավ,-  համաձայնվեց   մայրս:  Նրա  համար  մեր  փրկությունն  էր  կարևորը:  Մեր  ողջ  լինելը:  Մինչ  Մուստաֆայի  տուն  հասնելը  ամայի, մարդկային շնչից զուրկ փողոցներ ու սարսափելի,  մեկը  մյուսից   տխուր  տեսարաններ  էին մեր  առաջ բացվում:

Լալայանների  գեղեցիկ,  այգու  կանաչի  մեջ  կորած  տնից,  միայն  սև  ու  ծխացող  սյուներն  էին  մնացել…Նրանց   պարտեզի  դռան  մոտ,  մեջքի  վրա  ընկած,  աչքերը  երկնքին  հառած  քոռ  Գալոն  էր…Երեսս  շրջեցի,  չէի  ուզում  նրան  այդպես  տեսնել:  Քանի-քանի  անգամ  է  նա  գլուխս  շոյել  ու  ասել. « Խելոք մանչ  ես »:  Իսկ  եկեղեցու  մոտ  ավելի  տխուր  էր  տեսարանը.  վանահայր   Սահակ  վարդապետին  կենդանի  ցից  էին  հանել  բարբարոսները: Սարսափ,  սարսափ  պատկերներ…

Վերջապես  հասանք  Մուստաֆայի  տուն:  Դա  մի  քանի   սենյակներց,  հարմարավետ,  ոչ  մեծ  տուն  էր:  Ես  ու  Արաքսը  երբ  ներս  մտանք`  սառած  կանգնեցինք  դռների  մեջտեղում:

- Ինչո՞ւ  եք  կանգնել,  ներս  մտեք:  Այստեղ  ձեզ  ոչ  ոք  չի  նեղացնի:  Սա  իմ  տունն  է,  ուրեմն  նաև  ձերը,-  հանգիստ  ասաց  նա  ու  մեզ`  երեխաներիս,  ներս  հրեց:  Մի  փոքր  անց,  երբ  արդեն  խաղաղված  ու  կուշտ  էինք,   պատվիրեց  պառկել,  հանգստանալ:  Պառկեցինք  գունավոր,  փափուկ  անկողնում:  Արաքսը  սովորության համաձայն  գլուխը  դրեց  բարձին  ու  քնեց,  իսկ   ես`  չկարողացա…

Մայրս  ու  Մուստաֆան  զրուցում  էին:  Շատ աղոտ  եմ հիշում  այդ  զրույցը,  բայց  միտքը  սա  էր…  Մուստաֆան  գիտեր,  որ  հայրս   մորս  թույն  է  տվել,  որպիսզի  վտանգի  պահին  մեզ  խմեցնի:

Հորս  տանելու  մասին  լսելով,  Մուստաֆան  շտապել  է`  գոնե  մեզ  փրկի.

-Չգիտեմ  ինչու,  ինձ  միշտ  թվում  էր,  Վաղարշակին  բան  չի  լինի,  նրան  չեն  տանի:  Բայց  սխալվեցի:  Եվ  բոլորովին  պատահական  լսեցի,  որ  նրան  էլ  են  տարել,  իմ  լավ  բարեկամին  ու  ընկերոջը:  Վախը  սրտիս  եկա  ձեր  տուն:  Ճանապարհին  մտածում  էի,  որ   արդեն  խմել եք  թույնը:

-Եթե  մի  փոքր  ուշանայիք,  մեզ  կենդանի  չէիք  տեսնի,-  գլուխը  կախ,  արցունքն աչքերին,  ասաց  մայրս:-  Ես  չեմ  ուզում  առանց  Վաղարշակի  ապրել:  Երեխաներիս  եմ  պարզապես  խղճում,  իմ  ապրելն  արդեն  զուր  է…

-Երեխաներդ  առանց  քեզ  կկորչեն:  Ապա  նայիր,  քանի-քանի~  մայր  մնաց  առանց  երեխա  և  քանի – քանի~  երեխա  առանց  մոր:  Հիմա  ի՞նչ,  դու  ուզում  ես  այդ  որբերի  բանակի  անդամ  դարձնել  քո  երեխաներին:

- Ձեզ  համար  էլ  վտանգավոր  է  մեր  այստեղ  մնալը,- բժշկի  խոսքերից  ասես սթափված,  ասաց  մայրս:

-Գիտեմ,  բայց  ես  պատավոր  եմ  կատարել  այն  խոստումը,  որը  տվել  եմ  ընկերոջս`  օգնել  նրա  ընտանիքին,  եթե  հանկարծ  իրեն  տանեն…Ես  ձեզ  Հալեպ,  ծնողներիս  մոտ  եմ  ուզում  մի  քանի  օրից  ուղարկել,-  հանգիստ ասաց  Մուստաֆան:

-Ի՞նչ, -զարմացած  հարցրեց  մայրս,-  Հալե՞պ:

-Այո,  միայն  այնտեղ  դուք  կարող եք  ազատ  ու ապահով  լինել:  Ծնողներս կընդունեն  ձեզ,  որպես  իմ  ընտանիքը:  Պետք  չէ  մորս  ոչինչ  ասել:  Նա թուրքերեն չի  հասկանում,  խոսում  է միայն  արաբերեն,  իսկ  դու  և  երեխաներն  անգլերեն  ու   թուրքերեն:  Այնպես  որ,  սկզբնական շրջանի  համար  ամեն ինչ  նորմալ է:  Հետո կտեսնենք:

-Մի՞թե  դա  ճիշտ  կլինի:  Ինչո՞ւ  ստել:  Ես  չեմ  կարող  ինձ  հարազատի  տեղ  դնող  մարդկանց  խաբել,-  նեղսրտեց  մայրս:

-Սաթենիկ,   պետք  է  հասկանաս,  որ  դա  է  միակ  ելքը:  Չէ՞  որ  այնտեղ  եւս   թուրքեր  կան: Ինչո՞ւ  զուր տեղն իմ  ընտանիք  տանել լարվածություն  և  վախ:  Ձեզ  չեն  կասկածի:  Իսկ  ես`  այսպես,  թե  այնպես  մոտ  ժամանակներս  չեմ  կարող  գալ  Հալեպ:  Ես  ծառայության  մեջ  եմ:  Ավելորդ   հարցերի  ժամանակ  էլ  չի  լինի:  Հասկանո՞ւմ  ես  ինձ:  Ուզում  եմ  նաև  հավատաս,  որ  եթե  վարվես  այնպես,   ինչպես  ես  եմ  ասում,  ուրեմն  ամեն  ինչ  լավ  կլինի:  Դա միայն  սկզբնական շրջանի  համար:  Երկար  չի  տևի… Ձեզ ապահով  տեղ կհասցնի  իմ  մտերիմ  ու  հավատարիմ մարդկանցից  մեկը:

-Հայրիկ,  իսկ  ի՞նչ  է,  բժիշկը  ընտանիք,  երեխաներ  չուներ,-  հորը  դիմեց   Վաղարշակը:

-Չէ  որդիս,  չուներ:  Թեպետ  փոքր  չէր.  արդեն  քառասուն  և  անց  էր,- պատասխանեց  հայրը…

-Օ~,  ահա  թե  որտեղ եք  դուք:  Իսկ  ես  ձեզ  էի  փնտրում,-  տեսնելով  հորն  ու  եղբորը  ծառերի  շուքին  նստած,  ասաց   Սաթենիկը,  Սուրենի  դուստրը:

Գեղեցկատես,  բարձրահասակ,  երեսունն  անց  կին  էր: Նրա  նշաձև  աչքերը, երկար ու  խիտ  թարթիչները  դեմքի  զարդն  էին:  Քիթն  ուղիղ  էր,  ավելի  շատ  հունական,  քան  հայկական. ժառանգել  էր  մորական  տատից, որը  սերում  էր  հունական  մի  հին  տոհմից:  Նրանք  իրենց  արմատներով  Կիպրոսից  էին  և  շատ  ավելի  վաղ  էին  եկել  Ֆրեզնո,  քան  Սուրենի  մեծ  հայրն  ու  մայրը:

Իսկ   Սաթենիկի  ամուսինը  վաղուց  Նահանգներ  գաղթած  իսպանացիների  ժառանգ  էր:  Նրանք  ուսանել  են  միասին,   սիրել  իրար  և  ամուսնացել:  Սկզբնական  շրջանում  ոչ  Սուրենի  և  ոչ  էլ մոր` Սոնայի,  սրտով  չէր  իսպանացին:

-Ի՞նչ  է,  մի  հայ  տղա  չգտնվեց  այս  մեծ,  հայաշատ  քաղաքում  քեզ  համար,- հարցնում  էին  նրան  ծնողները:

-Ես  նրան  եմ  սիրում:  Ես  նրա  հետ  եմ  ինձ  լավ  զգում:  Ես  նրան եմ հավատում,-  փորձում  էր  ծնողներին  բացատրել  Սաթենիկը:

-Եթե  մի  հայ  տղայի  սիրեիր,  նա  համար  էլ  այդպես  կասեիր:

-Ես  նման  հայի  չհանդիպեցի:  Ինձ  հայը  չսիրեց…Ի՞նչ  է  սիրելու  և  սիրվելու  իրավունք  չունե՞մ,  եթե  այդ  մարդն  օտարազգի  է…

Ծնողները  չկարողացան  ետ  պահել  իրենց  աղջկան: Եվ ի  ուրախություն  իրենց`  ժամանակի  հետ  համոզվեցին,  որ  իսպանացին  իրոք  լավ  ամուսին  է իրենց աղջկա համար:  Նրանք  շատ  գեղեցիկ  ու  սիրով  զույգ  դարձան,  երեխաներ  ունեցան:  Այժմ էլ  երրորդ  երեխային  են  սպասում.  Սաթենիկը  հղի  էր:

-Ինչո՞ւ  ինձ  տեսնելով`  լռեցիր  հայրիկ,- համբուրելով  հոր  այտը,  հարցրեց  աղջիկը:

-Պատմություն  էի  պատմում  եղբորդ,  այդքան  բան: Երեխաներին  էլ ե՞ս բերել,- խոսքը  շեղելով,  հարցրեց  Սուրենը:

-Չէ,  մենակ եմ:  Եկա  մի  փոքր  հանգստանամ  տան  աղմուկից:  Թոռնիկներդ  մեծանալով,  օրեցօր  ահավոր  աղմկոտ  են  դառնում,- նստելով  հոր  կողքին,  ժպիտով  ասաց   աղջիկն  ու  ավելացրեց,- իսկ  ինձ  կարելի՞  է  լսել  ձեր  զրույցը:

-Դա  գաղտնիք  չէ:  Պարզապես  մի  հին  ու  տխուր պատմություն  է  իմ  մանկությունից:  Վաղ  թե  ուշ,  դու  էլ  կիմանաս  այն…

-Հայրի~կ,  դու  ավելի  ես  բորբոքում  հետաքրքրասիրությունս:  Մի՞գուցե  ինձ  էլ  պատմես,  հը՞…

-Հետո,  հետո…Այս  անգամ շատ  չեմ  ուշացնի…- ձեռքը  գցելով  աղջկա  ուսով,  ասաց հայրը:

Եղբայրը  նայեց  քրոջն  ու  հայացքով  հասկացրեց`  համաձայնվիր  հայրիկի  հետ:

-Լավ…Երբ  կկամենաս,  ես  միշտ  կսպասեմ քո  խոսքին:

-Ապրես, փոքրիս:

Սաթենիկը  տան  փոքրն  էր, Վաղարշակից  հետո  բավականին  ուշ  ծնված  ու էլ ավելի  սիրված` որպես մի փոքրիկ աղջիկ:

***

-Մի  քանի  օր  մնացինք  Մուստաֆայի  տանը,- օրեր  անց,  զրույցն  այսպես շարունակեց  Սուրենը,- բայց  մայրս  իր տեղը  չէր գտնում: Նա  մտածում էր  ոչ միայն  մեր,  այլ  նաև  Մուսաֆայի  մասին.  նրա  կյանքին  վտանգ  չսպառնա մեր պատճառով:  Մուստաֆան շատ  սիրալիր  էր  մեզ  հետ:  Դեռ  հայրիկի  կենդանության  օրոք  նա  մեր  հանդեպ  միշտ  ուշադիր  էր:  Նվերներով  ու  քաղցրավենիքներով  էր  մեզ  հյուր  գալիս:  Մի  անգամ  նույնիսկ  իր  մոր`  Խադիջայի  թխած  և   Հալեպից  ուղարկած  գաթան  էր  մեզ`  երեխաներիս   բերել:  Այնքան համեղ,  այնքան  քաղցր  էր  այն…

Չնայած  մորս  անհանգստությանը,  բժիշկը  հանգիստ   էր  վերաբերվում  իր  տանը  մեր  մնալուն:  Բայց  և  հասկանում  էր,  որ  մենք  տնային  կալանքի  տակ  երկար  չենք  կարող  մնալ: Տնից  դուրս  գալը  խիստ  վտանգավոր  էր:

Ահա  և  եկավ այն  օրը,  երբ  մենք  պետք  է  հրաժեշտ  տայինք Մուստաֆային  ու  մեկնեինք  Հալեպ:  Հիշում  եմ,  ոնց  էինք  ես  ու  քույրս  փաթաթվել  նրան  ու լաց  էինք  լինում:  Մենք  այդ  կարճ  ժամանակում  էլ ավելի էինք  կապվել  Մուստաֆայի  հետ,  նա  էլ` մեզ:

Նրան  փաթաթված  հորս   էի  հիշում:  Բժշկի  հոտը`  ծխախոտի,  մաշկի,  հայրիկի  հոտն  էր  հիշեցնում… Աչքերս փակել  ու  լալիս  էի…

Տիգրանակերտի  ճանապարհով  Մուստաֆայի  հավատարիմ  թուրք  չաուշի  ուղեկցությամբ  մենք  հասանք  Հալեպ:

Մուստաֆայի  հորական տունը,  որը  գտնվում  էր  Ազիզիե  թաղամասում,  շատ  գեղեցիկ  ու  կանաչապատ  տուն  էր: Ես  ու  քույրս  այն  նմանեցնում  էինք    Բաղեշի  մեր  տանը:

Մորս  հետ  Մուստաֆան  նամակ  էր  ուղարկել  ծնողներին:  Թե  ի՞նչ  էր  գրել  և  ինչպե՞ս  էր  բացարտել  ամենը,  անհայտ  է:  Բայց  այն,  որ  այդ  գեղեցիկ  օջախում  մեզ  հարազատի  նման  ընդունեցին,  դա  փաստ  էր: Ջերմությամբ  ու  հոգատարությամբ  մեզ  շրջապատեցին  Մուստաֆայի  ծնողները:  Մեզ`  երեխաներիս,   որպես  թոռներ  ընդունեցին,  իսկ  մորս`  որպես  հարս:

Խադիջա  նանեն  մայրիկին  Հադիա  էր  կոչում,  ինձ`  Ալի, դա  բժշկի  հոր  անունն էր,  իսկ  քրոջս` Խադիջա: Դրանով  ասես   մեզ  ընդմիշտ  կապեց  իր  ընտանիքին:  Այսպիսով,  մենք  այդ   տանը  մյուսներին  հավասար   անդամ  դարձանք:

Հիշում  եմ,  այդ  տուն  հաճախ  էր  մի  կին  գալիս:  Նա   Մուստաֆայի  մոր,  քույրերի  ու  եղբայրների  կանանց  համար  նոր  ու  գեղեցիկ  շորեր  էր  կարում:  Խադիջա  նանեն  դերձակին պատվիրեց  մորս  համար  ևս  մի քանի  նոր  շոր  կարել: Կինը  սիրով  համաձայնվեց.

-Ո՞վ  կմերժի  նման  սիրուն  հարսին  շոր  կարելը:  Խանումը  շատ  գեղեցիկ  կազմվածք  ունի.  նրա   վրա  շատ  լավ  կնստեն  կարածներս:

Մեր   կյանքը  սկսեց  հոսել   խաղաղ  հունով:  Թվում  էր  այն  ամենը,  ինչ  տեսանք  ու ապրեցինք  Բաղեշում`  մի  սարսափելի  երազ  էր:  Միայն  հայրիկի  բացակայությունն  էր   գոչում`  մեր  թիկունքում  մնացած  դաժան  իրականության  մասին…

Ես  սկսեցի  հաճախել  արաբական դպրոց:  Ոչ  ոք  չգիտեր,  որ  ես  հայ  եմ:  Քանի  որ  արաբերենը  նոր-նոր  էի  սովորում,  գիտեի  միայն  անգլերեն  ու  թուրքերեն,  իհարկե  նաև  հայերեն,  ուստի  սկզբնական  շրջանում  քիչ  էի  շփվում  ու  բոլորն  էլ  կարծում  էին,  թե`  թուրք  եմ:  Մայրս  սկսեց  ինձ  հետ  արաբերեն սովորել:  Շատ  արագ  մենք  սկսեցինք  հասկանալ  ու  խոսել:  Այն  ինձ  ու  Արաքսի  համար  այդ  տարիներին  մայրենի  լեզու  էր  դարձել:

Հալեպում  լույս  էր  տեսնում  արաբալեզու  «Ֆռաթ»,  այսինքն`  Եփրատ,  շաբաթաթերթը:  Այն  ուներ  հայկական  բաժին:  Մայրս  հաճախ  էր  այն  գնում,  որպեսզի  տեղեկանա  հայերի  կյանքում  կատարվող  իրադարձություններին:  Այդ  թերթը  միակ  ընկերն  էր,  պատուհանը  մորս  համար,  դեպի  հայ  իրականություն: Նա  չէր  կարողանում  կիսել  իր  մտքերը,  ապրումները   որևէ  մեկի  հետ  ու  դա  նրան  ցավ  էր  պատճառում:  Երբեմն  երեկոները,  երբ  պառկեցնում  էր  մեզ  քնելու,  գրկում  էր  ինձ  ու  ինչոր  բաներ  խոսում:  Ես  լավ  չէի  հասկանում  մորս  ասածները,  միայն  այն,  որ  շատ  հայեր  գաղթում  են  Նահանգներ,  որտեղ  ապրում  են  մեր  մեծ  մայրիկն  ու  մեծ  հայրիկը,  որ  Ռուսահայաստան  կա,  որտեղ  շատ  խառը  վիճակ  է:

Դա  հազար  իննհարյուր  տասնինը  թիվն  էր:

Մուստաֆայի  ծնողները  հյուրասեր   մարդիկ  էին,  ուստի  այդ  տանն անպակաս  էին  հյուրերը`  բարեկամներ,  ծանոթներ:   Տունը  միշտ  լիքն  էր  մարդկանցով:  Ու  մեզ`  երեխաներիս,  նկատմամբ  էլ  շատ  ուշադիր  էին  հյուրերը.  նվերներ  ու քաղցրավենիք:

Բայց  ահա,  մի  գեղեցիկ  օր,  բժշկի  հորեղբորորդին  ինչոր  բան   կասկածելով,  սկսեց  ինձ  բազում  հարցեր  տալ:  Հարցն  ուղղակի  չէր  տալիս,  հեռվից  էր  բերում.

-Դու  շատ  լավ  ես  խոսում  անգլերեն:  Որտե՞ղ  ես  սովորել:

-Մայրիկիս  հետ  երբեմն-երբեմն  խոսում  ենք:  Նա  ուզում  է,  որ  մենք  շատ  լեզուներ  իմանանք:

-Այո՞:  Հետաքրքիր  է,  իսկ  էլ  ի՞նչ  լեզու  գիտեք:

-Հայերեն:

-Հայերե՞ն,  իսկ  ո՞ւմ  հետ  եք  հայերեն  խոսում,-  խիստ  զարմացած,  հարցրեց  մարդը:

-Երբ  հայրիկս  մեզ  հետ  էր,  բոլորս  էլ  հայերեն  էինք  խոսում,-  հայացքս  գետնին  հառած, տխուր  ասացի  ես:

-Պատկերացնում  եմ  այդ  մարդու  վիճակը,  հայրիկ,- ասաց  Վաղարշակը:

-Այո,  որդիս:  Նա  ցնցվեց  իմ  խոսքերից:  Ես  չեմ  մոռանա այն  զարմացած  աչքերը,  որ  ուղղվել  էին  ինձ:  Իհարկե,  նա  կասկածել  է  ինչ  որ  մի  բան,  բայց  չի  պատկերացրել,  որ  նման  պատասխան  կստանա:  Հատկապես,  երբ  ասացի,  որ  իմ  անունը  Սուրեն  Բաբայան   է:  Եվ  որ   հորս`  Վաղարշակին,  թուրքերը  տարել  են  և  սպանել:  Նա  այդ  ամենը  լսեց-լսեց  ու  լուռ,  թողեց  հեռացավ…Մնացի  կանգնած:  Տան  գաղտնիքը  երեխայի  անմեղ  բերանից  կարելի  է  իմանալ:  Նա  քեզ  անկեղծորեն  ամեն  ինչ  կպատմի:  Եվ  ահա  մեր  գաղտնիքն  այդ  մարդն  իմացավ:

Իմ  փոքրիկ  ուղեղով  հասկացա,  որ  սխալ  բաներ  եմ  խոսել:  Վախենում  էի  մայրիկին  ասել:  Բայց  չհամբերեցի`  վազեցի  նրա  մոտ  ու  ամեն  ինչ  պատմեցի:

-Տեր  աստված,  ի՞նչ  է  լինելու  հիմա  մեզ  հետ…-մրմնջաց  մայրս: Ինձ  թվում  էր,  նա  ինձ  կպատժի,  բայց  նման  բան  չեղավ.  ոչինչ  չասած,  չմեղադրեց  պատմածներիս  համար,  որովհետև  գիտեր,  որ  վաղ  թե  ուշ,  այդ  մարդիկ  իմանալու  էին  ու  որքան  շուտ,  այնքան  լավ…

Ավելի  ուշ  իմացանք,  որ  Մուստաֆայի  հորեղբորորդին  ամեն  ինչ  պատմել  է   Խադիջա  նանեին:  Բայց  այդ  բարի  ու  ուշադիր  կինը  երբեք  ոչինչ  ցույց  չտվեց:  Դա  շատ  զարմանալի  էր:  Չէ  որ  ինքը  համոզված  էր,  որ  մենք  իր  ընտանիքի  մի  մասին  ենք  ու  հանկարծ`  պարզվում  է`  այդպես  չէ:

Վարագույրն  իջավ,  բայց   չփոխվեց   ծեր  կնոջ  վերաբերմունքը  մեր  հանդեպ:  Նա  շարունակեց  նույն  ջերմությամբ  մեզ  սիրել:  Մենք`  ես  ու  քույրս  էլ   նրան  էինք   շատ  սիրում:  Նա  մեզ  գեղեցիկ  հեքիաթներ  էր  պատմում  քնելուց  առաջ,  հոգ  տանում,  որ  մեր  ցանկությամբ  լինեն  ճաշերը:  Հետագայում  ձեզ  պատմած  բոլոր  հեքիաթները  նանեի  պատմածներն  էին  մեզ: Հիշո՞ւմ  ես,  ի՞նչ  հեքիաթներ  էի  պատմում,-  հարցրեց  Սուրենը  որդուն:

-Իհարկե  հիշում  եմ`  «Ջիգիթն  ու  Գյուլնարան»,  «Հովիվն  ու  սուլթանի փոքրիկ  արքայադուստրը»  ու  էլի  մի  քանիսը, -  ասաց  տղան:

-Այո, -ժպտաց  հայրը:

Ժամանակն  անցնում  էր:  Կյանքը  Հալեպում  հոսում  էր  հանգիստ,  առանց  վայրիվերումների: Դրսում  դեռ  պատերազմ  էր,  իսկ  Մուստաֆան` այդ  պատերազմի  թոհուբոհում:

Մի  օր  առավոտյան  արթնանալով,  ինձ  շատ  թույլ  զգացի: Գլուխս  պտտվում  էր:  Մայրս   ու  Խադիջա  նանեն  խառնվեցին  իրար.  ջերմությունս  միանգամից  բարձրացել  էր  ու  ոչ  մի  կերպ  չէր  իջնում:  Ոչ  խնձորի  քացախով  մերսումը,  ոչ  ճակատիս  դրված  տարբեր  թուրմերով  թրջոցները,  չէին օգնում:

-Ի՞նչ  անենք:  Ո՞ւմ  կանչենք,-  ասում  էր  անհանգստացած նանեն, տեսնելով շփոթմունքից  մի բուռ դարձած մորս:

Ու այդ  օրը  հրաշքի  նման  բան  կատարվեց.  Մուստաֆան  վերջապես  տուն  եկավ: Պատերազմը  վերջացել  էր, նա  կարողացել  էր  ողջ  ու  առողջ  վերադառնալ:

-Քեզ  Աստված  ուղարկեց,  Մուստաֆա,- երկու  ափերն  իրար  հագցրած,  կրծքի  մոտ  պահած,  կամաց,  միայն  նրան  լսելի  ձայնով,  ասաց  անհանգստությունից  ու վախից  կուչ եկած մայրս:

Բժիշկը  ստուգեց   թոքերս,  զարկերակս:

-Պարզապես  մրսածություն  է,  անհանգստանալու  բան  չկա,- նայելով մորս  ու  նանեին,  ասաց  Մուստաֆան:

-Իսկ  ջերմությո՞ւնը,  ախր  ոչ  մի  կերպ  չի  ուզում նահանջել…- դողացող  ձայնով  հարցրեց մայրս:

-Ասացի` անհանգստանալու բան չկա,- հասկանալով  նրա  վախը`  խոսքը կտրեց Մուստաֆան:

Տանն  այնպիսի  ուրախություն  էր տիրում Մուստաֆայի գալով,  որ  չեմ  կարող  ասել:  Նանեն  օրեր  շարունակ,  չհավատալով  աչքերին,  ձեռքերը  քսում  էր  որդու  շորերին,  համբուրում  մեկ  այտերը,  մեկ  ձեռքերն  ու  անընդհատ  շշնջում.

-Որդիս,  որդիս…

Որոշ  ժամանակ  անց,  բժշկի  թեթև  ձեռքով  դրված  թրջոցները,  տված  դեղորայքը, ինձ  հետ  կատակները,  թեթևացրին  վիճակս:

Երկու  օր  անց,  երբ  արդեն  ոտքի  վրա  էի,  Մուստաֆան  որոշեց  ինձ  հետ  դուրս  գալ  տնից,  հաճելին  պարգևել:

-Սուրեն,  ի՞նչ  կուզես  այս  պահին  ունենալ  կամ  ուտել,- հարցրեց  Մուստաֆան`  նայելով  իր  կողքով  քայլող ինձ  նման  փոքրիկ  տղային:

-Ասե՞մ:

-Իհարկե:

-Շոկոլադ:  Մսյե  Անրիի  խանութի  նշով  շոկոլադն  եմ  ուզում: Ես այն շատ եմ  սիրում:  Խադիջա  նանեն  մեզ մի  քանի անգամ  բերել  է,  շատ համեղ է,- աչքերս  փայլեցնելով ասաց  ես:

-Լավ,  ուրեմն  գնում  ենք  մսյե  Անրիի  խանութ  և  գնում`  քո  սիրած, նշով շոկոլադը,- ասաց  Մուստաֆան  ու  ուղղվեցինք    դեպի  ֆրանսիացու  խանութը:

Անրին`  քառասունամյա  ֆրանսիացին,  ժամանակին  եկել  էր Հալեպ  կնոջ  և  տասնամյա  որդու  հետ  և  այստեղ  բացել  իր  փոքրիկ  խանութը: Այնտեղ վաճառում  էր  իրենց  իսկ  բաղադրատոմսով  պատրաստված  շոկոլադներ` նշով,  ընկույզով  և  գետնանուշով: Ես   ու  Արաքսը  սիրում  էին  հատկապես  նշով  շոկոլադները: Նուշը  պատվում  էր  քաղցր  ու  մուգ  շոկոլադի  հաստ  շերտով  ու  վաճառվում  ոսկեգույն,  արծաթագույն  թղթերով  ու   թելերով  փաթեթավորված: Վաճառում  էին   նաև  շաքարապատած,  հյութեղ,  ախորժալի տեսքով  մրգեր:  Դրանց  տեղացիներն անվանում էին ` ֆրանսիական մրգեր:

Այդ  խանութը  երեխաներին  միշտ  երանելի  երազ  էր,  և  այժմ  ես   Մուստաֆայի  հետ  գնում  եմ   դեպի  այդ  երազը:  Հասկանալի  էր  իմ  վարքը,  որքան  մոտենում  էինք  խանութին,  այնքան  ավելի  աշխույժ   էի  դառնում:

-Հորեղբայր Մուստաֆա ,  իսկ  դու  կգնե՞ս  նաև   մայրիկի,  Խադիջա  նանեի  ու  Արաքսիի  համար  շոկոլադ,- հարցրեցի ես:

-Իհարկե,- պատասխանեց նա, միաժամանակ  իմ մանկական հոգով համոզված էի,  նա  մտքի  մեջ  ուրախացավ  իմ  ուշադրության  համար  դեպի քույրս ու մեծերը:

Երբ  մենք  բացեցինք  խանութի  դուռը,  դռան  վրայի  զանգը  ներսում  գտնվողներին  ավետեց   դրսից  ինչ  որ  մեկի  մուտքը:

-Ա~,  դոկտոր:  Բարո~վ  եք  եկել,- տեսնելով  Մուստաֆային,  ուրախացած  բացականչեց  մսյե  Անրին:

-Բարև  Անրի,- իր  գեղեցիկ ֆրանսերենով պատասխանեց  Մուստաֆան: Նրա հորական տանը հաճախ էր երիտասարդների շուրթերին այդ լեզվով խոսք ու զրույց հնչում, ուստի ես կարողանում էի հասկանալ նրանց ասածները:

-Ինչպե՞ս  եք  դոկտոր:

-Վատ չեմ: Հատկապես,  որ  տուն  եմ  եկել:

-Ուրախ եմ  ձեզ ողջ-առողջ  տեսնելու համար:  Իսկ  դուք  երկա՞ր ժամանակով  եք  եկել:

-Այո,  այս  անգամ  ընդմիշտ:

-Ուրախ  եմ  ձեզ  համար: Իսկ  ինչո՞վ  կարող  եմ  ձեզ  օգնել,-  հարցրեց  ֆրանսիացին:

-Մեր  հերոսը  նշով շոկոլադ  է ուզում:  Գիտե՞ք,  Անրի,  նա  իրոք  հերոս  է,  երկու օր  առաջ  ջերմություն  ուներ,  իսկ  այսօր  առողջ   է  և  ձեր  խանութում,-  մատները  խաղացնելով  գանգուրներիս  մեջ,  ասաց  Մուստաֆան:  Անրին  փաթեթավորեց  շոկոլադները,  դրեց   կլոր  տուփի  մեջ,  մեկնեց  ինձ   ու  ասաց.

-Կեցցե~ս:

Ուրախությունից  ճառագող դեմքով  վերցրի  տուփը.

-Շնորհակալ եմ,  մսյե:

-Անուշ  լինի,  փոքրիկ:  Դոկտոր,  ուզում եմ  ձեզ  հարցնել`  ի՞նչ  վիճակ  է այժմ  այնտեղ:  Այնքան  տխուր  ու հակասական  լուրեր  ենք  այնտեղից   ստանում,- ասաց  ֆրանսիացին  ու  գլխով  ցույց  տալով  այն  տեղը,  որի  մասին  նկատի  ուներ  ինքը:

-Ինձ  դրսում  սպասի,  լա՞վ:  Ես  հիմա   կգամ,-  ականջիս  շշնջաց  բժիշկը:

-Լավ:

-Խառն  է վիճակը:  Ալլահի  օգնությամբ  հուսանք  ամեն  ինչ  շուտ կխաղաղվի,- կիսափակ  դռնով  լսեցի  Մուստաֆայի  ձայնը:

-Ասում  են  հայերի վիճակն է  եղել  շատ վատ:  Տնից  տեղից  կտրել  են,  տարել,  լեզուս չի էլ պտտվում…  սպանել,  գցել  ծովը:  Գիտե՞ք  դոկտոր,  երբ  ինքդ  քո  կամքով  ես  հեռանում  քո  տնից,  դա այնքան  էլ  ցավոտ չէ:  Բայց  երբ  բռնի  ուժով  են հանում, սարսափելի է:

-Դա  դեռ  այն  սարսափելին  չէ:  Երբ  անմեղ  մարդկանց   առանց  պատճառի,  առանց  դատի,  առանց  խոսքի  քշեցին  ու  տարան  դեպի  անապատները,  հետո  սպանեցին,  մորթեցին,  այ  դա  է սարսափելին, – ասաց  Մուստաֆան:

-Ես  չգիտեմ ի՞նչ ասել ձեր  խոսքին: Ես  մի  սովորական   մարդ  եմ,  օտարերկրացի  այս  հողում,  բայց  մեկ  է,  սիրտս  մղկտում  էր,  երբ  լսում էի  այդ  չար  լուրերը: Ու  անհասկանալով   լռել  եմ  ու  լռության  մեջ  փորձել  փնտրել  պատասխանը…

-Հասկանում  եմ,- ասաց  բժիշկը:

Մուստաֆայի  գալով,  մեր  կյանքը  փոխվեց:  Նա  պատմեց  ծնողներին   ամեն  ինչ,  ինչ որ  կապված էր մեզ  հետ:

-Նանե,  այս  երեխաներն  իմ  հայ  ընկերոջ`  Վաղարշակի  երեխաներն  են:  Եթե  ես  նրանց  չփրկեի,  նրանք  այն  հազար -հազարավոր  զոհերից  մեկն  էին  լինելու:

-Որդիս,  դու  բարի  գործ  ես  արել  և  մենք`  քո  ծնողները,  հպարտ  ենք  քեզնով: Իմացիր  սակայն  մի  բան,  որ  մորդ  սիրտը   հենց  առաջին  օրից  զգաց,  որ  քո  երեխաները  չեն:  Բայց  երբեք  ցույց  չեմ  տվել:  Միշտ  այնպես  եմ  եղել  նրանց  հանդեպ,  որ  նրանք  դա  չզգան:  Անգամ  հորեղբորորդիդ  էր  տղային  հարցաքննել  ու  իմացել  նրա  իրական  ով  լինելը:  Ինձ  ասաց,  որ  հայ  են  այս  երեխաները:  Բայց  դրանով  ոչինչ  չփոխվեց  իմ  մեջ,  քանի  որ  իմ  տանն են  ապաստանել  այդ  փոքրիկները:  Ես  նրանց  սիրեցի  որպես  իմ  թոռնիկների:  Ու  երանի  նրանք  իրոք  իմը  լինեին,  քո  երեխաները:  Իսկ   մոր  մասին  կարող  եմ  միայն  մի  բան  ասել.  այդ  կինը  հրեշտակ  է:

-Նանե,  իմ  բարի  նանե…-ասում  է  Մուստաֆան  ու  գրկի  մեջ  առնում  փոքրիկ  կնոջը:

Շուտով  Մուստաֆան  արաբական դպրոցից,  որտեղ  հաճախում  էի  ես,  ինձ  տեղափոխեց  ճիզվիտների ֆրանսիական դպրոց: Ի  տարբերություն  արաբական  դպրոցի,  առարկաների  քանակն  այստեղ  ավելի  շատ  էր  և  ուսուցիչներն  էլ  ավելի  պահանջկոտ  էին: Հին  դպրոցում  ինձ  որպես Ալի  գիտեին, նոր  դպրոց  գնալով  Մուստաֆան  փոխել  տվեց  իմ անունը  Սուրեն Բաբայանի։ Սրա հետևանքը  եղավ այն,  որ  հին դպրոցում  կորցրեցի  իմ  իսլամ դասընկերներից  շատերի  ընկերությունը,  բայց   դրան  հակառակ  շահեցի  քրիստոնյա  հայ  և  ոչ  հայ  դասընկերների  բարեկամությունը։  Շուտով,  երբ  Հալեպում  հայկական դպրոց բացվեց,  բժիշկն  ինձ  տեղափոխեց  հայկական  դպրոց։

-Ախ,  որդիս,  այսօր  այսքանը…Շարունակությունը,  թող  մնա  մեկ  այլ  օրվան,- բազկաթոռից  վեր  կենալով  ու  վառվող  սիգարը  ձեռքին  պատուհանին  մոտենալով, ասաց  Սուրենը:

-Իհարկե,  հայրիկ:  Գիտե՞ս,  երբեմն  չեմ  էլ  ուզում  շարունակես  այդչափ  շարունակելին,  ախր   մեկը  մյուսին  այնքան տխուր  պատմություններ  են  հաջորդում:  Ո’չ  մի  ուրախ  կետ,  ո’չ  մի  ուրախ  պահ,  ես  այդպես  էլ  չտեսա…

-Իսկական  ուրախությունը  մինչ  մեր  հայրիկի  մահն  էր:  Իսկ  դրանից  հետո  երկար  ժամանակ  չգիտեինք  ինչ  է  այն:  Չնայած  նրան,  որ  Հալեպում  ապրած  հինգ  տարիներն  անցան  խաղաղ  ու  հանգիստ:

***

-Այսպես  անցավ  ժամանակ,-  օրեր  անց,  պատմությունը  շարունակեց  Սուրենը:- Մեր  մեծ  հայրիկն  ու  մայրիկը,  արդեն գիտերին  մեր  ողջ  լինելը:  Գիտեին,  որ  հայրիկը  չկա,  իսկ  մենք  ապրում  ենք  Հալեպում:  Մայրս  Մուստաֆայի  վերադարձից  հետո   նրանց   սկսեց   նամակներ  գրել:  Ծնողները  կանչում  էին  իրենց  աղջկան:

«Սաթենիկ,  աղջիկս,  ինչո՞ւ  ես  մնում:  Ինչո՞ւ  չես  վերցնում  երեխաներին  ու  գալիս  Ֆրեզնո: Կարծում  ենք  քեզ  ոչինչ  չի  կապում  այդ  օտար  երկրի  հետ,  ոչ  տուն  ունես,  ոչ  աշխատանք:  Վերադարձիր  զավակս,  վերադարձիր…».  այսպիսի  տողեր  էին  գրում  ծնողները:

Մայրիկն  իրոք  մտածում  էր  վերադառնալու  մասին:

-Այս  բարի  մարդկանց  մոտ  հերիք  եղավ,  որքան  մնացինք:  Գնալ  է  պետք,-  ասում  էր  մայրս  մեզ:

-Իսկ  Մուստաֆան  ի՞նչ  էր  ասում,- հարցրեց  Վաղարշակը  հորը:

- Մուստաֆային  մայրս  ասել  էր,  որ  ծնողները  կանչում  են:  Հատկապես  ինձ  էին  ուզում տեսնել,  իրենց  ձագուկին,  ինչպես  գրում  էին  նամակներում:  Եվ  եղավ  այնպես,  որ  մի  բարեկամ  ընտանիք  պետք  է  մեկներ  Նահանգներ: Ես  արդեն  տաս  տարեկան  էի:  Մայրս  ու  Մուստաֆան  իրար  հետ  խորհուրդ  անելով,  ինձ  ու  քրոջս   այդ  մարդկանց  հետ  ուղարկեցին  Ամերիկա: Անչափ դժվար ու տխուր բաժանում էր դա: Բաժանում մայրիկից, թեպետ դա ժամանակավոր էր լինելու, բաժանումն այն միջավայրից, որը մեզ հարազատ էր դարձել, բաժանումն այն մարդկանցից, որոնց այդքան սիրեցինք ու մեզ էլ իրենք սիրեցին ու պահեցին: Մայրիկն ինքն էլ էր ուզում ժամ առաջ տեսնել ծնողներին, բայց նա ստիպված էր ավելի ուշ միանալ մեզ. չնայած ինքը դեռ Միացյալ նահանգների քաղաքացի էր դեռ, սակայն ինչ-ինչ խնդիրներ դեռ լուծված չէին նրա մեկնելու համար: Ստիպված էր ավելի ուշ միանալ մեզ: Բայց,  ինչպես  ասում  են, երբեք  չես իմանա` ի՞նչ  է սպասում քեզ, ի՞նչ  է քո  ափում  գրված:

Մի  օր, անակնկալի  բերելով  մորս  իր  հարցով,  Մուստաֆան  դիմում  է  նրան.

-Ասա  Սաթենիկ,  դու  իրո՞ք  ուզում  ես  մեկնել  Նահանգներ:

-Իհարկե,  չէ՞  որ  ընտանիքս  այնտեղ  է,-  ասում  է  մայրս:

-Իսկ  չէի՞ր  ցանկանա  ամուսնանալ  ինձ  հետ,  ապրել  իմ  տանը,  լինել  իմ  կինն ու  իմ  ընտանիքի  մայրը:

Մայրս  շվարում  է  նրա  անսպասելի խոսքերից:  Երբեք,  այս  ամբողջ  ժամանակ  նման  խոսակցություն  չի  եղել  նրանց  մեջ  ու  հանկարծ…

-Դու`  Մուստաֆա,  իրո՞ք ուզում  ես  ինձ  կնության  վերցնել,-զարմացած  հարցնում  է  մայրս:

-Այո,  շատ,-  պատասխանում  է  Մուստաֆան:-  Իսկ   երեխաներին   կարող  ենք   ետ  բերել  ու  միասին  ապրել:

-Դա  շատ  դժվար  կլինի:  Ծնողներս    երկրորդ    անգամ  նման  հարվածի  չեն  դիմանա:  Նրանք  հիմա  իմ  երեխաներով  են  ապրում:

-Հիմա  ընդունո՞ւմ  ես  առաջարկս,-  նորից  է  հարցնում  Մուստաֆան:

-Ինձ  ժամանակ  տուր,-ասում  է  մայրս:

-Այնքան  բարություն  ու ազնվություն  ենք  մենք  տեսել  քեզնից,  որ  չեմ  կարող պատկերացնել  ինձ  համար  ավելի  լավ  ընկեր,  ամուսին,  քան  դու  կարող  ես  լինել,- օրեր  անց,  ասել է  մայրս Մուստաֆային  ու  տվել  իր  համաձայնությունը։ Որոշ ժամանակ անց արդեն երկուսով եկան մեզ մոտ: Մենք ուրախ էինք  մեր կյանքի մեջ Մուստաֆայի մտնելու համար: Ու միշտ մինչ նրա մահը, նրան ընդունեցինք որպես սիրելի ու հարազատ մարդ: Բայց դա բոլորովին էլ չխանգարեց, որ մենք չմոռանանք մեր սիրելի հայրիկին: Նրա մասին պատմություններ շարունակում էին  պատմել թե մայրս ու Մուստաֆան, թե մեծ հայրիկն ու մայրիկը: Հայրիկի հոգին ու ստվերը ամբողջ կյանքում մեզ հետ է:

Մուստաֆայի  հետ   իր  երկրորդ ամուսնությունից   մայրս  ունեցավ  հինգ զավակ`  երեք  մանչ  ու  երկու աղջիկ։  Ժամանակի  հետ  բոլորն  էլ,  բացի  մեր  կրտսեր  քրոջից, սովորելու, աշխատելու  եւ մեզ ավելի մոտ լինելու նպատակով   կամաց-կամաց  տեղափոխվեցին  Նահանգներ  ու  մնացին:  Երբ  մայրս  ու  Մուստաֆան  կենդանի  էին,  հաճախ  էինք  Հալեպ  մեկնում կամ իրենք էին գալիս, հատկապես մայրիկը, նա առանց մեզ մի ամսից ավելի  չէր կարողանում մնալ:  Հետագայում, ծեր տարիքում, ստիպում էր, որ  հատկապես ես ու Արաքսը հաճախակի գանք իր մոտ. ինքն արդեն ի վիճակի չէր ինքնաթիռ նստել:

-Ահա  զավակս  այն,  ինչ  ցանկացել  եմ  պատմել: Հիմա  ընտանիքիդ  պատմությունը  քո  ձեռքում  է, մնացածը` հյուսիր  ինքդ,- ասաց  Սուրենն իր որդի  Վաղարշակին:

-Հայրիկ,  իմ  սիրելի  հայրիկ,- ասաց  տղան  ու  իր  ամուր  բազուկների  մեջ  առավ  ասես  փոքրացած, մի  բուռ  դարձած  հորը…

***

-Բարև  Լյուսի,  տանն  է  հորաքույրս,-  դռների  մեջ  կանգնած,  հարցրեց  Սաթենիկը:

-Այո,  տանն  է:  Բայց  պառկած  է,  լավ  չի  զգում  իրեն,- պատասխանեց  աղջիկը:

-Պառկա՞ծ  է:  Ապա  ինձ  նրա  սենյակ  ուղեկցիր,- զարմացած,  միաժամանակ  ցավով,  ասաց  կինը:

-Ա~խ,  հորաքույր,  այս  ինչո՞ւ  ես  պառկած:  Ի՞նչդ  է  ցավում:

-Աղջիկս,  ի~նչ  հաճելի  այց,-  ուրախացած  եղբոր  աղջկա  գալստով,  ասաց  Արաքսը:

-Ներիր  ինձ:  Մեղավոր  եմ,  վաղուց  քեզ  այցի  չեմ  եկել:

-Ախ,  աղջիկս,  իմ  հրեշտակ:  Ես  գիտեմ,  որ  շատ  զբաղված  ես:  Տուն,  ամուսին,  երեխաներ:  Նաև  վիճակդ…  Ո~նց  կուզեի  ապագա  փոքրիկիդ  տեսնել,  բայց  հույս  չունեմ,  սիրտս  շատ  է  ցավում:

-Հորաքո~ւյր,  այդպես  մի  խոսիր:  Հիշիր,   դո’ւ  ես  լինելու  նրա  կնքամայրը:

-Քաղցրի~կ  աղջիկս…

-Իսկ  ի՞նչն  է  քեզ  անկողին  գցել:  Ի՞նչն  է  անհանգստացնում:  Բժիշկ  կանչե՞լ  եք,-  մտահոգված  հորաքրոջ  տեսքից,  հարցեր  էր  տալիս  Սաթենիկը:

-Հայրիկդ  ինձ  երեկ  Կարապետ  Քեչյանի  մոտ  տարավ: Որոշ  դեղեր  նշանակեց: Առավոտյան  սկսել  եմ  դրանք  ընդունել:  Հուսով  եմ  վիճակս  մի  փոքր  կթեթևանա:  Դժվար  եմ  սկսել  քայլել,  շուտ  եմ  հոգնում,-  բողոքեց  Արաքսը:

-Նա  իրոք  լավ բժիշկ  է: Դու  պետք  է  վստահես  ու  լսես  նրան,- խորհուրդ  տվեց  Սաթենիկը:

-Լավ:  Հիմա  ասա`  ուրիշ  նորություններ  ունե՞ս  ինձ  համար,- հարցրեց  հորաքույրը:

Սաթենիկն  ուզում  էր  խոսել,  բայց  չէր  կարող  ասել  այն,  ինչի  համար  եկել  էր.  ինքն  արդեն  ամեն  ինչ  գիտե:  Բացի դա, հայրն  ասել  էր,  որ  հորաքույրը  վերջին  ժամանակներս  հաճախ  է  բողոքներ  ունենում,  բայց  ինքը չէր  կարող  պատկերացնել,  որ  այսչափ  թույլ  է:

Իսկ  այստեղ գալու ճանապարհին  մտքում  կռվում  էր  հոր  ու հորաքրոջ  հետ.

-Մեզնից  թաքցնե՞լ  ամեն  ինչ:  Ո՞ր  իրավունքով,-  ինքն  իրեն  խոսում  էր  Սաթենիկը: – Նոր  եմ  հասկանում,  ինչո՞ւ  էին  համալսարանի  հայ  աղջիկներն  ու  տղաները  երբեմն  ինձ  խեթ  նայում:  Քիչ  էի  մասնակցում  իրենց  հավաքներին: Ի  տարբերություն  իրենց,  ես  շատ  քիչ  բան  գիտեի  մեր  արմատների   մասին:  Մեծերն  են  մեղավոր,  նրանք  միշտ  իրար  հետ  հայերեն  էին  խոսում,  կիսվում,  իսկ   ե՞ս,  մե՞նք…Մենք  միշտ  հեռու  էին  այդ  ամենից:

-Գիտեինք,  որ  մերոնք   տխուր   պատմության  վկաներ  են  եղել:  Մարդիկ  են  զոհվել,  մահացել,  բայց  այսչա~փ,  չէի  կարող պատկերացնել,-զարմացած  Վաղարշակի  պատմածներց,  ասել  է   Սաթենիկը:-  Ես  մինչ  այսօր`  անգամ  չգիտեի,  որ  Մուստաֆան  այդքան  մեծ  ու  նվիրական  գործ  է  արել  հայրիկի  ու  հորաքրոջ  համար: Զարմանալի  է,  չէ՞:

-Հայրիկի  ասելով,  հորաքույրը  թույլ  չի  տվել,- ասաց  Վաղարշակը,-  երբ  փոքր  ենք  եղել,  մտածել  է,  կմեծանանք,  նոր  այդ  բոլորը  կիմանանք:  Իսկ  մեծանալով  չցանկացանք   լսել:  Ինքդ  էլ  հասկանում  ես,  կամա,  թե  ակամա  հետաքրքրությունը  մարում  է:

-Նորություններ  դեռ  չունեմ:  Գիտե՞ս  հորաքույր,  այս  փոքրիկը   շատ  ավելի  չարաճճին  է  լինելու,- մտքում  փակելով մի  քանի  րոպե  առաջ  իրեն   տանջող  թեման, ծիծաղելով  ասաց  Սաթենիկը: Պետք  չէ  հիմա  նեղացնել  հորաքրոջը:

-Բայց  մյուսներն  էլ  պակաս  չարաճճիները  չեն,-  ասաց  Արաքսն  ու  ժպտաց: – Երեխան  որքան  չարաճճի  է,  աշխույժ,  այնքան  ավելի  սիրված  է,  ,,համով,, ինչպես  ասում են: Նման  երեխաները  միշտ  հիշելու  բան  են  ունենում  իրենց  մանկությունից, պատանեկությունից:

-Ախ,  իմ  փոքրիկ  Սաթենիկ,  նայում  եմ  քեզ  ու  հիանում,  հպարտանում:  Որքա~ն  լավ  երեխաներ  դաստիարակեցին  Սուրենն  ու  մայրդ.  հոգատար,  ազնիվ,  ընտանիք  սիրող,-քիչ անց ավելացրեց Արաքսը:

-Հորաքո~ւյր,  դա  չափազանց  է  մեզ  համար:  Երես  ես  տալիս անգամ այս տարիքում,- բռնելով  հորաքրոջ  ձեռքը,  ասաց  աղջիկը:

-Դու  նաև  շատ  գեղեցիկ  ես: Գիտե՞ս, ավելի  շատ  մորական կողմիդ  ես  նման` փոքրիկ, գեղեցիկ  քիթ ու  հույներին  հատուկ  կիսադեմ:

-Իսկ  ի՞նչ  է,  հայրական կողմից  ոչինչ  չկա՞,- մի փոքր նեղսրտած, հարցրեց  Սաթենիկը:

-Կա,  իհարկե  կա:  Ճակատդ  ու  աչքերդ  բա  ի՞նչ  են, – փորձելով  հանգստացնել  աղջկան, ասաց  հորաքույրը:

-Թե  չէ, անհանգստացա: Հունական, հա  հունական…

-Նրանք  շատ  լավ  մարդիկ  էին, այդպես  մի  խոսիր:  Մեծ  հայրդ  բախտավոր  մարդ  է  եղել,  որ  հանդիպել  է  մեծ  մայրիկդ: Նրանք  երկուսն  էլ  Նիկոզիայում  են  ծնվել:  Տատդ  հրաշալի  կին  էր,  մայր: Ափսոս շուտ հեռացան այս կյանքից:  Իսկ  գիտե՞ս,  ինչ  հետաքրքիր  պատմություն  ուներ  մեծ  հայրդ:  Ախր  ո՞վ  պետք  է պատմեր…-ասաց ու լռեց:

«Հետաքրքիր  է,  ի՞նչ  է  ուզում  ասել  հորաքույրը:  Նա  երբեք  նման  բաներից  չի  խոսել:  Ինչո՞ւ  հանկարծ  սկսեց…».  մտածեց  Սաթենիկը:

-Մայրդ  պետք  է  պատմեր: Ոչինչ,  թող  ես  պատմեմ:  Կարծում  եմ  նա  ինձ  կների:  Քանի  որ  ինքս  եմ  միշտ  խանգարել,  չեմ  թողել  նման  պատմություններ  մեջտեղ  բերվեն:  Ուզում  էի  նախ  կյանքը  սովորեք,  հասկանաք,  որպեսզի  ավելի  լավ  ընկալեք  այն ամենը,  ինչը  վաղ,  թե  ուշ  պետք  է  իմանայիք:

-Ուշացրել  եք…-ասաց  Սաթենիկը:

-Այո:  Ավելի  վաղ  այս  ամենին  պետք  է  տեղյակ  լինեիք…

-Հայրիկն  ամեն  ինչ  պատմել  է  Վաղարշակին: Իսկ  նա  էլ  ինձ պատմեց,  թեպետ հայրիկից կուզեի լսել, բայց Վաղարշակն ասաց, պետք չէ նորից պատմել տալ, անհանգստացնել նրան:  Եվ ընդամենը  մի  քանի  օր  առաջ  ես  իմացա,  որտեղից  ենք  գալիս  և  ովքեր  ենք  իրականում  մենք:

-Այո՞…Որքան ուրախ եմ: Ծանրությունն  ընկավ  իմ  հոգուց:  Այժմ  ես  կարող  եմ  շատ  հանգիստ  բարեւել  մահվանը:

-Այդպիսի  բաներ  մի  ասա,  ավելի  լավ  է  ուրախ  բաների  մասին  մտածես ու  խոսես,- ժպտալով ասաց  Սաթենիկը:

-Ոչ,  քանի  ուժ  ունեմ  կպատմեմ  այն,  ինչ  քիչ  առաջ  ուզում  էի  պատմել:  Յուրօրինակ,  հետաքրքիր  մի  պատմություն  է  դա:  Ավելի  ճիշտ  երկու  պատմություն:

-Չէ,  մի  պատմիր:  Քեզ  չի  կարելի  լարվել,  հուզվել,-  մտահոգված  ասաց  Սաթենիկը:

-Ախ,  Սաթենիկ,  ի՞նչ  իմանաս,  կկարողանանք  երբևէ  այսպես երկուսով  լինել  ու  խոսել:  Ճանապարհիս  վերջը  երևում  է  արդեն:  Ուրեմն  առանց  նեղվելու  և  նեղացնելու  թույլ  տուր  խոսեմ:

Զավակներ  չունեցա:  Բայց  դու  և  եղբայրդ  իմ  բալիկները  եղաք,  ինձ  համար  շատ  թանկ  էակներ,  աշխարհիս  երեսին  իմ  լույսն  ու  խնդությունը:  Շնորհակալ  եմ  ձեր  մորը`  Սոնային,  որ  երբեք  արգելք  չեղավ  ձեր  հանդեպ  իմ  յուրահատուկ  վերաբերմունքին,  չէ որ դուք  նրա  զավակներն  եք, և  ոչ  թե` իմ:

Բայց  մի  բանում  ես  սխալվեցի:  Պարզապես վախեցա  ձեզ  համար:  Ամեն  գնով  ցանկացա  անհոգ  մեծանաք,  որպեսզի  չտխրի  ու  չնեղվի  ձեր  մանկական  հոգին  այն  պատմություններից,  որոնք  ձեր  հայրն  ուզում  էր  պատմել  ձեզ:

-Ամեն  ինչ  յուր  ժամանակին…-ասում  էի  ես:- Հիմա  ես  ուրախ  եմ,  որ  թեպետ  ուշացած,  բայց  դու  և  եղբայրդ  արդեն  ամեն  ինչ  գիտեք:  Դա  իմ  վերջին  երազն  էր.  Բաբայանների  պատմությունը  բացել  ձեր  առաջ:  Ու իմացեք,  որ  դուք  եք  այդ  պատմության  շարունակողները…

-Հորաքույր,  իմ  սիրելի  հորաքույր:

-Անուշս,  ասացի  այն,  ինչ  ուզում  էի  ասել:  Իսկ  հիմա  թույլ  տուր  շարունակել  քո  մեծ  հայրիկի`  Սոնայի  հոր պատմությունը : Դա  մի  մեծ  շղթայի  մի   փոքրիկ  օղակն  է  ընդամենը` ցավի գույներով թաթախված…

-Ի՞նչ, ցավի գո՞ւյն: Մի՞թե այդպիսի գույն կա, հորաքույր,-զարմացած հարցրեց Սաթենիկը:

-Ինչո՞ւ է քեզ թվում, թե այն ինչ տեսնում ենք բնության մեջ միայն դա գոյություն ունի: Կան բաներ, երեւույթներ, որոնք մարդ արարածը չի տեսնում, բայց լավ զգում է: Իմ ասած գույնը մեր ժողովրդի գույնն էր երկար -երկար ժամանակ: Հասկանում ե՞ս, ցավը, տառապանքը, վիշտը, դրանք բոլորն էլ գույն ունեն` անտեսանելի գույն: Այն  չի երեւում արտաքինից, մարդուս ներսում  է` տանջող ու քրքրող բնույթով…

-Հետաքրքիր է…Երբեք չեմ մտածել, որ նման գույն կարող է գոյություն ունենալ` ցավի գույն: Դա եւս իմացանք: Բայց ես ուզում եմ նաեւ խոստացածդ պատմությունը լսել:

-Զույգ  եղբայրներ  են  լինում մեծ հայրդ եւ նրա եղբայրը,- սկսեց պատմել Արաքսը,-երբ  մահանում  է  նրանց  հայրը,  երեխաները  մնում  են  իրենց  մեծ  մայրիկի  հույսին:  Մայրը  վաղուց  էր մահացել,  ծննդաբերության  ժամանակ:

Այդ  փոքրիկ  ընտանիքն  ապրում  է  շատ  աղքատ:  Ծեր  կինն  օրավարձով այստեղ-այնտեղ  է  աշխատում,  որ  պահի  փոքրիկներին:  Նրան  դրկից  են  լինում հարուստ  թուրք ամուսիններ, որոնք հաճախ են մտնում այդ տուն, օգնում ծեր կնոջը, անչափ սիրում նրա թոռնիկներին:  Ընտանիքն  անզավակ  է  լինում:  Օրերից  մի  օր,  խոսելով,  ինչ որ  տեղ  համոզելով   ծեր  կնոջը,  ամուսինները  տղաներից  մեկին վերցնում են իրենց  մոտ, իսկ  հետո` որդեգրում երեխային:  Այդ  դեպքից  որոշ  ժամանակ անց,  թուրքն ու իր  կինը  հեռանում  են  Կիպրոսից,  իրենց  հետ  տանելով  երեքամյա  տղային:  Երեխային  կորցնելու  վախը  մեծ  է  լինում  նրանց  մեջ.  որքան  հեռու,  այնքան  ապահով`  մտածում  են  այդ  մարդիկ:

Տատը  լաց  ու  կոծով  է  բաժանվում  փոքրիկից:  Բայց  տարիքն ու կարիքը  ստիպում  են  ծեր  կնոջն  ընդառաջ  գնալ  այդ  մարդկանց  ցանկությանը,  պարզապես  լռել:  Սակայն նրանց  հեռանալուց  հետո  տատն  իրեն  չի  ներում…Հիվանդանում  է,  անկողին  ընկնում  ու  մահանում:

-Իսկ  ո՞ւր  են  նրանք  մեկնում,- հորաքրոջ խոսքը  կտրելով,  հարցնում  է  Սաթենիկը:

-Սկզբնական շրջանում  Գերմանիա  են  գնում,  իսկ  կարճ  ժամանակ  անց  այնտեղից` Ֆրանսիա:

Մեծ  հայրիկդ  որբանոցում  է  մեծանում:  Շատ  ուշիմ  ու  խելոք  տղա  է  դառնում:  Չափահաս  դառնալով,  ինքն էլ է մեկնում  Ֆրանսիա: Հետաքրքիր է, չէ՞, անգիտակցաբար հենց այդ երկիրն է գնում: Սկզբում  ապրում  է  Լիոնում,  հետո  Փարիզ  է  տեղափոխվում:  Սկսում  է  աշխատել  մի  հարուստ հայի  ռեստորանում:  Նա  արդեն  քսան  տարեկան  էր:

Ու  հանկարծ  մի  օր,  ռեստորան  է  մտնում  մի  երիտասարդ,  բավականին  լավ  հագնված,  գեղեցիկ  ու  կիրթ  շարժուձևով:  Երբ  մեծ  հայրդ  մոտենում  է  նրան,  որպեսզի  սպասարկի`  միմյանց  նայելով,  երկուսն  էլ  քարանում  են  զարմանքից,  մնում  ապշահար…Իհարկե,  շուտով  ամեն  ինչ  պարզվում է:  Տասնյոթ  տարի  անց,  եղբայրները  գտնում  են   իրար:  Եվ  ի՞նչն  է  հետաքրքիր  ու  եզակի  այս  պատմության  մեջ: Գտնելով  իրար,  նրանք  չեն  մերժում  միմյանց,  շարունակում են մնալ որպես  հարազատ  եղբայրներ,  բայց  մեկը  հայ  քրիստոնյա է մնում,  մյուսը` մուսուլման:  Հավատա աղջիկս, ոչ մի կրոն, իսկական սիրուն, հարգանքին, արյան կանչին չի կարող խանգարել, չէ՞ որ մեր ընտանիքում էլ կրոնների տարբերություն կար,- շարունակեմ խոսքս ու ասեմ,- Փարիզում  երկար  չի  ապրում  մեծ  հայրիկդ,  նա  կտրում  է  օվկանոսն  ու  գալիս  հասնում  է  Ֆրեզնո:  Մեծ  մորդ  էլ  այստեղ  է  տեսնում  ու  սիրահարվում:

-Ինչպիսի~  պատմություններ  այս  կարճ  ժամանակում  իմացանք,  անցյալի  ինչպիսի~  ճակատագրերի  «ականատես»  եղանք…-բացականչեց  Սաթենիկը,-  իսկ  որտե՞ղ  մնաց  կրոնափոխ  երիտասարդը:

-Նա  մնում  է  Ֆրանսիայում, բայց իրենց  կապը երբեք էլ չկտրեցին, հեռավորությունը ոչինչ չփոխեց նրանց մեջ: Պատկերացնո՞ւմ  ես,  մեծ  հայրդ  ու  նա  մի  քանի  օրվա  տարբերությամբ  մահացան…Երբ  իմացանք,  շատ զարմացանք եւ իհարկե` հուզվեցինք:

-Ցավալի  է:  Հորաքույր,  իսկ  ո՞րն  է  երկրորդ  պատմությունդ,-  անհանգիստ  հիվանդ  կնոջ  վիճակից,  միաժամանակ  անհամբեր,  ժամ  առաջ  իմանալու  նրա  խոստացած  պատմությունը,  հարցրեց  Սաթենիկը:

-Մյուս  ասելիքս  ավելի  տխուր  է  և   էլ  ավելի  հեռավոր  օրերի:  Երբ  փոքր  էինք,  այստեղ`  մեր  մեծ  հայրիկի  ու  մայրիկի  տանը,  հաճախ  էին  հավաքվում  մարդիկ  ու  պատմում  շատ  պատմություններ:  Մենք  նստում  էինք  նրանց  մոտ  ու  լսում:  Այդ  բոլոր  հավաքներին,  միշտ  մի  ծեր  կին  էր  ներկա  լինում:  Նա  շատ  տխուր  ու  հետաքրքիր  պատմություններ  էր  անում:  Ուզում  եմ  մի  քանի  փոքրիկ  պատառիկներ  պատմել  նրա  ասածներից, որոնք մեխվեցին իմ մանկական ուղեղում ու մնացին այնտեղ նստած:

-Բաղեշում  շատ  հայտնի  էր  Մովսիսյանների  հարուստ  ընտանիքը: Այդ  ընտանիքում  յոթ  եղբայր  էին,  յոթ  առնական  ու  գեղեցիկ  տղամարդ  և  մի  քույր`  Ասլիկը, որը  հայտնի  էր  շրջապատում  ոչ  միայն  իր   հազվագյուտ  գեղեցկությամբ,  այլ  նաև  մարդկանց  բուժելու`  հեքիմություն  անելու  շնորքով:  Բաղեշի  թուրք  մեծավորին  պատմում  են  աղջկա  գեղեցկության  մասին:  Թուրքն  առանց  տեսնելու,  հրամայում  է  փախցնել  աղջկան:  Փախցնում  են:  Բայց  նույն  օրը  եւեթ,  նրա  յոթ  եղբայրները  կարողանում  են  իրենց  քրոջը  ետ  բերել:  Դա  բացառիկ  երևույթ  էր  այն  ժամանակներում,  թուրքի  տարածը` տարած  էր…Ցավոք, որոշ  ժամանակ  անց,  եղբայրներին  գազանաբար  սպանված  են  գտնում:  Թուրքը  չի  ներում…

Իսկ  ընդհանրապես,  դեռ  մանկուց  գեղեցիկ   աղջիկներին  շատ  շուտ  էին  նկատում,  աչքադրում  թուրքերը:  Քանի-քանի  հայ  աղջիկների  են  փախցրել  ու  իրենց  ցեղը  մեր  արյան  շնորհիվ  ազնվացրել  ու  գեղեցկացրել: Իսկ  ջարդերից  հետո  շատ  երեխաների  որբանոցներից  վերցնում  ու  որդեգրում  էին:  Այդ  մասին  շատ  է  խոսվել  ժամանակին:  Անգամ  տարիներ  անց,   ասում  էին,  որ  դա  պետական  ծրագիր  էր`  փոխելու, լավացնելու  իրենց  ցեղի  միտքը, տեսքն  ու  կերպարը:  Ես  դրան  հավատում  եմ,  քանի  որ  այդչափ  հայ  երեխա  որդեգրելը  միայն  մարդկային  խղճի  ձայնով  չէին  անի: Հիմա  շատ  ու  շատ  հայ  մեծ  մայրիկներ  կան  Թուրքիայում:  Այդ  կանայք,  թեկուզ  կրոնափոխ,  համոզված  եմ,  որ  իրենց  հոգում  հայ  են դեռ:

…Արդեն  ութ -տաս  տարեկանից,  սիրուն  աղջիկների  երեսները  մուր  էին  քսում  ծնողները,  որ  չնկատվեն:  Բայց  հաճախ  դա  էլ  չէր  օգնում:  Թուրքի  սուր  աչքից  ոչինչ  չէր  վրիպում:

Մի   հայ  ընտանիք  թուրք  դրկից   է  ունենում,  որը  ելումուտ  ուներ  այդ  տուն,  որտեղ  մի  շատ  սիրուն  աղջիկ  երեխա  է  լինում:  Երեխայի  երեսին  դեռ  փոքր  հասակից   մուր   են  քսում,  որպեսզի  չնկատվի  իր  գեղեցկությամբ:  Դրկից   թուրքը  սակայն  նկատել  էր   ու  աչքադրել:  Ութ  տարին  լրանալուց  հետո,   աղջկան  ամուսնացնում  են  հեռավոր  մի  գյուղում.  ծնողները  կռահում  են  թուրքի  միտքը:  Բայց  թուրքը  չմոռացավ  աղջկան:  Մի  քանի  տարի  անց,  հարցուփորձ  անելով,  նա  իմանում  է,  որտեղ  է  ապրում  աղջիկը:  Երբ  հանկարծակի  հայտնվում  է  մանկամարդ  կնոջ  սենյակում,   որն  այդ  պահին  կռացած  կուրծք   տալուց  է  լինում  իր  փոքրիկին,  թուրքին  ճանաչելով,  հենց  բարուրի  վրա,  մահանում  է  կինը.  վախից  պայթում  է  սիրտը…

-Հիմա  երբ  նայում  եմ  քեզ,  հիանում  եմ,  հպարտանում  քո  գեղեցկությամբ:  Մինչդեռ  այն  տխուր  ժամանակներում  այն  պատիժ  էր  դառնում թե ծնողների, թե  աղջկա  համար. վախը  միշտ  սրտներում  էր:

-Հերիք  է,  էլ  ոչինչ  մի  պատմի,-նեղսրտեց  Սաթենիկը,- ինչո՞ւ թույլ տվի այսքան երկար պատմես, չէ՞ որ քեզ հուզվել չի կարելի:

-Այսքան  ժամանակ  ոչինչ  չեմ  ասել: Ի՞նչ  է դժվար էր ծեր հորաքրոջդ գոնե  հիմա լսելը:

-Ոչ-ոչ,  ես  նման  բան  չեմ  ասում,-  հուզված  ասաց  Սաթենիկը:

- Հասկացիր,  քեզ  հետ  խոսում  եմ,  պատմում  ու  գլխիս  մեջ  այս  պատմածների  հետ  թափառում  են  մտքեր,  գալիս  են  ձայներ,  ծանոթ  ու  անծանոթ, սիրելի  դեմքեր անցած-գնացած ժամանակներից…

Որքան  առաջացավ  տարիքս,  ես  ավելի  սկսեցի  կառչել  անցյալից, որն  աննյութականից  դառնում  էր  նյութական,  շոշափելի…

***

-Ես  ոչինչ  չեմ  կարող  անել,  ես  ուժ  չունեմ:  Խնդրում  եմ  զանգիր  Նյու-Յորք  եւ  Բոստոն,  տեղյակ  պահիր  հորեղբայրներիդ  ու  հորաքրոջդ  Արաքսիի  անհուսալի  վիճակի  մասին,- ասաց  ցավից  կուչ  եկած  Սուրենն  ու  ձեռքը  դրեց  կողքին  կանգնած  կրտսեր  եղբոր` Գրիգորի  ուսին:

-Նա  չէր  ուզում  մեզ անհանգստացնել:  Երբ  հարցնում  էինք`  ինչպե՞ս  ես,  միշտ  ասում  էր` ես  լավ  եմ,  իսկ  դուք  է’լ ավելի  լավ  եղեք,-հուզված ասաց Գրիգորը:

- Իսկ  ի՞նչ  լուր  կա  Սաթենիկից,- հետո դիմելով  որդուն, հարցրեց  Սուրենը,-առավոտյան  մայրդ  ասաց, որ  գիշերը  լավ  չի  զգացել իրեն:

-Մեկ  ժամ  առաջ  Խուանը  զանգեց.  հիվանդանոց  են  տարել: Մի քանի  րոպե  առաջ  էլ ինքս  զանգեցի, դեռ  նորություն  չկա,- պատասխանեց Վաղարշակը:

-Լավ,  միայն  թե ամեն ինչ  բարեհաջող  ավարտվի,- հուզված ասաց  Սուրենն ու  մտավ  հիվանդասենյակ: Որդին  լուռ  հետևեց  հորը: Մահճակալում  պառկած  էր  էլ  ավելի  ծերացած  ու  սմքած  Արաքսը: Շուրջբոլորը  կաթիլային  սիստեմի  լարեր,  սրտի  աշխատանքը  ցույց  տվող  փոքրիկ  էկրան  և  բժշկական  այլ  սարքեր:

Լսվում  էր  Արաքսի  թույլ  ու  խիստ   անկանոն  շնչառությունը…

-Լսեցի՞ր,  թե  ինչ  ասաց   բժիշկը` վիճակը  շատ  լուրջ  է, սիրտը  երկար  չի  դիմանա,-  ասաց  Սուրենը:- Ինչո՞ւ  միայն  վերջերս  նա  սկսեց  իր  բողոքների  մասին  խոսել:  Ինչո՞ւ  մինչ  այդ  ոչինչ  չէր  ասում,  այլ  լռելայն  էր  իր  ցավը  տանում:  Ինչո՞ւ: Ո՞ ւմ  էր  փորձում  խնայել,  իրե՞ն,  թե  մե՞զ…

Պատասխան  չկար:  Օդում  կախվել  էր  տխուր  ու  թախծոտ  մի  լռություն…

Լուսաբացին  Արաքսի  վիճակն էլ ավելի վատացավ:

-Մենք  այլևս  ոչինչ  չենք  կարող անել: Վերջ: -Հիվանդասենյակից  դուրս  գալով, Սուրենի  թեւը  կարեկցանքով  բռնելով,  ասաց  բժիշկ  Քեչյանը:

-Ա~խ,  քո~ւյրս, իմ տաք ու հարազատ հոգին…Հեռացավ, հեռացավ ընդմիշտ:-  կարողացավ  ասել  Սուրենն  ու  փլվեց  միջանցքի  բազկաթոռին :

-Միշտ ասում էր` մարդուս   ճակատագիրը  փակ,  զմռսված  ծրար  է,  ծնված  պահից  դրված  նրա  բարձի  տակ: Բացվում  է  միայն  մահվան  մահճում,  երբ  ամեն  ինչ  արդեն  գիտես,- հիշեց  Գրիգորը  քրոջ խոսքերն ու աչքերը թացացան:-Հիմա արդեն գիտե…

-Սաթենիկին աղջիկ  ծնվեց,  հայրիկ,- հորը  մոտենալով, հեռվից  ասաց  Վաղարշակը,- հենց  նոր  զանգեց  Խուանը:

-Աղջի՞կ:  Փոքրիկ  Արա՞քս: Ուրեմն  տա  Աստված, որ  նրա  բարձի  տակ  դրված  ծրարը  լինի  երջանկությամբ  ու  ծաղիկներով  լի…


[1] Ո՞նց ես:

Rating 2.25 out of 5
[?]
Տպել Տպել Ուղարկել ընկերոջը Ուղարկել ընկերոջը

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (24 հոգի գնահատել են միջինը - 3.38)
Loading ... Loading ...

3 Comments

  1. Artak
    Ուղարկված է October 17, 2010 22:08 | Permalink

    De lavn es eli Nar jan!!!;)

  2. Թագւհի
    Ուղարկված է October 19, 2010 21:11 | Permalink

    Հայրենասիրական ոգով գրված գեղեցիք պատմվածք էր, շատ հավանեցի: Միշտ պետք է հիշել անցյալը ու որտեղ էլ որ լինենք, հավատարիմ մնանք մեր արմատներին: Շնորհակալություն Ձեզ ու հաջողություն…

  3. Ուղարկված է December 19, 2010 02:31 | Permalink

    Հուզիչ ու խորն էր` 1915-ի ողբերգությունների կտրտված պատառիկներ մի ընտանիքի ողբերգության շղթայում: Անթիվ են նման ընտանիքները, գրվել ու գրվում են հայոց ցեղասպանության վերաբերյալ գործեր: Այստեղ արհավիրհքն անգամ ավելի մեղմ էր ներկայացված, քան կար իրականում…
    Ցավի խորն ըմբռմամբ ու հայեցիությամբ էր ներթափանցված այս պատմությունը, կեցցես:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը երբեք չի հրապարակվելու
Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*
Վիրտուալ ստեղնաշար